ՎԵՐՋԻՆ ՄԱՐՏԸ


Հրանոթ, թնդյուն և մեկ պատռված, արյունոտ սիրտ գալարվում էր գյունուտի հանդամասում: Բլրից այն կողմ իր տունն էր: Ալբերտի սիրտը նայում էր այնտեղ, և իրեն թվում էր` մտնում է Զանգակատուն: Բացված երակից արյունը դատարկվում էր, հոսում դեպի իր տան շեմը: Աչքի դեմ զավակներն էին տեսիլքի պես երևում. նրանք հայելու միջից նայում էին իրեն: Քամին պոկեց պատուհանի վարագույրները, հանեց երկինք, և օդի մեջ դրանք տրոփում էին պատռված սրտի պես: Մատները սառչում էին: Ձգեց հրանոթը: Իր դիմաց պապենական հողն էր. հանգչելուց առաջ մի թուրք պիտի ոչնչացներ: Հևում էին երակները վրեժից. քրտինքը գոլորշու նման բարձրանում էր վեր: Արևը փակել էր ուզում երակը, զգաց` վերջին շունչն է. նայեց շուրջը, ատամները սեղմեց ու... թուրքի ժպիտը մթնեց` քաշել էր հրանոթի ձգանը:

Աչքերը մաղվեցին` Գորիս, Լաչին, Ստեփանակերտ, Սադարակ, Երասխավան, Նախիջևան... Անցած բոլոր մարտական վայրերը հերթով գալիս էին աչքի դեմ: Վերջին մարտն էր: Չարքի նման օրը մռայլվեց, ուժերը սպառվում էին: Հիշեց երազը. ամայի դաշտում օտար ազգի ձեռքով իր վերջը պիտի գար: Գրված էր այդպես, սպիտակամորուս ծերունին դեռ վաղուց հայտնել էր իր մահվան գույժը, և այդ օրն ինքն էր սահմանը հսկողը (1991 թ. 7 հոկտեմբերի). վաղուց մոռացել էր այդ մասին: Մեսրոպը կողքին էր: Նայեց ընկերոջը ու հուսաց, որ իրենից հետո հանդամասը պաշտպանող կա:

Օրը մթնեց: Թուրքերը ծարաված արյան, հայ հերոսի մարմինը հապճեպ գողացան` խոշտանգելու նպատակով: Նրանք Ալբերտի դին քարշ էին տալիս հայրենական սարերի վրայով:

Քարերը ճչում էին ցավից...

Գլխագին էր դրված:

Թուրքը թուրք է, նրա լավը կա՞:

Արյան վրեժն առավ. դեռ կիսատ էր մնում պապերի վրեժը: Երկրապահ ջոկատում առաջիններից էր` շարժման օրերից սկսած: Նա Մարգարենց տան իմաստուն զավակն էր. եթե ոչ ինքը, հապա էլ ո՞վ պիտի կանգներ թուրքի դեմ: Ո՞վ պիտի կնոջն ու զավակներին անպատվությունից ու մահից փրկեր: Ինչպե՞ս կարող էր հոգին ներել իրեն` և´ հայր էր, և´ ամուսին: Հետո իր տան մեջ թուրքն էր ապրելու:

Տեղատարափ անձրև եկավ, երկինքը մռայլվեց մոր աչքի պես:

Ալբերտի մահվան բոթը ցնցեց գյուղը: Երկրապահ տղերքը կանգնած էին. պիտի ետ բերեին նրա մարմինը:

Մութն ընկել էր, լսվում էին շշուկներ: Հրամանատար Սամվել Նազարյանը մռայլ հոնքերը իրար էր մոտեցնում, ջղաձիգ ետ ու առաջ գնում: Ուր որ է` գյուղի վրա կպայթի թուրքի հրանոթը. պիտի կանխել: Գյուղում մանուկ չէր մնացել տարել էին` ամեն մեկն իր հարազատի մոտ: Կռիվը մարդու կորուստ է, իսկ առանց ապրողի հողը արժեք չունի:

Հրաման տվեց` առանց ազդանշանի քայլողի վրա նռնակ նետել` ով կուզի թող լինի:

- Հիմա է պետք գործել, հետո հետևանքները ծանր կլինեն,- մտածում էր հրամանատարը:

Թուրքերը որոշել էին Ալբերտից հետո գերի վերցնել մյուս կռվողներին: Մի քանի նռնակից հետո լսվեցին թուրքերի «Ալլա˜հ» կանչերը: Նա, ով Ալբերտին կյանքից էր զրկել, շրջանցում էր, որ հանկարծակիի բերի տղերքին: Ալբերտի հարևան Արայիկ Ասատրյանը` երեսնամյա մի եռանդուն տղա, տեսավ նրան: Մթության մեջ թուրքը ծածկեց իր մորթին, բայց նա, ում ձեռքին էր ձգանը, կրակ արձակեց` կամ ես, կամ նա: Ճկույթ մատն այրվեց, թուրքը չէր շնչում: Հանդամասից քշեցին թուրքին: Ալբերտի արյան վրեժը առնված էր` մնում էր պապերի վրեժը:

Ալբերտի կինը` Գայանեն, հիշեց օրվա երազը` արծիվը ազատ սավառնում էր բարձունքում: Ալբերտի հոգին արծիվներից պոկված միացել էր հզոր արծիվներին ու պտտվում էր երկնքում: Նա հրաման ուներ` իր վրեժի և արյան տերը լինելու:

ԽԱՆԴՈՒԹ