ՀԻՐԱՎԻ´ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ Է ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ


«...Մենք սփիւռք մը ունենալու համար չէ, որ աշխարհի ամէն կողմը ցրուած ենք, այլ` բռնութիւնից ու հալածանքից ստիպուած...: Այժմ ունինք մեր Հայրենիքը: ...Պէտք է գործի լծուինք բոլորս ալ մէկ գաղափարի շուրջ, որ է Հայրենիքի օժանդակութեան գործը, մէկ մտասեւեռում ունենալով` Հայրենիքի վերականգնումը, եւ մէկ կարգախօս մեր բոլորին շրթունքներուն ծայրը` Դէպի Հայրենիք»: Քանի որ «Ներգաղթին մէջ է սփիւռքահայութեան փրկութիւնը, ինչպէս հայրենիքի մէջն է ամբողջ հայութեան ապագան»: Իսկ «Հայրենասիրութիւնը` արժանապատւութեան խնդիր է»:

Գառնիկ ՍՎԱԶԼՅԱՆ

Սա էր եգիպտահայ մտավորական` գրող, հրապարակախոս, հասարակական-քաղաքական գործիչ, երգիծանկարիչ Գառնիկ Սվազլյանի հավատամքը: Ու այդ հավատամքն էլ նրան Հայաստան հայրենադարձեց երկար դեգերումներից հետո: Պատահական չէր, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում Հայաստանի Սփյուռքի նախարարությունը ցերեկույթ կազմակերպեց նրա հիշատակին: Մինչ գործչի կյանքի մանրամասներին ծանոթանալը` ներկաները ծանոթանում էին Գ. Սվազլյան-նկարչի երգիծական նկարներին` ամբողջացնելով տպավորությունները այրենաբաղձ մտավորականի մասին: Նրա դուստրը` ճանաչված ցեղասպանագետ Վերժինե Սվազլյանը պատանեկան խինդով էր դիմավորում հյուրերին, սիրով բավարարում լրագրողներիս հարցասիրությունը: Իսկ բազմազան հարցերի առանցքը նույնն էր` ի՞նչ ուղի էր անցել հայր Սվազլյանը:

Հորից հայեցիություն, հայասիրություն ու հայրենապաշտություն ժառանգած Վերժինեն հեռավոր 1922-ը չի տեսել բարեբախտաբար: Բայց ականատես-վկայի պատկերավորությամբ է պատմում, թե ինչպես հոր ծննդավայր Զմյուռնիայի (ներկայումս ավա˜ղ` Իզմիր) Հանոց հայկական թաղամասը քեմալականները կրակների են մատնել: Տեղաբնակ հայերը` հուսահատ ու անտուն մնացած, վազել են դեպի ծովափ:

- Հայրս էլ` նրանց հետ: Այն ժամանակ նա ընդամենը 18 տարեկան էր. կորցրել էր ծնողներին ու հարազատներին: Հայրս նկատում է, որ ծովի ջրերի վրա անհամար դիակներ են լողում, իսկ թուրքերը հայերին առաջարկում էին փոքրիկ մակույկներով հասցնել մեծ շոգենավերին, որոնցով նրանք կմեկնեն իրենց ուզած երկիր: Եվ հուսահատ հայերն իրենց վերջին ոսկիներն ու զարդերը տալով` նստում էին այդ մակույկները: Ափից բավական հեռանալով, մակույկավարները բացում էին նավակների տակի անցքը, և ջուրը լցվում էր մակույկի մեջ` ջրասույզ անելով ուղևորներին: Սա տեսնելով, հայրս նետվում է ջուրը, լողալով հասնում է մինչև հունական մի ռազմանավի, և խարիսխի շղթաներով մագլցելով` բարձրանում է մինչև ծխնելույզ, էնտեղ թաքնվում է: Գլխին միայն խսիրից գլխարկ է ունեցել, իսկ ամբողջությամբ թափ-թաց է եղել: 2 օրից նավը հասնում է Հունաստան` Պիրեա նավահանգիստ: Այնտեղ հայրս 2 տարի տարբեր աշխատանքներ է կատարել: Այնուհետև անցնում է Եգիպտոս: Քանի որ նա լավ ոսկերիչ էր, իսկ Զմյուռնիայի հայերը հայտնի էին որպես լավ ոսկերիչներ, ստեղծում է իր ոսկերչական խանութը և աշխատում է: Այնքան լավ անուն է վաստակում, որ նույնիսկ երբ Եգիպտոսի Ֆարուք թագավորի քույրը ամուսնանում էր շահնշահի հետ, իր բոլոր զարդերի կոմպլեկտը հանձնարարում է, որ հայրս պատրաստի:

Հետո հայորդին տեղափոխվել է եգիպտական Ալեքսանդրիա քաղաք: Այստեղ արդեն հասարակական գործունեություն է ծավալել` դառնալով Հայաստանին օգնության կոմիտեի (ՀՕԿ) եգիպտահայ մասնաճյուղի հիմնադիրներից մեկն ու դրա փոխնախագահը: Ստեղծագործել է նաև: Ամբողջ էությամբ նվիրված լինելով սփյուռքահայությանը հայրենադարձելու գաղափարին, իր առաջին տպագիր ստեղծագործության` «Ներգաղթը» թատերգության նախաբանում գրել է. «Երբ նյութապես ի վիճակի չեմ Ներգաղթին սատարելու, այս գործս կտրամադրեմ անոր ի նպաստ»: Ու իսկապես, պիեսը բեմադրվել է հայաշատ բազմաթիվ գաղթօջախներում` հայրենիք վերադառնալու ցանկություն բորբոքելով, իսկ հասույթը հատկացվել է` Հայաստանում բնակարանաշինությունը խթանելու, գործարաններ կառուցելու հայանպաստ գործին: Լենինականի տրիկոտաժի ֆաբրիկայի առաջին դազգահները նույնպես Գ. Սվազլյանն է ուղարկել:

Իր առաջավոր գաղափարների համար մի քանի անգամ բանտարկվելուց հետո էլ նա չի հրաժարվել Հայաստանը հայերով շենացնելու գաղափարից: 1943-ին Ալեքսանդրիայում հիմնել է «Սևան» մշակութային միությունը, 1945-ին` ընտրվել է Եգիպտահայ Ազգային խորհրդի կազմում: Գործունեության ճակատը նույնն էր` ներգաղթի կազմակերպում:

1947-ին հասել է նաև ի´ր երազանքի իրագործման «աստեղային» ժամը. ընտանիքով ներգաղթել է Հայաստան: Այսօր նրա Վերժինե դուստրը առանձնակի խանդաղատանքով է հիշում.

- Հայրս ասում էր բոլորիս, որ դժվարություններ կան, պատերազմը նոր է ավարտվել, մեր հայրենիքը վերքեր ունի: Մենք պետք է այդ վերքերին սպեղանի դնենք...

Դեգերումներով լի մի կյանք, հայի դժվարին մի ճակատագիր, որը սակայն արժանապատվության լավագույն դաս է ապրողների համար:

Ցեղասպանությունից մազապուրծ մտավորականի 110-ամյակը հիրավի արժանվույն տոնակատարվեց: Բարձր գնահատելով Գ. Սվազլյանի գործունեությունը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնավորեցրեց.

- Նրա շուրթերից միշտ հնչել է` Հայրենիք, Հայաստան, ներգաղթ: Ու թեև կարճ կյանք ապրեց, սակայն իր երազանքն իրականություն դարձավ: Տառապելով օտարութ յան մեջ, աշխատելով հայկական կառուցներում և համայքներում, ղեկավարելով ՀՕԿ-ը (որի նախագահը Հայաստանում մեծն Թումանյանն էր), նրա հոգին միշտ ձգտում էր դեպի Հայաստան:

«Ներգաղթը» թատերախաղը մեծ լիցքեր է հաղորդել մեր հայրենակիցներին` նպաստելով, որ նրանք էլ սիրեն Հայաստանը և վերադառնան Հայրենիք: Ցավոք, մեր հայրենակիցներից շատերը, տեղափոխվելով Հայրենիք` մեծ զրկանքներ կրեցին, նույնիսկ աքսորվեցին հեռավոր Սիբիր: Եվ նույնիսկ այդպիսի պայմաններում, 1947 թ. ընտանիքով ներգաղթելով Խորհրդային Հայաստան և ապրելով դժվարին պայմաններում` Գ. Սվազլյանը շարունակեց իր հայրենանվեր գործունեությունը :

Պապի մասին ընդարձակ զեկույցով հանդես եկավ մտավորականի թոռնուհին` սփյուռքագետ Քնարիկ Ավագյանը` ընդգծելով, որ Գ. Սվազլյանը Խորհրդային Հայաստանը համարում էր Ամենայն Հայոց պետություն և բոլոր միջոցներով փորձում էր ուժ տալ Հայաստանին: Կարգախոսը մեկն էր` «Հայուն համար Հայաստանեն դուրս չի´ք փրկություն»:

Տպավորիչ էր և Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի հետևյալ նկատառումը.

- Երգիծանկարչությունը հզոր զենք է, և այդ զենքը Գ.Սվազլյանը կարողացել է օգտագործել իր հայրենանվեր գաղափարախոսությունը հանդիսատեսին հասցնելու գործում: Գառնիկ Սվազլյանը չէր ուզում դուր գալ, այլ ցանկություն ուներ ասել կարևորը:

Շեշտադրելով Գառնիկ Սվազլյանի «Ներգաղթը» թատերգության գաղափարական արժեքն ու արդիականությունը, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն, գրականագետ Կարո Վարդանյանը փաստեց.

- ...Եվ նրա կոչին հավանություն տալով, 200-300 հազար սփյուռքահայ Հայաստան վերադարձավ:

Հիրավի, հայրենաշունչ մթնոլորտում յուրահատուկ պաթոսով էին հնչում «Ներգաղթը» պիեսի տեսագրության հատվածները և ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Մուրադ Մալխասյանի, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի շրջանավարտ սիրիահայ Արաքս Մահտեսյանի կենդանի կատարումները:

Գառնիկ Սվազլյանի նման որդիներով է նաև կանգուն Հայոց տունը, նաև նրանցով է անսասան ազգիս հիմնասյունը: Ու որքան էլ այսօր «քարավանները» հային դեպի դուրս են տանում, միևնույն է` նրանց հայացքը, միտքն ու հոգին շարունակում են այստե´ղ դեգերել: Ու վերադառնալու են անպայման, զի գիտեն, որ իրենց դարձի ճամփին սպասում է Հայրենիքը: