Անցնցում հանգիստ` սոց - փաթեթի շրջանակներում


Սոց. փաթեթի շրջանակներում Հայաստանում և Արցախում հանգստացողների թիվը գնալով աճում է: Ծրագիրը կյանքի է կոչվել 2012 թվականին, և երկու տարվա ընթացքում շահառուների թիվը մի քանի անգամ բազմապատկվել է: Պաշտոնական վիճակագրության համաձայն, եթե 2012-ին կնքվել է հանգստի ապահովման 13 հազար պայմանագիր, ապա 2014-ին այն հասել է 62 հազարի: 2015 թ. սոց. փաթեթի շրջանակներում տրամադրվող ծառայություններից օգտվելու կարգում որոշակի փոփոխութ յուններ են եղել, ինչը հասարակության շրջանում անհանգստության պատճառ է դարձել: Հասարակությանը հուզող հարցերի պատասխանները ստանալու ակնկալիքով է զրույցը ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության վարչության պետ Մեխակ ԱՊՐԵՍՅԱՆԻ հետ:

- Վիճակագրական թվերի աճը թույլ է տալիս եզրակացնել, որ դրա կարիքն ուներ հանրությունը. հատկապես, երբ սեփական միջոցների հաշվին հանգստանալը շատերի համար շարունակում է մնալ թանկ հաճույք: Սակայն կա տեսակետ, որ հարևան Վրաստանում հանգիստը կազմակերպելն ավելի շահավետ է: Նույնիսկ տեսակետ կար, որ անվճարունակները հանգստանում են Վրաստանում, իսկ վճարունակները` Հայաստանում: Պատկերը փոխվե՞լ է:

- Թեև սոց. փաթեթի շրջանակներում ծառայություններից օգտվողների քանակը կազմում է ընդհանուր ներքին զբոսաշրջության շուրջ 10-15 տոկոսը, բայց այն իրականում էապես նպաստել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի տեսարժան վայրերի մասին բնակչության իրազեկվածության աստիճանի բարձրացմանը: Շատերի մոտ այնպիսի տպավորություն էր, թե Հայաստանում չկան գրավիչ վայրեր, կամ դրանք մրցունակ չեն գնային առումով, և հանգստի մեկնողները նախընտրում էին գնալ Վրաստան` Քոբուլեթի, Բաթումի և այլն: Սա իրազեկվածության պակասի խնդիր էր: Թեև նախկինում էլ իրազեկվածության բարձրացման ուղղությամբ աշխատանքներ կատարվում էին, բայց սա լրացուցիչ խթան էր:

- Երբեմն հանգստի մեկնողները վերադառնում են հիասթափված, իսկ շատերն էլ պարզապես չեն վստահում կազմակերպիչներին: Ինչպե՞ս կողմ-նորոշվեն մարդիկ:

- Շահառուները միայն պետք է օգտվեն այն զբոսաշրջային օպերատորների առաջարկներից, որոնք հաշվառված և լիցենզավորված են ՀՀ էկոնոմիկայի նախարարութ յան կողմից: Դրանց ցանկը ներկայացված է նախարարության պաշտոնական կայքէջում:

- Լինում են դեպքեր, երբ հանգստի սեզոնից առաջ սկսվում է այսպես ասած սոցիալական փաթեթի շահառուների «որս»: Նրանց առաջարկվում է նախապես պայմանագիր կնքել զբոսաշրջային այս կամ այն ընկերության հետ, հանգստի վայրի և պայմանների ընտրությունը թողնելով հետագային: Մտավախություն չկա՞ արդյոք, որ նման դեպքերում շահառուն կարող է հետագայում խնդրի առջև կանգնել:

- Ե´վ սոց. փաթեթի շրջանակներում, և´ ընդհանրապես որևէ մեկը չի կարող շահառուին ստիպել նախօրոք պայմանագիր կնքել: Շահառուն ինքն է որոշում ում հետ ինչ պայմանագիր կնքել: Նախօրոք կնքված պայմանագրում պետք է հստակ նշված լինի, թե շահառուն ե՞րբ է մեկնելու հանգստանալու, որտե՞ղ և ի՞նչ պայմաններով: Մենք պետք է փորձենք վերացնել մասսայական պայմանագրեր կնքելու փորձերը և յուրաքանչյուր պայմանագրում պետք է հստակ նշված լինեն ծառայությունների մասին բոլոր մանրամասները:

- Շրջանառվող լուրերի համաձայն, որոշ շահառուներ նախապես պայմանագիր են կնքել այս կամ այն զբոսաշրջային կազմակերպության հետ, սակայն երբ եկել է փաթեթից օգտվելու ժամանակը, պարզվել է, որ օրինակ` գործակալը չկա և ստանձնած պարտավորությունը մնացել է օդից կախված:

- Այդ գործակալները նույնպես պետք է լինեն կամ առևտրային կազմակերպություններ, կամ անհատ գործակալներ: Պայմանագիրը կնքվում է հաշվառված տուրօպերատորի անունից և պայմա-նագրից ծագող պարտավորությունները ստանձնում է տվյալ զբոսաշրջային գործակալությունը: ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կայքում նաև տուրիստական ընկերությունների հետ աշխատող գործակալների տվյալները կան և պայմանագիր կնքելուց առաջ շահառուները կարող են կայքից տեղեկանալ, թե տվյալ անհատը, որը ներկայանում է այս կամ այն ընկերության անունից, իսկապե՞ս տվյալ ընկերության գործակալն է, թե՞ ոչ:

- Բացի իրավապահ մարմիններին դիմելուց, ուրիշ ի՞նչ իրավունք ունի, այսպես ասած, խաբված շահառուն:

- Եթե շահառուն խաբվել է, կարող է դիմում գրել մեզ` ներկայացնելով պայմանագիրը և հստակ նշելով, թե ինչից է դժգոհ: Մենք խնդիրն ուսումնասիրելուց հետո խախտում թույլ տված ընկերությանը առաջին անգամ նկատողություն ենք անում և մեկ տարվա ընթացքում կրկնվելու դեպքում զրկում ենք լիցենզիայից: Նման դեպքում տվյալ ընկերությունը զրկվում է սոց. փաթեթի շրջանակներում հանգիստ կազմակերպելու հնարավորությունից և մեկ տարի չի կարող կրկին դիմել մեզ` լիցենզիա ստանալու համար:

Հ.Գ. Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության կողմից հանրային ծառայողներին սոցիալական փաթեթի շրջանակներում տրամադրվում է 132 հազար դրամ գումար, որի 52 հազար դրամը ուղղվում է առողջական խնդիրների կարգավորմանը, 8 հազարը` պարտադիր բուժզննում անցնելու համար: Մնացած 72 հազարը շահառուները կարող են «ծախսել» 4 տարբեր ուղղություններով` բուժման, երեխաների ուսման վարձի և հիփոթեքի տոկոսադրույքի վճարման, ինչպես նաև հանգստի ծառայություններից օգտվելու նպատակով:

Արմինե ԳՐԻԳՈՐՅԱՆ