Մեկնարկեցին նաև

ԱՊՊԱ-խարդախությունները


 

Մեր թերթի նախորդ համարներից մեկում անդրադառնալով նորօրյա խարդախությունների տարատեսակներին, մասնավորապես, այն դեպքին, երբ կեղծարարներն արդեն «գրավել» են արբանյակային խարդախության տիրույթները, նշել էինք, որ ժամանակը խաղի իր կանոններն է թելադրում նաև հանցագործներին, մասնավորապես, խարդախներին, և գիտատեխնիկական առաջընթացին համաքայլ` կատարելագործվում են նաև կեղծարարության այսպես կոչված արտահայտչամիջոցները:

Ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերում օրերս հանդիպեցինք խարդախության մի քանի դեպքերի, որոնք, առանց չափազանցության, «նոր խոսք» են մեր իրականության մեջ համեմատաբար վերջերս ծնունդ առած մի բնագավառում, ինչպիսին է Ավտոմեքենայի օգտագործման պատասխանատվությունից բխող պարտադիր ապահովագրությունը, կամ` ավելի հասկանալի լեզվով ասած` ԱՊՊԱ-ն:

Եվ որքան էլ ոլորտի պատասխանատուները մինչև վերջերս հավաստիացնում էին, թե զեղծարարությունների դեպքեր ԱՊՊԱ-ի գծով բացառվում են կամ դեռևս չեն արձանագրվել, նրանց ուշադրությանն ենք ներկայացնում հետևյալ փաստերը.

Վերջերս ոստիկանության Նաիրիի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «ՎԱԶ-21121» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Արթուր Առաքելյանը կեղծ վթարային իրավիճակ է ստեղծել «ԿամԱԶ»-ի վարորդ Կարեն Կարապետյանի հետ, որի արդյունքում Առաքելյանը խաբեությամբ «Ռեսո» ապահովագրական գործակալությունից ստացել է 200.000 դրամի նյութական վնասի փոխհատուցում: Հետագայում պարզվել է, որ «ՎԱԶ-21121»-ը իրականում բախվել է «Միցուբիշի» մակնիշի մի ավտոմեքենայի և վարորդները, առանց ԱՊՊԱ-ի դիմելու, միմյանց հետ համաձայնության են եկել մեքենան վերանորոգելու հարցում:

ԱՊՊԱ-խարդախության հաջորդ դեպքն արձանագրվել է ոստիկանության Կենտրոնականի բաժնում: Մարտի 21-ին «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունից նյութեր են ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան գյուղի ճանապարհին Ավետիք Տոնոյանը «Ֆորդ ֆոկուս» մակնիշի ավտոմեքենայով բախվել է Վահան Սարգսյանի վարած ՎԱԶ-21101 մակնիշի ավտոմեքենային: «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունն ուսումնասիրել է պատահարի հանգամանքները և հանգել այն եզրակացության, որ նշված ավտոմեքենաները միմյանց չեն բախվել, այլ ավտովթարի մասնակիցների կողմից ներկայացվել են սուտ և կեղծ տեղեկություններ` նպատակ ունենելով խարդախությամբ «Նաիրի Ինշուրանս»-ից ապահովագրական հատուցում ստանալ:

Ոստիկանությունը ապահովագրական ընկերություններին տեղեկացնելով ԱՊՊԱ-խարդախությունները «մեկնարկելու» մասին` նրանց հորդորում է զգուշանալ վայ-վարորդների հորինած կեղծ վթարային իրավիճակներից և ապահովագրական գումարները քամուն տալուց: