Արման ՆՇԱՆՅԱՆ. օպերային երգիչ, դերասան


 

«Հայը չմանրացած, չմանրացող տեսակ է...»

 

Տաղանդավոր երիտասարդը հայ հանդիսատեսի համար ավելի ճանաչված ու սիրված դարձավ հատկապես «Եղբայրներ» հոգեբանական թրիլլերում մարմնավորած կերպարով: Բարդ կերպար, պրոֆեսիոնալ խաղ... Այս ամենը սակայն միանգամայն օրինաչափ է դառնում, երբ հաշվի ենք նստում ընդամենը մեկ փաստի հետ: Այլ կերպ լինել չէր կարող: Արմանը ծնվել ու մեծացել է արվեստագետների ընտանիքում: Նշանավոր օպերային երգչուհի Աննա Նշանյանի թոռն է, դերասաններ Ժան Նշանյանի և Շաքե Թուխմանյանի որդին: Դեռ 2 տարեկան էր, երբ ընտանիքը տեղափոխվեց ԱՄՆ: Այստեղ ծնողների ջանքերով ստեղծվեց Վարդան Աճեմյանի անվան թատերախումբը, որն արդեն շուրջ 30 տարի հաջողությամբ գործում է: 17 տարեկան պատանին թեև չցանկանալով, բայց ծնողների խորհրդով բռնեց թատերարվեստի ուղին` ընդունվելով լավագույն թատերական ինստիտուտներից մեկը` HowΖrd Fine Acting Institute-ը: Սակայն ճանապարհն ավելի հեռուն պիտի տաներ նրան: Բեմարվեստի կատարելագործման հետագա դարբնոցները դարձան StellΖ Adler Acting AcΖdeΗy-ն, ապա նաև Eric Morris Acting Institute-ը: Արտիստը նաև Լի Ստրասբերգի հիմնած, այսօր արդեն Ալ Պաչինոյի ղեկավարած դերասանական ստուդիայի անդամ է, որին անդամակցում են աշխարհի խոշորագույն դերասանները:

Հոլիվուդում բեմադրված «Մայթի ճաքերը» ներկայացում-մյուզիքլը ճակատագրական դարձավ, որից հետո երիտասարդ դերասանը մեկընդմիշտ կապվեց նաև օպերային արվեստին: 8 տարի Վիեննայի կոնսերվատորիայում ուսանելուց հետո նա հաստատվեց Հայաստանում` ավարտելով նաև Կոմիտասի անվան կոնսերվատորիան:

Ամերիկյան բեմերում մարմնավորած նրա կերպարները հարուստ ու բազմազան են: Նախքան «Եղբայրները», Հոլիվուդում նկարահանվել է «Պալկոն և Հելշը» գեղարվեստական, 4-5 կարճամետրաժ ֆիլմերում, մարմնավորել բազմաթիվ կերպարներ: Նկարահանվել է նաև Սուրեն Բաբայանի «Փուշ» ֆիլմում, որը հանդիսատեսի դատին կներկայացվի մի քանի ամիս անց:

Չնայած տարիքին` բավական ազդեցիկ ուղի անցած երիտասարդն արդեն իսկ լուրջ բարձունքներ է նվաճել թե´ երգարվեստում, թե´ թատերարվեստում:

- Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար:

- Կյանքում շատ են դժվարությունները: Իսկ ամենադժվարն ինձ համար օպերային արվեստի հաղթահարման ճանապարհն էր: Դժվար է ընդունելը, որ այն, ինչ կատարվում է կյանքում, իմ ձեռքերում չէ, ինձնից կախված չէ: Պարզապես պետք է ամուր կամք ունենալ` բարությամբ և սիրով ընդունելու այն, ինչ պետք է լինի, ինչն անխուսափելի է:

Եթե ոչ հայ, ապա ո՞ր ազգի ներկայացուցիչ կնախընտրեիք լինել: Հայի տեսակը` ըստ Ձեզ:

- Հայից բացի այլ ազգի ներկայացուցիչ չէի ցանկանա լինել: Դա նույնն է, որ հարցնեիք` եթե քո ընտանիքում ծնված չլինեիր, ո՞ր ծանոթ ընտանիքում կնախընտրեիր ծնված լինել:

Հայն անգամ իր թերություններով, սխալներով հանդերձ` ինձ համար աշխարհի ամենակատարյալ ազգն է: Իսկապես բարդ ճակատագիր է բաժին հասել մեր ժողովրդին` ցեղասպանություն, պատերազմ... Խոսքս ֆիզիկական բնաջնջման ու նաև Խորհրդային Միության իրականացրած հոգեկան, կրոնական ցեղասպանության մասին է, որ անկախ մեր ցանկության` լուռ տարել ենք: Այս ամենից զատ, նաև` դարավերջի պատերազմը: Բոլոր այս դժվարությունների միջով անցնելով` հայը մնացել է հոգեպես խորը և գեղեցիկ ազգ: Միշտ ասել եմ` այստեղ կարող ես հանգիստ փողոցում մոտենալ որևէ մեկի և ասել, որ վատառողջ ես և իր օգնության կարիքն ես զգում: Իսկ ԱՄՆ-ում, եթե անգամ փողոցում ընկնես, ոչ ոք չի մոտենա: Արտասահմանում չես կարող որևէ մեկի դուռը ծեծել: Ես ապրել եմ տարբեր երկրներում, և կարող եմ ազատ խղճով այս համեմատությունն անել:

Կուզենայի` մեր ազգի սոցիալական վիճակը բարելավվեր, մնացածը Աստված տվել է: Հայը չմանրացած, չմանրացող, կյանքի իլյուզիան չընդունած, հոգեպես բարձր տեսակ է:

- Ձեր կյանքի որևէ գաղտնիք կամ անցյալում այն չասածը, ինչն այժմ կբարձրաձայնեիք:

- Ես շատ վախեր ունեմ հոգուս մեջ, որոնք կցանկանայի հաղթահարել: Մշտապես ձգտել եմ ու ձգտում եմ ավելի լավը լինել: Ես վախ ունեմ, որ դեռ չեմ հասել այն ցանկալիին, ինչին ձգտում եմ: Լինել այնպիսին, ինչպիսին պատկերացնում եմ: Կհասնե՞մ արդյոք...

- Ի՞նչն է Ձեզ համար դեռևս առեղծվածային:

- Ամենամեծ առեղծվածն ինձ համար ես եմ: Ես հավատում եմ` ինչ կա կյանքում, իմ մեջ է: Եթե ես ուզում եմ ինչ-որ բան փոխել ձեր մեջ, նախևառաջ պետք է փոխեմ իմ մեջ: Սխալն իմ մեջ է, ոչ թե ուրիշների: Եթե այսօր իմ ազգն այնքան էլ բարվոք վիճակում չէ, ապա դա ինչ-որ տեղ նաև իմ սխալի արդյունքն է: Պետք է ընդունենք, որ ամեն ինչ այնպիսին է, ինչպիսին պիտի լիներ, ոչ թե փորձենք փոխել, որովհետև տիեզերքի ճարտարապետից ավելին ոչ ոք չգիտի: Պետք է բարենպաստ եղանակ ստեղծենք, որ ծովը միշտ հանդարտ լինի: Ի վերջո, Աստված ինքը ներդաշնակություն է, տիեզերքը` հավասարակշռություն: Այն, ինչ կատարվում է` իմ մեջ է: Ինձ համար ամենամեծ գաղտնիքը ես եմ: Պետք է գտնեմ իմ բանալին: Իսկ երբ գտնեմ` այդ բանալին կբացի նաև մյուս կողպեքները:

- Որևէ զավեշտալի դեպք Ձեր կյանքից կամ սիրելի անեկդոտը:

- Քանի որ ինձ համար շատ դժվար է այս պահին այդպիսի դեպք հիշել, կպատմեմ մանկությանս մի գեղեցիկ ու ջերմ վերհուշ, որ միգուցե և զավեշտալի է: Առաջին դասարանում սիրահարվել էի, շատ ուժգին` մանկական անմեղ ու մաքուր սիրով: Մինչև հիմա հիշում եմ նրան: Անունը Քրիստինե է: Հիշում եմ անգամ դեմքի խալը, մազերը, հագուստը: Ես հայկական դպրոց էի հաճախում և, պետք է ասեմ, որ միշտ ուշանում էի: Հիմա էլ եմ ուշանում: Ամեն առավոտ հագնվելու պահից մինչև դպրոց հասնելս` ամբողջ ճանապարհին պատկերացնում էի, թե ինչպես այն պահին, երբ աշակերտները դպրոցի բակում հայկական հիմնն են երգում, դիմակներով ավազակներ են հարձակվում, գրավում դպրոցը և բոլորին պատանդ վերցնում: Եվ ահա Արմանը հասնում է դպրոց` ինչպես միշտ ուշացած, գերությունից փրկում սիրած աղջկան ու միասին ապրում ենք փոքրիկ տնակում:

-Մանկության այն հուշը, որն ուղեկցում է Ձեզ:

- Իմ մանկության հուշը... աղոթք է: Տերունական աղոթքը տատիկս էր սովորեցրել, բայց չեմ հիշում` երբ: Իմ գիտակցական կյանքում ինչքան հիշում եմ ինձ, ամեն գիշեր աղոթում եմ: Եվ ամեն անգամ աղոթքը վերադարձնում է ինձ մանկությունս:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ