Հաջորդը Լատվիա՞ն է


Չնայած ՆԱՏՕ-ի ճիգերին, Արևելյան Եվրոպայում աճում է տագնապը Ռուսաստանից: Եվ այդ տագնապը եվրոպացի քաղգործիչները հնչեցնում են հեռուստաեթեր ներով ու եվրախորհրդարանում:

Ուկրաինական տարածքները Ռուսաստանին միացնելուց հետո Ռուսաստանը կանցնի Լատվիային. այսպիսի կարծիք է արտահայտել Լեհաստանից Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Յացեկ Սարիուշ-Վոլսկին:

- ԵՄ-ն կարծում է, թե Ռուսաստանի նվաճողականության գլխավոր հասցեատերը Ուկրաինան է: Բայց միայն նա չէ: Խոսքը կայսրության վերականգնման մասին է. այնպիսին, ինչպիսին ինչ-որ ժամանակ եղել է Խորհրդային Միությունը: Այսինքն, խոսքը վերաբերում է տարածքները Ռուսաստանի ուղեծիր մտցնելուն,- հայտարարել է պատգամավորը «Էսպրեսո» TV-ի եթերում:

Իսկ ուկրաինական «ՈՒՆԻԱՆ» գործակալությունը մեջբերել է Սարիուշ-Վոլսկու մեկ այլ խոսքը.

- Որոշ տարածքներ ծրագրում են միացնել Ռուսաստանի Դաշնությանը, ինչը կատարվեց Ղրիմի հետ: Նկատվում են գործողություններ, որոնք շատ հուզող են և դրանք առնչվում են Լատվիային:

Դեռևս անցյալ ամիս Լատվիայից եվրոպատգամավոր Ինեսե Վայդերեն RietuΗu ռադիոեթերում ասել էր.

- Չմոռանանք, որ այն սցենարները, որոնք սկսվեցին Վրաստանում և հիմա շարունակվում են Ուկրաինայում, ինչ-որ ժամանակ կարող են շատ տհաճ կերպով զարմացնել հենց մեզ` եթե մենք ոչինչ չանենք:

Իհարկե, ռուսական կողմից ներկայացուցիչը` Լատվիայում ՌԴ դեսպան Ալ. Վեշնյակովը շտապել է փարատել նրանց տագնապները.

- Վրաստանում վրացական զինված ուժերի կողմից հարձակում տեղի ունեցավ Հարավային Օսիայի խաղաղ բնակչության վրա: Հուսով եմ` Լատվիան չի պատրաստվում հարձակվել Ռուսաստանի վրա: Այնպես որ` այդպիսի արձագանք էլ չի լինի Ռուսաստանի կողմից:

Ի դեպ, Մոլդովայում ևս «Ուկրաինայի հաջորդը լինելու» տագնապներ են արթնացել: