ԱՆՈՒՐԱԽ ՏԱՐԵԼԻՑ

ՃԱԿԱՏԱԳՐԻ ԸՆՏՐՅԱԼԸ


 

Մարտի 25-ին լրանում է Անդրանիկ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ մահվան հինգերորդ տարին: Նորանկախ Հայաստանի ամենաերկարակյաց վարչապետի, ով պաշտոնավարեց մոտ յոթ տարի, ղեկավարեց Հայաստանի կառավարությունը` ամենաբարդագույն պայմաններում լուծելով կարևորագույն խնդիրներ: Ով կարողացավ հաշտության ու քաղաքական համերաշխության ոգին բերել կառավարման համակարգ` յուրովի հարթելով բոլոր խութերն ու վնասազերծելով պայթյունավտանգ իրավիճակները: Այսօր էլ` մահից 5 տարի անց, նրա մասին խոսում են հույզերով, զգացմունքներով, նրան գնահատում են որպես մեծանուն մարդու: Տոհմիկ տարոնցի, էրգրի կարոտը հոգում ու աչքերի մեջ պահած այս Մարդն հայրենի եզերքից եկել էր Երևան, ընդունվել Պոլիտեխնիկական ինստիտուտի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետ, զարմացրել իր մաթեմատիկական գիտելիքների համապարփակությամբ, ուշագրավ վերլուծականությամբ:

Նրա ուսանողական ընկերներից շատերը պատմում են, որ Անդրանիկ Մարգարյանի համար դժվարին խնդիրներ գոյություն չունեին. նա կարողանում էր զարմանալի ճշգրտությամբ ընկալել ցանկացած մաթեմատիկական խնդիր ու վարժություն, գտնել նրա «բանալին»` երբեմն լուծումների մեջ հասնելով ինքնատիպ հայտածումների: Շատերին թվում էր, թե գիտական ատենախոսություն է գրելու, գիտության մեջ է խորանալու, սակայն գիտությանը զուգահեռ` նա ապրում էր ազգային գաղափարներով: Նրան մտահոգում էին Արևմտյան Հայաստանն ու Հայ ինքնությունը: Ուրեմն պատահական չէր, որ տակավին 1965-ից ընդգրկվել է հայկական քաղաքական կյանքի մեջ:

Քաղաքական նոր արթնացման խթանը Եղեռնի 50-ամյակը եղավ, որը շատերին մղեց դեպի ազգային ազատագրության գաղափարները, անգամ համոզեց, որ նույնիսկ խորհրդային բռնապետության պայմաններում կարելի է հասնել ազգային ինքնորոշման, բարձրացնել Հայկական հողերի խնդիրները, պայքարել միջազգային մի շարք պայմանագրերի վերանայման համար: Խորապես ուսումնասիրած լինելով Գարեգին Նժդեհի գաղափարաբանությունը, Անդրանիկ Մարգարյանն էլ համոզված էր, որ կարելի է հասնել պատմական ճշմարտության վերականգնումի, Հայաստանի զատված հատվածների վերամիավորումի: Սա քաղաքական այլախոհության դրսևորումն էր, որը նրան էլ առավ իր ափերի մեջ ու տարավ ակտիվ պայքարի: 1968-ին Հայաստանում հիմնադրվեց Ազգային միացյալ կուսակցությունը, որի անդամներից դարձավ նաև Անդրանիկ Մարգարյանը:

1973-ից նա այդ կուսակցության խորհրդի անդամ էր, նրա ամենագործուն անդամներից մեկը: 1974-ին նրան ձերբակալեցին և ենթարկեցին երկամյա ազատազրկման: Ահա այն խոչընդոտներից մեկը, որը տևական ժամանակ հառնեց նրա ճանապարհին, թույլ չտվեց զբաղվել գիտությամբ, հաշվիչ մեքենաներով: Ո՞վ կթողներ այլախոհին մուտք գործելու կարևորագույն նշանակության գիտահետազոտական ինստիտուտներ, որոնցում շատ հաճախ ՊԱԿ-ի գործակալներն էին դառնում տնօրեններ և կարգադրիչներ: Այնուհանդերձ գտնվեցին մարդիկ, ովքեր վստահեցին նրան, թույլ տվեցին եթե ոչ գիտությամբ, ապա տեխնիկական կառավարմամբ զբաղվել: Եվ նա 1977-78 թվականներին աշխատեց որպես Հայաստանի էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր ճարտարագետ: Մեկ տարի անց էլ դարձավ Էլեկտրատեխնիկական գործարանի էլեկտրոնային հաշվիչ մեքենաների բաժնի պետ...

Անդրանիկ Մարգարյանը սրտի թրթիռով և մեծագույն ուրախությամբ ընդունեց Հայաստանի անկախության փաստը, 1992-ին դարձավ երկրում առաջինը պաշտոնական գրանցում ստացած Հանրապետական կուսակցության անդամ, 1993-ից ստանձնեց նրա նախագահությունը: 1995-ին Ազգային ժողովի պատգամավոր դարձավ, որպեսզի խորհրդարանական ամբիոնից ներկայացներ ազգային գաղափարախոսության հիմնադրույթները, նպաստեր այնպիսի օրինագծերի ստեղծմանը, որոնք առաջին հերթին ազգային բովանդակություն և ուղղվածություն պիտի ունենային:

1999-ին Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը նրան առաջարկեցին դառնալ խորհրդարանում մեծամասնություն կազմած «Միասնություն» դաշինքի ղեկավար: Միշտ համեստ, աղմուկից ու ծափերից հեռու Անդրանիկ Մարգարյանը, ով Սասնա էպոսից պոկված մի բեկոր էր հիշեցնում, դարձավ խմբակցության ղեկավարը, կարճ ժամանակ անց` երկրի վարչապետը:

Ճակատագիրն ու երկրի վիճակն էին նրան պարտադրել` ստանձնելու վարչապետի պաշտոնը ճակատագրական ժամանակներում: Ու նա եղավ այն վարչապետը, ով կարողացավ հաստատել խաղաղության գաղափարը:

Հինգ տարի առաջ Անդրանիկ Մարգարյանը հեռացավ մեզանից: Հեռացավ` միշտ մոտ լինելու համար, միշտ հիշեցնելու իր դասերը, որոնք ոչ ոք ու երբեք չի մոռանա:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ