Հիվանդ է` ինքն իրենով


Այսօր Պետդումայում կորոշեն, թե արժե՞ արդյոք միջոցներ ձեռնարկել` կարգապահական տույժի ենթարկելու Վլ. Ժիրինովսկուն` հղի լրագրողուհուն վիրավորելու համար:

Հիշեցնենք, որ անցած ուրբաթ նա իր ոճով անարգանքի սյունին էր գամել «Մայդանի կանանց»: Ապա ինքնամոռաց պաթոսով «վրաերթի» էր ենթարկել իրեն հարց ուղղած լրագրողուհուն և կոչ էր արել «դաժանորեն բռնաբարել» նրան` գոչելով «Քրիստոս հարյավ»: Հետո արդեն, իմանալով, որ կինը հղի է, նրան խորհուրդ էր տվել գնալ տուն և «խնայել երեխային»:

Ու սա դեռ բոլորը չէ: Իր գործընկերուհուն պաշտպանող մեկ ուրիշ կնոջ էլ լեսբուհի էր անվանել և խոստացել էր զրկել աշխատանքից: Ճիշտ է, հաջորդ օրը խելքի գալով, Ժիրինովսկին ներողություն է խնդրել` խոստովանելով, թե «մի քիչ կոպիտ է խոսել ու պատասխանել աղջկան», բայց ինչպես ասում են` «Սայթաքում է լեզուն, պատասխան է տալիս գլուխը»: Ինչպես գրել է «Կոմերսանտ»-ը` Պետդումայի էթիկայի հանձնաժողովի ղեկավարի տեղակալ Ա. Անդրեևը չի բացառել, որ ՌԼԴ կուսակցության առաջնորդը կարող է և մեկ ամսով զրկվել հրապարակային ելույթների ազատությունից: Ինչպես նաև` կապամոնտաժվի Դումայի սրահում Ժիրինովսկու ձեռքով տեղադրված իր իսկ լուսանկարների ցուցահանդեսը:

ՀԱՄԵՍՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՉԻ ՄԵՌՆԻ.Մարդն իր համար անցյալ է մոգոնում, նախնիներ պեղում, արմատներ հորինում... Հայհոյանքից բերանը դեռ չմաքրած, նույն Ժիրինովսկին հայտարարել է, թե ծագումնաբանորեն ինքն ընդհանուր արմատներ ունի Նապոլեոնի և Էյնշտեյնի հետ:

Այս հայտարարությունը նա հնչեցրել է Կրեմլում` Պետխորհրդի նիստի ժամանակ և Պուտինին ու մյուս ներկաներին էլ խորհուրդ է տվել.

- Դուք ևս ուսումնասիրեք` ո՞վ ունեք, ի՞նչ ընտանիքից ու տոհմից եք: