Երեք քայլ, որը կշարժի տնտեսությունը


Արդեն մի քանի տարի է` Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ, Հանրային խորհրդի անդամ Վազգեն Սաֆարյանն առաջարկում է ստեղծել պետական մի գերատեսչություն, որը կստանձնի արդյունաբերության զարգացման, կամ ավելի կոնկրետ` մեռած արդյունաբերությունը վերակենդանացնելու խնդիրը: Վերջին մեկ տարվա ընթացքում Կառավարությունը գործադիր մարմնի գործունեությունն օպտիմալացնելու ճանապարհով է առաջ շարժվում, և այս ֆոնի վրա նոր գերատեսչության ստեղծումը որոշ առումով թվում է ոչ իրատեսական, կամ` հեռու երազանք:

Հասկանալու համար, թե նման գերատեսչության ստեղծման առաջարկը որքանո՞վ կարող է իրատեսական լինել և ի՞նչ գործառույթներ պետք է իրականացնի, որոնք չեն իրականացնում եղած նախարարությունները, «Ավանգարդի» թղթակիցը զրուցեց Վազգեն ՍԱՖԱՐՅԱՆԻ հետ:

- Ձեր կարծիքով չի՞ ստացվում, արդյոք, որ Դուք առաջարկում եք հարկատուների հաշվին նոր գերատեսչություն ձևավորել, որը նոր բեռ կդառնա Կառավարության ուսերին:

- Ոչ, որովհետև այդ նախարարությունը կարող է ինքնաֆինանսավորվել և կարող է բյուջեից ոչինչ էլ չստանալ:

- Այդ դեպքում, ինչու՞ նախարարություն, ոչ թե` այլ կարգավիճակ ունեցող ընկերություն:

- Ես ասում եմ նախարարություն, որպեսզի այն կարողանա օրենքներ առաջարկելու հնարավորություն ունենալ: Կարող է լինել և´ գործակալություն, ինչպես Ռուսաստանում կա, և´ նախարարություն: Մեզանում այդ նախարարության անհրաժեշտությունն ավելի կարևոր է, քան մեկ այլ նախարարությանը: Նախկինում ունեցել ենք նման նախարարություն, որը կազմալուծել ենք, սակայն նրա գործառույթները նույնն էին, ինչպես որ ներկայիս Էկոնոմիկայի նախարարության գործառույթներն են: Օրենքներ էին ընդունում և ասում էին` այդ օրենքներով գնացեք կարգավորվեք, կառավարվեք, աշխատեք և բերեք հարկեր մուծեք: Սակայն, կյանքը ցույց տվեց, որ միայն օրենքներ ընդունելը քիչ է. պետք է կարողանալ նաև ներդրումներ կատարել, պետք է կարողանալ պետություն-մասնավոր գործընկերային գործառույթ իրականացնել:

Այնպես, ինչպես դա անում են Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, որոնք դասական կապիտալիստական երկրներ են, բայց իրենք իրենց համարում են սոցիալիստա կան ուղղվածություն ունեցող, որտեղ հիմնական միջոցների կեսից ավելին (Ֆրանսիայում` 60 տոկոսը, Շվեդիայում` 80 տոկոսը) պետության բաժնեմասն է: Եվ այն ձեռնարկությունները, որոնք չեն կարողանում աշխատել, շրջանառու միջոցների կարիք ունեն, պետությունը բյուջետային միջոցների հաշվին ներարկումներ է կատարում, դարձնում է այն շահավետ գործող կառուցներ և բաժնետոմսերը վաճառում է: Մեզ մոտ նույնպես պետք է կարողանանք դա իրականացնել:

- Բայց Հայաստանում արդեն 25 տարի է` մասնավոր ձեռնարկատիրական և ձեռներեցության քաղաքականություն է վարվում: Այլ կերպ ասած` շուկայական տնտեսության մոդելով ենք առաջ շարժվում:

- Հայաստանը եղել է արդյունաբերական երկիր: 1988 թվականին բյուջեի ազգային եկամուտը կազմել է 14 միլիարդ ռուբլի, որն այսօրվա 28 միլիարդ դոլարն է: 66,7 տոկոսը կազմել է արդյունաբերության մասնաբաժինը: Իսկ այսօր այն դարձել է սպասարկող երկիր, և արդյունաբերական արտադրանքը մեր ՀՆԱ-ի մեջ կազմում է մինչև 20 տոկոս: Արդյունաբերության կորստով աճեց գործազրկությունը, որի հետևանքով տեղի ունեցավ արտագաղթ: Պետք է արդյունաբերությունը դարձնել գերակա ուղղություն, զարգացնել և մեկ-երկու տարում այն հասցնել սկզբում ՀՆԱ-ի 25 տոկոսին, այնուհետև 30, 40, մինչև 50 տոկոս: Այդ դեպքում մենք կլուծենք և´ գործազրկության, և´ շատ այլ հարցեր:

- Ձեր նշած մոդելով չի՞ստացվում, որ վերջից ենք փորձում սկսել:

- Այս 20 տարիները ցույց տվեցին, որ մեզանում ջերմուկ, մոլիբդեն, պղնձի խտանյութ վաճառելով` մենք չկարողացանք կասեցնել գործազրկությունը: Ուրեմն պետք է պատրաստի արտադրանք ստեղծենք: Դա և´ թեթև արդյունաբերությունն է, և´ մեքենաշինությունն է, և´ մետալուրգիան: Պետք է կարողանանք զարգացնել այս ոլորտները: Այդ ժամանակը մենք համարում ենք կորցված հնարավորությունների ժամանակ: Անցնելով շուկայական հարաբերությունների, շատերը մտածել են, որ դա կկարգավորի տնտեսությունը: Բավարար է ընդունել օրենքներ և ամեն ինչ հարթ կգնա: Բայց մեր երկրի նման երկրներում, այն էլ` անցումային ժամանակներում, առավել քան անհրաժեշտ է պետության կարգավորման դերը կիրառել:

- Ստացվում է, որ պետությունը մի կողմից սեփականաշնորհում է իրականացնում, մյուս կողմից ետքա՞յլ պետք է կատարի. ո՞րն է այստեղ տրամաբանությունը:

- Ո՞վ է մեղավոր:

- Իմ նպատակը մեղավորներ փնտրելը չէ:

- Իսկ ես փնտրում եմ մեղավորներ: Մեղավորությունն այն է, որ սխալ տնտեսական քաղաքականություն է տարվել. ամեն ինչ թողնվել է ինքնահոսի. ամեն ինչ կարող են մասնավորեցնել, 20 տոկոսն էլ տալ բնակչությանը: Այսօր այդ 20 տոկոս բաժանված արժեթղթերից քանի՞ մարդ է պահպանել իր բաժնեմասը: Կոպեկներով վաճառել են, չէ՞: Այսինքն, տեղի է ունեցել ազգային ունեցվածքի վերաբաժանում և փոշիացում: Մարդիկ 2000 դրամով փողոցներում արժեթղթեր էին գնում և գործարաններ և տարբեր օբյեկտներ էին առնում:

- Հիմա ինչպե՞ս պետք է խորհրդային տարիներից մնացած պետության ունեցվածքը ետ բերել:

- Մենք ասում ենք` այն տնտեսական ոլորտները, որոնք հնարավոր է` պետք է վերականգնել: Օրինակ, կոշիկի արտադրությունը: Ինչո՞ւ «Մասիս» ֆիրմայի ավանդույ թները չենք կարողանում վերականգնել: Որովհետև միջոցներ չկան: Սպիտակում ունեինք տրիկոտաժի ֆաբրիկա, որի արտադրանքը վաճառվում էր նույնիսկ Ֆրանսիայում: Բայց այս բոլորը փոշիացրել ենք: Այսօր որևէ մեկը կարո՞ղ է ասել, որտեղ է «Մասիս» ֆիրման: Փոշիացվել է, չկա´:

- Մենք փոշիացրինք, հիմա էլ ասում ենք` ո՞ւր է:

- Հիմա պետք է վերականգնել: Այսօր կան մարդիկ, ովքեր ցանկանում են դրանով զբաղվել: Ուրեմն պետությունը պետք է սահմանի որոշակի շարք. այնպես, ինչպես սահմանային գյուղերում կատարվեց: Ջրի վարձի, հողի վարձի ազատ տնտեսական գոտի: Եթե այնտեղ տնտեսություն են կազմակերպում, նրանք ԱԱՀ և շահութահարկ չեն մուծում, մուծում են միայն եկամտային հարկ: Այսօր կառավարությունը նպատակահարմար գտավ սահմանային շրջանները դարձնել ազատ գոտիներ:

- Ո՞րն է ելքը:

- Հայաստանի կառավարությունն իր առջև պետք է խնդիր դնի, որ Հայաստանը պետք է լինի արդյունաբերական երկիր: Դա միակ միջոցն է գործազրկությունը մեղմելու և արտագաղթը կասեցնելու: Պետք է ընդունի այնպիսի քաղաքական որոշում, ինչպես դա արվել է 2011 թ. դեկտեմբերի 15-ին, երբ ընդունվեց արդյունաբերության զարգացման հայեցակարգ և արտահանման խթանման քաղաքականություն: Դրանք հեղափոխական որոշումներ են: Նախկին կառավարությունը նման կամք դրսևորեց և ընդունեց նման հայեցակարգ: Ստեղծվեց հիմնադրամ, և մեզ հուսադրում էր, որ առաջին քայլերն արվել են: Հիմա պետք է երկրորդը, երրորդն արվեն: Ամեն մի երկիր իր տեղական արտադրողի շահերն է պաշտպանում, մեր երկիրն էլ իր տեղական արտադրողի շահերը պետք է կարողանա պաշտպանել:

- Իսկ Ձեր կարծիքով ինչի՞ց պետք է սկսել:

- Կառավարությունը նախ պետք է գույքագրում կատարի, հասկանալու համար, թե մեր տնտեսությունից ինչ է մնացել: Երկրորդ քայլով պետք է իրականացնի մոբիլիզացիոն քաղաքականություն, պարզելու համար, թե ինչ ռեսուրսներ ունենք: Այդուհետ մեր ռեսուրսները տեղական շուկայի համար նպաստավոր պետք է դարձնենք և սկսենք մեր ռեսուրսները ռացիոնալ օգտագործել: Առանց դրա հնարավոր չի լինի առաջ գնալ և տնտեսություն զարգացնել: