Վլադիմիր Սպիվակովը հրավիրում է


Մոցարտի դաշնամուրի թիվ 17 կոնցերտի կատարումը Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում խորհրդանշական իմաստավորում է ստանում «Վլադիմիր Սպիվակովը հրավիրում է...» միջազգային փառատոնի առաջին համերգի ունկնդիրների համար: 12-ամյա Վարվառա Կուտուզովայի դաշնամուրային անթերի նվագն ընկալվում է որպես մերօրյա հոգևոր-մշակութային վերընձյուղման փայլատակում: Միաժամանակ մեկ ավելորդ անգամ ևս հավաստում է հանրահայտ ջութակահար, դիրիժոր և հասարակական գործիչ Վլադիմիր Սպիվակովի երաժիշտների նոր սերունդ ձևավորող հիմնադրամի բազմամյա ներուժը: Առաջին մոսկովյան մենահամերգը 8 տարեկանում ունեցած Վարյան, բնատուր շնորհները զարգացնելու նախանձելի լծակներ ձեռք բերելով, իր արժանավորությունը հաստատում է ավստրիական հանճարի բարդագույն երաժշտակտավի մատուցման հասուն վարպետությամբ:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված եռօրյա երաժշտահանդեսի մոցարտյան ակորդները շուտով մոնումենտալ հնչողությամբ են հագենում: Խորին ակնածանքով իրենց կատարողական հարուստ փորձառությունն են մեկտեղում Սպիվակովի հիմնած Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն (ՌԱՖՆ) ու բազմավաստակ մաեստրո Հովհաննես Չեքիջյանի գլխավորած Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբը ու կախարդում են Մոցարտի «Ռեքվիեմի» անանցողիկ հմայքով: Հայ-ռուսական այս ինքնատիպ երաժշտական դաշինքի ներգործությունը առանձնակի շեշտադրվում է մենակատարներ Հասմիկ Թորոսյանի, Քրիստինե Սահակյանի, Ալեքսեյ Նեկլյուդովի և Հովհաննես Ներսեսյանի համադաշն երգեցողությամբ: Եվ «Վլադիմիր Սպիվակովը հրավիրում է...» միջազգային փառատոնի երևանյան բեմելի հանդեպ սրվում է հայաստանցի երաժշտասերների հետաքրքրությունը:

ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո իրականանալի դարձած երաժշտական այս նախագծին հաղորդակցվելու ջանադրությամբ օպերայինի տոմսարկղը «պաշարում են» նաև մարզաբնակ երաժշտասերները: 3 հազար ՀՀ դրամ արժողությամբ մուտքի տոմս են ձեռք բերում և, չգտնելով հսկայածավալ հանդիսասրահում ոչ մի թափուր աթոռ, առանց դույզն-ինչ բարդույթավորվելու, տեղավորվում են... աստիճաններին: Բնականաբար, համերգի մեկնարկը անկարելի է լինում ազդարարել Մեծ Եղեռնի տարեթիվը յուրովի խորհրդանշող ծրագրված ժամին` 19.15:

Երաժշտական աստղաթափի երանավետ զգացողություններով է համակվում բազմամարդ հանդիսասրահը Մոցարտի, Վերդիի, Բելինիի, Դոնիցետիի, Պուչինիի հանրածանոթ օպերաների նախերգանքներով և աշխարհի բեմերը նվաճած Ալբինա Շագիմուրատովայի տաքսիրտ մեներգերով միահյուսված հաջորդ համերգային երեկոյի ընթացքում: Աննախադեպ խանդավառությամբ է ընդունվում Մոցարտի «Հովիվ արքա» օպերայից Ամինտայի արիան` փարթամ գեղեցկությամբ ու բեմական անուրանալի հմայքով օժտված աշխարհահռչակ սոպրանոյի և Անտոնիո Ստրադիվարիուսի կերտած ջութակի ասպետ Սպիվակովի հուզառատ զուգախաղով: Երաժշտագետներն էին անգամ կարոտել Սպիվակովի բացառիկ ջութակի անշփոթելի մենանվագին...

Շալյապինյան հեղինակավոր փառատոնում Շագիմուրատովայի և մեր օպերայինի տաղանդավոր մեներգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Հակոբյանի ուշագրավ զուգերգային կատարումներին լավատեղյակ երգիչ-երգչուհիները նախանձախառն հպարտությամբ են համակվում: Որոտընդոստ ծափերը բիսային ելույթների են տրամադրում նույնիսկ երրորդ` «Չապլինի ժամը. Մեծ քաղաքի լույսերը» մուլտիմեդիա նախագծի երաժշտահենքի ամբողջական հնչեցումից հետո: Հանդիսականներից շատերը կամա-ակամա մտաբերում են հայ որբերին օգնելու նպատակով կազմակերպված միջոցառումների ժամանակ և այս օրերին ևս հաճախ շրջանառվող փոքրիկի` Չարլի Չապլինի առաջին լիամետրաժ ֆիլմի հերոս Ջեքի Կուգանի լուսանկարի հայտնի մակագրությունը. «Ջեքքի, դու հիշու՞մ ես Օսմանյան կայսրության կողմից 1.5 միլիոն հայերի կոտորածը, 100 տարի անց մենք` հայերս, չենք մոռացել քեզ»: Չապլինյան լուսավոր թախիծը աննկատ մեղմվում է համերգաշարի ավարտական ակորդներով: Խաչատրյանական հարամնա գոհարների անակնկալ հավելումները քնքշորեն շոյում են Սպիվակովի տիկնոջ` Սաթի Սահակյանց-Սպիվակովայի հայրենակիցներիս ազգային սնափառությունը: Հայկական ունկնդրի ջերմագին ընդունելությունից հիացմունքը չեն թաքցնում ՌԱՖՆ երաժիշտները` բարեկամական հարցուփորձով համոզվելով պատճառած հոգեթով վայելքի իսկության մեջ:

Հարգանքի տուրք մատուցելով Հայոց Մեծ Եղեռնի միլիոնավոր անմեղ զոհերի հիշատակին` այդուհետ կենսատու հուսառատ լիցքերով են գոտեպնդում` անօրինակ ոճրագործության համընդհանուր արժանապատիվ ճանաչման, դատապարտման հաստատակամությամբ:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ