ՆՐԱՆՔ ՓՐԿԵՑԻՆ ՄԵԾ ԵՌՅԱԿԻ ԿՅԱՆՔԸ

Կամ` հրամայված էր ապահովել վատ եղանակ...

ԷՋԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԳԶՐՈՑՆԵՐԻՑ

ՀՀ ԱԱԾ արխիվի գաղտնազերծված փաստաթղթերի հետ աշխատելիս հանդիպեցի Եվգենի Ժիրնովի «Մետեոսվոդկա» գործողությունը» հոդվածին` գրված 2000 թվականին ԱԱԾ ներքին օգտագործման համար: Նախկինում «Խիստ գաղտնի» ծածկագրի (գրիֆ) տակ պահվող, 2010 թվականին արդեն գաղտնազերծված այդ փաստաթուղթն ինձ հետաքրքրեց հայերի մասին Լավրենտի Բերիայի` 1945 թ. հունվարի 26-ին Ստալինին գրած հաղորդագրությամբ, որի թարգմանությունը չնչին կրճատումներով բերում եմ ստորև.

«Սիմֆերոպոլ քաղաքի ազատագրումից հետո 1944 թ. ապրիլի 13-ին 4-րդ Ուկրաինական ռազմաճակատի «Սմերշ» վարչություն մեղայականով ներկայացան գերմանական հետախուզության երկու գործակալ-ռադիստներ.

1. Հովհաննիսյան Սարիբեկ Կարապետի, 1922 թ., Երևան քաղաքի բնակիչ, հայ, ՀամԼԿԵՄ նախկին անդամ, 89-րդ դիվիզիայի հրետանային գնդի նախկին կապավոր, 1943 թվականին Կուբանում գերեվարվել է գերմանացիների կողմից, պահվել Սիմֆերոպոլի ռազմագերիների ճամբարում: 1943 թվականին հավաքագրվել է գերմանական հետախուզության կողմից, ռադիստ-գործակալի հատուկ դասընթացներ է անցել հետախուզության դպրոցում:

2. Թոռլաքյան Նորայր Գարեգինի, 1917 թ., Սոչիի քաղաքացի, հայ, ՀամԼԿԵՄ նախկին անդամ, 442-րդ հրաձգային գնդի նախկին կարմիրբանակային, 1941 թ. հոկտեմբերին գերի է ընկել, պահվել Ջանկոյ քաղաքի ռազմագերիների ճամբարում, հավաքագրվել է գերմանական հետախուզության կողմից, ռադիստ-գործակալի հատուկ դասընթացներ է անցել հետախուզության դպրոցում:

Հովհաննիսյանն ու Թոռլաքյանը պատմեցին, որ Սիմֆերոպոլից հեռանալուց հետո գերմանացիներն իրենց թողել են այստեղ` Կարմիր բանակի թիկունքում աշխատելու համար: Նրանց վկայությամբ, իրենց հետ նաև 4 հայ է եղել… Հանձնարարությունները կատարելու համար խումբը համալրվել է դյուրատար կարճալիք 4 ռադիոկայաններով, 240000 խորհրդային ռուբլով, սննդամթերքով, անձնական զենքով և կեղծ փաստաթղթերով: Թշնամուն ապատեղեկատվություն տալու, հետախուզության ռադիոալիքները որսալու և մերոնց տրամադրելու նպատակով` մեր հետախույզները «աշխատել են» Հովհաննիսյանի ու Թոռլաքյանի հետ և սկսել «ռադիոխաղեր» կազմակերպել թշնամու հետ: Թշնամուն երկու ռադիոկայանների կողմից հաղորդվել են 40 ապատեղեկատվական տեքստեր, որոնց բովանդակությունը հաստատել է Կարմիր բանակի Գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ, գեներալ-գնդապետ Կուզնեցովը: Միաժամանակ գերմանական հետախուզության առջև դրվեց Թոռլաքյանի մտացածին կապը իբրև թե սարերում թաքնվող ութ հոգիանոց խմբի հետ` որոնց վնասազերծելու համար պահանջվեցին լրացուցիչ ուժեր: Նոր գործակալներ ուղարկելուն գերմանացիները համաձայնեցին, բայց, նկատի ունենալով հեռավորությունը, 1944 թ. հոկտեմբերի 15-ին առաջարկեցին խմբին տեղափոխվել Ուկրաինա և խմբից համապատասխան փաստաթղթերով ու պայմանանշանով կապավոր պահանջեցին` տեղափոխումն իրականացնելու համար: 1944 թ. դեկտեմբերի 23-ին պայմանավորված վայրում հակառակորդը պարաշյու տով իջեցրեց գերմանական հետախուզության գործակալ Խակիմ Գալիևիչ Շակիրզյանովին`1908 թ. ծնված թաթար, հանձնարարելով նրան կապվել խմբի հետ և հանձնել 527.180 ռուբլի, զանազան կեղծ փաստաթղթեր, զինվորական մասերի կնիքներ ու դրոշմակնիքներ, համազգեստ, ռադիոկայանների մարտկոցներ: Ձերբակալված Շակիրզյանովը պատմեց, որ գերմանական հետախուզությունը հրամայել է վերախմբավորվել Պրիպյատ գետի շրջանում: 1945 թ հունվարի 21-ին հերթական սեանսի ժամանակ թշնամին փոխանցեց հետևյալ հաղորդագրությունները.

1. «Պատասխանեք, կարո՞ղ է ձեզանից որևէ մեկը ճեղքել Ուկրաինական 2-րդ կամ 3-րդ ռազմաճակատների գիծն ու հասնել մեզ: Ի՞նչ նորություն կա Ղրիմում»:

2. «Ամեն օր մեզ հաղորդեք եղանակի տեսությունը` ջերմաստիճանը, քամու արագությունն ու ուղղությունը, ամպամածությունը` քառորդ, կես, երեք քառորդ, լրիվ ձևաչափերով, արևը, ձյունը, ամպամածությունը և այլն: Ողջույն»:

Նկատի ունենալով, որ հակառակորդը խմբին հանձնարարել է տեղափոխվել Պրիպյատ գետի շրջան, Ղրիմի եղանակի մասին հարցումը արժանի է ուշադրության: Անհրաժեշտ է նշել, որ եղանակի մասին այսպիսի տվյալներ հակառակորդը պահանջում է նաև ռադիոխաղի մեջ ներգրավված այլ ռադիոկայաններից: Այնուամենայնիվ, ստուգելու համար, թե արդյոք հակառակորդը այս պահին հատուկ ուշադրություն չի դարձնում Ղրիմին, համարում եմ անհրաժեշտ, որպեսզի «Սմերշ» գլխավոր վարչությունը կապի հերթական սեանսում գերմանացիներին ուղարկի հետևյալ հաղորդագրությունը.

«Ձեզ մոտ գալիս է Աստադուրյանը` մեր թաթարի հետ: Ասացե´ք` ինչպե՞ս ճիշտ հասնել Ձեզ: Բացի այդ, շտապ հաղորդեք` ինչպե՞ս Ձեզ հասնեն մյուսները»:

Եթե հակառակորդը, իրոք, հատուկ ուշադրություն է դարձնում Ղրիմին, ապա խմբին կհանձնարարի մնալ տեղում ու կոնկրետ հանձնարարություն կտա, ինչը հնարավորություն կընձեռի պարզելու գերմանացիների նպատակներն ու գործողությունների ծրագիրը:

Հետագա իրադարձությունների մասին կզեկուցվի Ձեզ:

ԽՍՀՄ ներքին գործերի ժողկոմ Լ. Բերիա» (ստորագրություն, կնիք):

Ընթերցողի ներողամտությունը հայցելով ընդարձակ մեջբերման համար, ասեմ, որ այս գործողության մասին, հայտնի պատճառներով, ուրիշ վկայություններ չեն պահպանվել: Անհրաժեշտ էր որոնել ու գտնել նամակում հիշատակված անձանց, կամ, գոնե, նրանց հարազատներին: Որոնումներիս առջև կանաչ լույս վառեց հայ ժողովրդի պատմությանը քաջատեղյակ Վահագն Սահակյանը: Իմ առաջարկին` հանդիպել արդեն իսկ գաղտնազերծված քեռու հետ, Վահագնը չմերժեց, ու րոպեներ անց մենք Սարիբեկ Հովհաննիսյանի` Զեյթունի ծայրամասում տեղավորված հիսունական թվականներին սեփական ձեռքերով կառուցած հյուրընկալ օջախում էինք:

Ճակատագրի դառը խաղով, երբ Հովհաննիսյանն առողջ էր, ասող-խոսող, իրավունք չուներ իր անցյալի մասին որևէ բան ասել, հրամայված էր լռել, իսկ երբ, արդեն իննսունի շեմին գտնվող ծերունուն հայտնի կազմակերպությունից եկել ու ասել էին, որ իր գործունեությունը գաղտնազերծված է ու կարող է ազատ խոսել, գլխուղեղի կաթված էր տարել, խոսելու ունակությունը կորցրել, նորից շարունակելով լռել` արդեն Աստծո կամոք... Ընտանիքի անդամներն էլ տեղյակ են նրա կյանքի մինչպատերազմյան և հետպատերազմյան հատվածից միայն: Նրանց խնդրանքներին` պատմել պատերազմի տարիների իր գործունեության մասին, Սարիբեկը լռել ու բազմանշանակ ժպտացել է լոկ: Ու ինձ մնում էր նախօրոք հայթայթած տեղեկություններս ներկայացնելով` ապավինել հերոսի դեմքի արտահայտություններին, «հա ու չէ»-ին` ամբողջացնելու այս հետաքրքիր մարդու կենսագրությունը:

Ծնվել է 1923 թվականի հունիսի 22-ին, Սևանի շրջանի (այժմ` Գեղարքունիքի մարզի) Դդմաշեն գյուղում, սովորել դպրոցում, տարվել նկարչությամբ: Այսօր էլ նրա համեստ բնակարանի միակ «կահկարասին» իր նկարներն են: Դպրոցն ավարտելուց հետո եկել է Երևան` նկարչական ուսումնարան ընդունվելու, սակայն պատերազմը խառնել է բոլոր ծրագրերը: Վերադարձել է գյուղ, մտել Զագսի վարիչի մոտ, խնդրել է մեկ տարով իրեն մեծացնել, որպեսզի առանց խոչընդոտի բանակ մեկնի: Չեն մերժել, դիմում է գրել ու կամավոր ռազմաճակատ մեկնել: Կռվել է Հյուսիսային Կովկասում, Կուբանում,Ղրիմում: Քանի որ կատարելապես տիրապետում էր Մորզեի այբուբենին, անգլիական արտադրության շարժական ռադիոկայան են տվել, նշանակել ռադիստ ու խստորեն զգուշացրել` կա´մ կյանքդ, կա´մ ռադիոկայանը: Մի անգամ Կուբանում ռմբակոծութ յան ժամանակ մարմնով պաշտպանել է ռադիոկայանը, կոնտուզիա ստացել ու… հայտնվել գերմանական համակենտրոնացման ճամբարում: Այստեղ հանդիպել է Ջանկոյի ճամբարից, հավանաբար գնդակահարության համար այստեղ տեղափոխված, Նորայր Թոռլաքյան անուն-ազգանունով սոչիաբնակ հայի, ով նույնպես ռադիստ էր: (Երկար պրպտումներից հետո ինձ հաջողվեց պարզել, որ Նորայրը Հայոց Մեծ Եղեռնի կազմակերպիչներին պատժելու կոչված «Նեմեսիս» հայտնի գործողության հերոս, 1921 թվականի հուլիսի 21-ին Կոստանդնուպոլսում Ադրբեջանի ներքին գործերի նախկին նախարար, Բաքվի հայերի դահիճ Բիհբութ Ջիվանշիր Խանին շանսատակ արած ու Անգլիայի ռազմական դատարանի կողմից արդարացված Միսաք Թոռլաքյանի հորեղբոր որդին էր: 2-րդ աշխարհամարտի տարիներին Միսաքը համագործակցում էր Դրաստամատ Կանայանի հետ և, հավանաբար, նրա խնդրանքով էլ վերջինս համակենտրոնացման ճամբարից հանել է Հովհաննիսյանին ու Թոռլաքյանին):

Ինչևէ, գերեվարվելով, երկու ընկեր պայմանավորվում են ռադիստ լինելու մասին լռել, քանի որ ֆաշիստները ռադիստներին ևս, հրեաներին ու կոմունիստներին համահավասար, առաջնահերթ կարգով էին գնդակահարում: Սակայն, շատ չանցած, Թոռլաքյանն ինչ-ինչ պատճառներով հայտնում է իր և Սարիբեկի ով լինելն, ու սարսափով սպասում են իրենց վերջին: Գերմանացի սպայի հագուստով միջահասակ սևահեր մի տղամարդ մտնում է ճամբար ու երկու ընկերների ազգանուններն ընթերցելով` դուրս է հրավիրում Հովհաննիսյանին ու Թոռլաքյանին: Նրանք հրաժեշտ են տալիս ընկերներին, մտովի «մնաք բարով» ասում հարազատներին ու գնում դեպի անհայտություն: Հանկարծ սպան բացում է ճամբարի բակում սպասող շքեղ մեքենայի դուռն ու հրավիրում տղաներին նստել, ինքն էլ նստում է վարորդի կողքին: Հետո նա սկսում է հայերեն խոսել, հարցնում է, թե ով որտեղից է: Երբ իմանում է Սարիբեկի` դդմաշենցի լինելը, չի թաքցնում ուրախությունն ու հարցնում է.

- Իսկ դուք ճանաչու՞մ եք Սերոբին:

Սարիբեկն ասում է, որ Սերոբն իր հորաքրոջ ամուսինն է: Սա լսելով` անծանոթ սպան տեղից վեր է թռչում, շուռ է գալիս, փաթաթվում Սարիբեկին ու ասում.

- Սերոբն իմ Աստվածն է, փրկիչը, նա շուրջ երկուհարյուր հոգիանոց իմ ջոկատը մեկ ամսից ավելի հյուրընկալել է իր և իր հարազատների տանը, կերակրել, պահել: Ուրեմն դուք իմ հարազատներն եք, ձեր անվտանգության համար, ինչպես նաև մեր ժողովրդի ապագայի համար կանեք այն, ինչ կասեմ:

Այնուհետև սպան տղաներին համոզում է իրենց մասնագիտությամբ ծառայել Գերմանիային, իր կարծիքով` նաև Հայաստանին: Մի պահ տղաներն ընդդիմանում են, հետո Թոռլաքյանն աչքունքով հասկացնում է, որ համաձայն են: Հաջորդ օրն ստանում են համազգեստ, նոր, առավել կատարյալ ռադիոկայան ու անցնում գործի:

«Անցյալ դարի քառասունական թվականների ինքնաթիռների անվտանգ թռիչքի համար կարևոր նախապայման էր եղանակի ճշգրիտ իմացությունը. դեռևս չկար «կույր թռիչք»-ի տեխնիկան: Առանց եղանակի տեսության ոչ մի ինքնաթիռ օդ չէր բարձրանում: 1945 թվականի փետրվարի սկզբներին Յալթայում Եռյակի կոնֆերանսն սկսվելուց առաջ գերմանացիները ակտիվորեն լծվել էին Թեհրանում ձախողած գործողության նորովի իրագործմանը Յալթայում` մի հարվածով վերացնելու Ստալինին, Չերչիլին ու Ռուզվելտին, փոխելու պատերազմի ելքը: Պատահական չէ, որ գերմանացիների կողմից գրավված Խորհրդային արևմտյան տարածքներում, հատկապես Սև ծովի ավազանի երկրներում, տեղակայվել էին մինչև ատամները զինված միավորումներ, հետախույզներ, ռազմական տեխնիկա, հարյուրավոր ռմբակոծիչներ: Վերջիններիս թռիչքն ապահովելու համար, ինչպես ասվեց, պետք էր եղանակի ճշգրիտ տեսություն, որի պատասխանատվությունը դրված էր Հովհաննիսյանի ու Թոռլաքյանի վրա: Եվ, ուրեմն, 1944 թվականի ողջ ընթացքում, 1945 թվականի առաջին օրերից սկսած, գերմանական հատուկենտ ինքնաթիռներ հայտնվեցին Ղրիմի երկնքում, իսկ փետրվարի 4-ից 11-ը, երբ Յալթայում աշխատում էր երեք դաշնակից պետությունների համաժողովը, երկինքը լիովին խաղաղ էր, քանզի «եղանակը թռիչքային չէր»: Իսկ Իոսիֆ Ստալինը, ում արդեն զեկուցել էին մեր հետախույզների կազմակերպած գործողությունների մասին, թափանցիկ ակնարկներով հասկացնել էր տվել Ֆրանկլին Ռուզվելտին և Ուինստոն Չերչիլին, որ արևոտ այդ եղանակին գերմանական ինքնաթիռների չթռչելը մերձսևծովյան օդանավակայաններից` խորհրդային անվտանգության ծառայությունների ձեռքի գործն է: Մինչև գերմանացիները գլխի կընկնեին, թե ինչ էր պատահել եղանակին, Խորհրդային զորքերը լիովին ազատագրեցին Ղրիմն ու մերձսևծովյան երկրները և «գերմանացի» ռադիստները նորից իրենց նախկին տեղում` հայրենակիցների գրկում հայտնվեցին:

Միանգամայն պարզ ու հասկանալի է, որ մեր հերոսներին Խորհրդային հատուկ ծառայությունները չէին հավատա, եթե բազմակողմանի ստուգման չենթարկեին, չհամոզվեին, որ նրանք թե´ այստեղ և թե´ գերության մեջ անվերապահորեն ծառայել են Մայր Հայրենիքին, որն այդ տարիներին Խորհրդային Միությունն էր: Իսկ թե ով էր գերմանական համակենտրոնացման ճամբարից իրենց փրկողը, Հովհաննիսյանն իմացել է տարիներ անց` «գերմանացի» սպային հար և նման մի նկարի տակ կարդալով Դրաստամատ Կանայանի (Դրո) անունը: Հետո տարեց համագյուղացիները պատմել են, որ, իրոք, 1921 թվականի փետրվարին Դրոն իր ջոկատով շուրջ մեկ ամիս հյուրընկալվել է Դդմաշենում:

Ասքանազ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ