ՀՅՈՒՐԱՍՐԱՀ


 

Օրերս Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում նշվեց դերասան, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Գրիգոր ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ ծննդյան 60-ամյակը: Դերասանը պարգևատրվեց ՀԹԳՄ Ոսկե մեդալով:

«ԻՄ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԴԺՎԱՐ Է ԵՂԵԼ»

- Սիրելի Գրիգոր, թույլ տուր շնորհավորել քեզ 60-ամյակի առթիվ և մաղթել ամենալավն ու բարին` քո հանդիսատեսների և մեր թերթի ընթերցողների անունից:

- Շնորհակալ եմ: Բարեմաղթանքները գոտեպնդում են, լավատեսություն ներշնչում և կարծես պարտադրում շատ ապրել ու ստեղծագործել:

- Հանդիսության ողջ ընթացքում մի տխուր, բայց քնարական հարցում անընդհատ ինձ հետ էր. «Այդ ե՞րբ մեծացար ու դարձար վաթսուն տարեկան... Այդ ե՞րբ մեծացանք»...

- Տարիքը մեզ չի հարցնում` պատրա՞ստ ենք իրեն դիմավորել, թե՞ ոչ: Գալիս է ճիշտ ժամանակին ու հաստատում իր ներկայությունը: Պետք է սթափ լինես, որ պահպանես երիտասարդ լինելու զգացումը: Ես դժվարագույն ճանապարհ եմ անցել, միշտ չէ, որ գոհ եմ եղել ապրածովս, օրերի ընթացքով, իմ դերասանական ճակատագրից: Բայց միշտ հավատացել եմ իմ ուժերին, իմ կարողություններին ու ոչ ակնհայտ կռիվ տալով տարիքի հետ:

- Գուցե ճիշտ ես, որ դժվարագույն ստեղծագործական ճանապարհ ես անցել, սակայն այն երջանիկներից ես, որ արդեն 18-19 տարեկան` հայտնի դարձար ողջ հանրապետությունում, ճանաչվեցիր որպես խոստումնալից դերասան:

- Հա, այդպես էր: 1969 թ. հայկական հեռուստաթատրոնում խաղացի Պյոտր` «Երբ սոխակներն են երգում» ներկայացման մեջ: Բեմադրիչ Ռեմ Սարգսյանն ինձ առաջարկեց այդ դերը` գուցե իմ մեջ տեսնելով այն պատանուն, ով պատերազմի դաժան իրականության մեջ հաստատում էր իր սիրո իրավունքը: Խաղընկերուհիս Էվելինա Շահիրյանն էր, ում սիրահարվում էր իմ հերոսը: Նրա անսահման հմայքը, արդեն ձևավորվող վարպետությունն ինձ ուժ էին տալիս, ոգևորում: Այդ դերակատարումից հետո գնացի ծառայության: Ամբողջ վեց տարի պահանջվեց ինձանից, որ այդ դերից հետո նաև ընդունվեմ ու ավարտեմ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը:

- Քեզ այսօր արդեն կարելի է դրամատիկականի ավագ սերնդի ներկայացուցիչ համարել, որովհետև դու այս թատրոնում ես 1975 թվականից: Ասենք` մի ամբողջ կյանք:

- Ճիշտ է, ես հենց 1975-ին եկա Դրամատիկական թատրոն, երբ դեռ ուսանող էի: Հրաչյա Ղափլանյանը տեսավ ինձ, հավատաց ու հավանեց: Այն ժամանակ հեշտ չէր այս թատրոն ընդունվելը, այստեղ դերեր ստանալը: Թատերախումբը մեծ էր, շատ էին արդեն անվանի դերասան-դերասանուհիները, քիչ չէին այն երիտասարդները, ովքեր ձգտում էին այս թատրոն: Դրամատիկականը նոր ձևերի որոնումների մեջ էր, այն իսկապես երիտասարդական թատրոն էր, որի համար յուրատեսակ կիրք էր ստեղծագործական փորձարարությունը:

- Քո առաջին մեծ դերը Արմեն Խանդիկյանի` ժամանակին աղմուկ հանած «Համլետ» բեմադրության մեջ էր: Այդ բեմադրությանը Հայաստանում «ապտակներ» բաժին հասան, իսկ ահա մոսկովյան թատերական միտքը շատ բարձր գնահատեց:

- Իհարկե, երջանկություն էր Շեքսպիրի ամենանշանավոր ստեղծագործության մեջ Հորացիո խաղալը: Գիտեի, որ թատրոնում քիչ չէին նրանք, ովքեր երազում էին այդ դերը կատարել: Ես Վլադիմիր Մսրյանի կողքին էի, ով արդեն նշանավոր էր դառնում, ում համարում էին դերասանական արվեստում նոր միտումներ հաստատող: Ես նաև սովորում էի, որովհետև ամեն մի աշխատանք նաև դպրոց է: Հորացիոն ինձ համար դեպի այլ դերեր տանող ճանապարհ, անցաթուղթ դարձավ: Այո´, այդ բեմադրությունը մեզ մոտ շատ քարկոծվեց, մարդիկ կաղապարներ էին փնտրում, հոգնած դասականություն: Մեր սերունդը մեծացավ արևմտյան արժեքների հետ շփվելով և չէր կարող ընթանալ ավանդականության ճանապարհով: Անպայմանորեն պիտի խիզախեինք, պիտի փորձեինք նաև թատրոնում հաստատել ժամանակի ներկայությունը:

- Հետաքրքիր բան ասացիր` հաստատել ժամանակի ներկայությունը: Մենք երբեմն հենց այդ մասին ենք մոռանում: Եվ` ոչ միայն թատրոնում:

- Մարդն ու ժամանակը միշտ պետք է իրար հետ լինեն, իրար հետ բանավիճելով ու հաշտվելով: Իմ համոզմամբ` չպետք է ապրել ժամանակից դուրս կամ նրանից հետ մնալով: Երևի այսօր մեզ հենց այդ պատկերացումն է պակասում: Ես Հորացիոյից հետո մոտ երկու տասնյակ դեր խաղացի, դրանց մեջ կային ժամանակակից երիտասարդներ: Ես աշխատում էի կարևորել նրանց ու ժամանակի կապը: Այսինքն, ամեն ինչի մեջ տեսնել իմ ապրած ժամանակի ներկայությունը: Դա շատ կարևոր է հատկապես արվեստում:

- Ասացիր, որ դժվարագույն ստեղծագործական կյանքով ես ապրել...

- Իհարկե, ապրել եմ: Մի շրջան հեռացա թատրոնից... Պատճառների մասին չեմ ուզում խոսել: Փոխեցի թատրոնը, հայտնվեցի Սունդուկյանի անվան թատրոնում, մասնակցեցի անտրեպրիզային ներկայացումների: Ե´վ ինքս ինձ էի փնտրում, և´ փորձում էի նաև գտնել ինձ հուզող հարցականների պատասխանները: Իմ որոնումները նաև իրենց ազդեցությունները թողեցին անձնական կյանքիս վրա: Այս որոնումների ընթացքում շատ կորուստներ ունեցա, շատ դերեր պիտի խաղայի, որոնք այլևս չեմ խաղա... Բայց հիմա աստիճանաբար վերագտնում եմ ինձ, կարողանում եմ լրացնել բաց թողածը:

- Ավանդական հարց չտամ, թե ինչ երազած դերեր ունես: Բայց անպայման ուզում եմ հարցնել, թե այսօր մարդկային ի՞նչ տեսակին կուզենայիր բեմ կամ էկրան բերել:

- Արվեստի գերագույն խնդիրը բարության հաստատումն է: Այսօր այդ բարությունը նաև մեր կյանքում է պակասում: Ուզում եմ խաղալ բարի, բայց նաև ուժեղ մարդու կերպար. մեր օրերում ապրող մարդու, ով փորձում է հասկանալ ժամանակը, օգտակար լինել ուրիշներին և ինքն իրեն:

- «Քաղցր կյանք» սերիալում այդպիսին էր քո հերոսը:

- Մոտ էր իմ պատկերացումներին, այդ պատճառով էլ սիրով համաձայնեցի նկարահանվել: Որքան էլ շատերի մոտ ժխտողական վերաբերմունք լինի սերիալների հանդեպ, այնուհանդերձ սերիալները բերում ու հաստատում են մարդկային տեսակներ, բնավորություններ, կարողանում են լինել ժամանակի մեջ: