Հարգարժան Վարչապետ.


Նախ շնորհավորում ենք` դժվարին ու պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ (շնորհավորանքն ուշացնելու պատճառը թերթի պարբերականության խաթարումն է): Մաղթում ենք մեծագույն համբերատարություն ու կորով` կուտակված բազմամարդ հիմնախնդիրները լուծելու համար և նորոգված սեր` մեր ժողովրդի հանդեպ, որը լուրջ ակնկալիքներ ունի Ձեզանից: Իսկ ակնկալիքները վերջին հաշվով խարսխվում են մեկ նախապայման-հենքի վրա` ԱՇԽԱՏԱՆՔ:

Նշանակվելուց անմիջապես հետո Դուք արդեն հասցրել եք Ձեր արձակած առաջին հրամաններով հավատ ներշնչել: Սեփական փորձով գիտեք, որ բարձրաստիճան պաշտոնյաներից մարդիկ միշտ ավելին են ակնկալում. ինչո՞ւ չէ, նաև` պահանջում: Առավել ևս` մեր երկրի, ժողովրդի համար դժվարին այս ժամանակներում, երբ գործազրկությունն ու հարաճուն գնաճը հուսալքում, հաճախ չարացնում են մարդկանց:

Սոցիալական ճգնաժամն ամենակարճ ճանապարհով տանում է դեպի հոգեբանական ճգնաժամ, ինչը լրջագույն սպառնալիք է մարդկային, ուրեմն նաև` ազգային նկարագրին: Իսկ սոցիալական ճգնաժամից միակ ելքը աշխատանքն է: Անշուշտ հիշում եք Հենրի Ֆորդի նկատառումը` «Աշխատանքը այն անկյունաքարն է, որի վրա հենվում է աշխարհը»: Ժողովրդական իմաստնությունն էլ հավելում է` «Աշխատանքը մեզ ազատում է երեք մեծ չարիքներից` տաղտուկից, արատից ու կարիքից»:

Ցանկացած պետության սոցիալական դեմքը միջին խավն է, որը մեզանում գրեթե անգո է:

Տնտեսության ազատականացմանը դեմ չլինելով հանդերձ, կարծում ենք, որ դրան առողջ հակակշիռ կլինի պետական ձեռնարկատիրությունը: Ողջունելի է Ձեր խոստումը` «Ես հետևողական եմ լինելու. յուրաքանչյուր ներդրող պետք է հասկանա, որ ինքն ապահով ձեռքերում է` օրենքի շրջանակներում: Ով ցանկանում է զբաղվել բիզնեսով, մենք նրա կողքին ենք լինելու»: Հուսով ենք, որ առաջիկայում նման մի քաջալերանք էլ աշխատանք որոնողներին կուղղեք. չէ՞ որ ոչ բոլորն են ի վիճակի ներդրող լինել և ոչ բոլորն են ունակ` զբաղվելու բիզնեսով:

Ցանկանալով Ձեզ ամենայն բարին, նաև ակնկալում ենք, որ աշխատանք-անկյունաքարը կվերադարձնեք մեր ժողովրդին` նրան փրկելով տաղտուկից, արատից, կարիքից: Եվ իհարկե` արտագաղթից:

Լավագույն մաղթանքներով`

«ԱՎԱՆԳԱՐԴ»