Կկամենա՞ իշխանության գալ


 

Ոչ պաշտոնական աղբյուրները նշում են, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Մոսկվայի Սպիտակ տանը հինգժամանոց հանդիպում է ունեցել ՌԴ ընտրված նախագահ և վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ: Ըստ տեղեկությունների` քննարկվել են նախընտրական հարցեր: Ոմանք արդեն խոսում են այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանի գերնպատակն է եղել ստանալ Վլադիմիր Պուտինի «դաբրոն»` 2013-ին նախագահի թեկնածու առաջադրվելու համար: Վերջին շրջանում Ռոբերտ Քոչարյանի մոսկովյան ցանկացած այցելություն մեզանում կապակցում են նախընտրական զարգացումների և հեռանկարների հետ: Իսկ ահա երկրորդ նախագահի գրասենյակից էլ հայտնում են, որ նա Մոսկվա է մեկնել «Սիստեմա» ընկերությանն առնչվող հարցերով: Հազիվ թե «Սիստեման» այնպիսի կարևորագույն նշանակություն ունենա Ռուսաստանի համար, որ վարչապետը հինգժամանոց զրույց նվիրի նրան: Ուրեմն, ենթադրությունները կարող են անհիմն չլինել:

Ավելի հավանական համարելով Քոչարյանի վերադարձի հարցի քննարկումը` ոմանք սկսել են վախենալ, շշուկներ տարածել: Իսկապես` ծիծաղելի վիճակ: Այո´, Ռուսաստանը տարածաշրջանում կարևորագույն դերակատարություն ունի, նա կարողանում է «եղանակ ստեղծել» նախկին ԽՍՀՄ հանրապետություններում, երբեմն նաև իր կամքը թելադրել: Հայաստանը վաղուց ինքնուրույն պետություն է, Ռուսաստանի հետ ունի ռազմավարական գործընկերության մասին պայմանագիր, և ի պատիվ հայաստանյան իշխանությունների վարած քաղաքականության, գործընկերությունը տակավին չի փոխարկվում ուղղահայաց հարաբերությունների: Եվ սա էլ հուշում է, որ մեծագույն ցանկության դեպքում անգամ Վլադիմիր Պուտինին չի հաջողվի Հայաստանում ունենալ դրածո: Սա այն պարզ պատճառով, որ Ռուսաստանին չի հաջողվի անընդունելի գործիչներին «փաթաթել» պետության վզին ու հանրությանը ստիպել քվեարկել նրա օգտին:

Իսկ արդյո՞ք այս պարագայում Ռոբերտ Քոչարյանը կկամենա իշխանության գալ. այս հարցի պատասխանից շատ բան է կախված:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ