Վրաստանը վերանվանվեց Ջորջիա


Մեր հարևան պետությունը, փաստորեն, տարբեր լեզուներով տարբեր անուններ ունի: Հայաստանին հավանաբար չեն խնդրի «Վրաստան» անվանումը փոխել «Ջորջիա»-ով, բայց ճապոնացիներին խնդրել են: Եվ Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատը օրենսդրական ուղղում է կատարել` պաշտոնական փաստաթղթերում և ցուցանակներին «Գռուզիա»-ն փոխարինելով «Ջորջիա»-ով: Որոշումն օրենքի ուժ կստանա առաջիկայում` Վերին պալատում հաստատվելուց հետո (տեղեկացրել է ՏԱՍՍ-ը):

Փոփոխության պայմանավորվածությունը ձեռք էր բերվել անցյալ աշնանը` նախագահ Գ. Մարգվելաշվիլիի Տոկիո կատարած այցի ընթացքում:

Վրացիներին էլ կարելի է հասկանալ. մինչ հիմա ճապոնական փաստաթղթերում այս երկրի անվանումը գրվում է տառադարձված` «Գուռուձիա»: 2009-ից նրանց խնդրանքը մերժվում էր: Հիմա օրինագծի տեսքով կա համաձայնությունը, սակայն այս նոր տարբերակն էլ ուրիշ թյուրիմացության առիթ կարող է դառնալ: Վրացական Ջորջիան կարող են շփոթել ամերիկյան Ջորջիա նահանգի հետ: