«Եթե արդարություն, ապա` Դեմկուս»


 

Խորհրդարանական ընտրություններում Հայաստանի Դեմոկրատական կուսակցության մասնակցությունը սպասված պետք է համարեն և նրա օգտին պետք է քվեարկեն բոլոր նրանք, ովքեր իրենց դժգոհությունները թոթափելու իրատեսական հեռանկարներ են որոնում:

Սոսկ սեփական վարկանիշը բարձրացնելու և մարտնչող ներկայանալու նկրտումներ չունի Դեմկուսը: Ավելին, այլոց ու մանավանդ իշխանություններին փնովելով չի փորձում հաճոյանալ ու համարձակ երևալ:

Հեռահար ու միանգամայն իրագործելի ծրագրեր ունի այս քաղուժը և հենց այդ նպատակով իր շուրջ է համախմբել երկրիս հոգսերով ապրող մտավորականների` վստահ, որ նեղ-անձնական շահերով չառաջնորդողների ջանքերով միայն հնարավոր է ժողովրդավարական արժեքներ ներմուծել ու պահպանել:

Ինչպես հայտնի է` ՀԴԿ-ն ևս արդեն ներկայացրել է ՀՀ ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտը և համամասնական ցուցակը:

Կուսակցության առաջնորդ Արամ Գասպարի Սարգսյանի երեկվա մամլո ասուլիսում հնչեցված հարցերի պատասխաններն ասվածի լավագույն հավաստիքն էին:

«Եթե արդարություն, ապա` Դեմկուս»

Այս կարգախոսով կառաջնորդվի Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը` գալիք խորհրդարանական ընտրություններում: Եվ միանգամայն օրինաչափ է. երկտասնամյա պատմություն ունեցող կուսակցությունը վաղուց ի վեր հաստատուն տեղ ունի քաղաքական դաշտում` իր հստակ ծրագրերով և գաղափարախոսությամբ: Իսկ հիմնական շեշտադրումներից մեկը եղել և մնում է հենց անարդարության դեմ պայքարը:

Հատկապես վերջին օրերին հասարակության ուշադրությունը սևեռված է քաղուժերի վրա, որոնք համամասնական ընտրակարգով առաջադրվող թեկնածուների ցուցակներից զատ` ներկայացնում են նախընտրական ծրագրերի որոշ դրույթներ:

Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունն ընտրություններին մասնակցում է ուրույն, այլընտրանքային ծրագրով` ամենագլխավոր ու հիմնարար շեշտադրում համարելով համակարգի փոփոխությունը: Ինչպես համոզված է կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, ներկայիս համակարգի պայմաններում պարզապես անհնար է անվտանգ ու բարեկեցիկ երկիր կառուցել:

- Համակարգի փոփոխություն ասելով` նկատի ունենք, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է սոցիալական պատասխանատվություն կրի իր քաղաքացու և հասարակության առջև: Այս բանաձևով մենք առաջարկում ենք փոփոխություն մտցնել Սահմանադրության մեջ: Իհարկե, այլ փոփոխություններ ևս կլինեն, բայց սա է հիմնարար, գլխավոր սկզբունքը:

Մենք գտնում ենք, որ պետության կայացրած որոշումներն իրենց հիմքում պետք է ունենան ազգային արժեհամակարգի վրա խարսխված բարոյական նորմեր: Այդպիսի հիմքերից պիտի բխեն բոլոր որոշումները: Եթե բացակայում են բարոյական նորմերը, ապա ցանկացած օրենք, ցանկացած որոշում կարող է հանգեցնել միայն ու միայն բացասական հետևանքների: Մենք այս մասին բազմիցս խոսել ենք: Ցավոք, միայն հիմա իշխող կուսակցությունները հիշել են, որ անհրաժեշտ է իրականացնել ինչ-ինչ գործառույթներ, որոնք արդեն պետք է իրականացված լինեին: Քաղուժերը սին խոստումներ են տալիս մարդկանց, այլասերում են: Խոսքս այն ճնշման մասին է, որ առկա է հասարակության առանձին հատվածների վրա: Անհարմար պետք է զգան այն կուսակցությունները, որոնք այս օրերին արդեն դրամ են բաժանում, ստորագրություններ հավաքում: Երկրորդ խնդիրն այն է, որ սոցիոլոգիական հարցումներն այսօր իրական պատկեր ցույց չեն տալիս: Այն պարզ պատճառով, որ մարդիկ անգամ վախենում են ասել, թե ում են տալու իրենց ձայնը: Ըստ մեզ` շատ են ծպտյալները, որոնք ընտրող են, սակայն չեն համարձակվում բարձրաձայնել այդ մասին:

- Դեմոկրատական կուսակցությունն իր հստակ դիրքորոշումն ունի նաև արտաքին քաղաքականության հարցերում: Արտաքին քաղաքական դոկտրինի կարևորագույն շեշտադրումը հետևյալն է. ելնելով Հայաստանի Հանրապետության ազգային պետական շահերից, անհրաժեշտ է անհամեմատ ավելի վստահելի հարաբերություններ ձևավորել Ռուսաստանի Դաշնության հետ: ՀԴԿ բանաձևը հստակ է. Հայաստանի Հանրապետությունը ՌԴ հետ իր հարաբերությունները պետք է զարգացնի այնքան, որքան դրանք անհրաժեշտ են և փոխշահավետ: Իսկ այլ երկրների հետ` որքանով դրանք չեն խոչընդոտի Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններին: Սակայն չուշացավ նաև հակազդող քարոզչությունը: Որոշ արևմտամետ ուժեր շտապեցին հակառուսական աղմուկ բարձրացնել: Հետաքրքիր է Ձեր կարծիքն` այս խնդրի շուրջ:

- Ընդամենը 1-2 օրում միանգամից` կարծես մի կենտրոնից ստացված հրամանով սկսվեց հակառակ քարոզչությունը: Պարոնայք Ալեքսանդր Արզումանյանը, Միքայել Հայրապետյանը «Ժառանգության» համագումարում ներկայացրին ծրագրի ամենահիմնարար դրույթներից մեկը` նույն տերմինոլոգիայով, թե մենք պետք է ձերբազատվենք ռուսական գաղութարարությունից, իմպերիալիզմից և վերականգնենք մեր ինքնիշխանությունը: Կարծեք թե որևէ մեկը խանգարում էր նրանց ինքնիշխան պետություն ունենալ: Բայց իրենք իշխանության գլուխ էին և հենց իրենք էին ստեղծում այս պետությունը: Ուզում եմ հիշեցել նույն Ալեքսանդր Արզումանյանին, որ իր օրոք է գրանցվել Ռուսաստանի հետ մեծ պայմանագիրը: Եվ հիմա, չգիտես ինչու, հանկարծ վերհիշեց այն ինքնիշխանության մասին, որն անհրաժեշտ է երկրի հզորացման համար: Մինչդեռ կարելի էր այդ մասին մտածել 90-ականներից սկսած: Ոչ թե թալանել, արտագաղթի պայմաններ ստեղծել, այլ պետություն կառուցել: Հարց է ծագում. եթե Ռուսաստանն ուզում է գաղութացնել Հայաստանը, ապա անհասկանալի են այն ահռելի ներդրումները, որոնք կատարվում են մեր երկրում: Հատկապես Հարավ-կովկասյան երկաթգծերի օրինակը բերեմ. որտեղ 100 միլիոնավոր դոլարների ներդրում է արված: Եթե մեր պետությունն ինքնաբավ լիներ, կարողանար ինքնուրույն ապահովել իր ազգային-պետական անվտանգությունը, իհարկե որևէ ռազմական բազայի կարիք չէր լինի: Բայց արդյո՞ք մենք վերլուծել ու հասկացել ենք, թե ինչպես ենք ապահովելու մեր երկրի պետական անվտանգությունը, թե՞ արդեն բոլոր վտանգներից զուրկ ենք: Մոռացե՞լ ենք Արցախյան հիմնահարցի մասին:

Այնուամենայնիվ, հստակ արևմտյան կողմնորոշում ունեցող այս հայտարարություններն ի՞նչ նպատակ են հետապնդում, և այս քարոզչությունն ի՞նչ ազդեցություն ու արձագանք կարող է ունենալ հասարակական ընկալումներում: Այս հարցի պատասխանը ևս սպառիչ է.

- Նախ, ես դեմ եմ այդ արհեստական բաժանմանը` արևմտամետ, ռուսամետ: Խնդիրը հստակ է. մենք պետք է հանդես գանք` մեր ազգային շահերից ելնելով: Այսինքն` հայամետ քաղաքական դիրքորոշում ունենանք: Բայց այնպիսի տպավորություն ունեմ, որ նրանք էլ նույն լսարանում են եղել և նույն դասախոսությունն են լսել, անգամ եզրույթներն են նույնը: Սակայն եթե մենք գտնում ենք, որ անհրաժեշտ է զարգացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները, մենք դա հիմնավորում ենք իրական փաստարկներով: Ինչ վերաբերում է արձագանքին, ես կարծում եմ` հասարակական գիտակցության վրա այդ քարոզչությունը մեծ ազդեցություն ունենալ չի կարող: Ժողովրդի մեծամասնությունը գիտակցում է, որ անհրաժեշտ է Ռուսաստանի հետ հարաբերություններ զարգացնել: Նրանք դիմում են 20 տարեկաններին, ում հիշողությունը կարճ է: Նրանք չգիտեն` ինչպես է ձևավորվել այդ ամբողջ համակարգը, և միայն նրանց գիտակցությունն է հնարավոր պղտորել: Երևույթն ինքնին վտանգավոր է, քանի որ հատկապես մարտահրավերների ժամանակաշրջանում Հայաստանը պարտավոր է իրական, ճիշտ արտաքին քաղաքականություն վարել:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ