ԱՇԽԱՏԱ´ՆՔ

Միակ ելքը` ստեղծված իրավիճակից

100-ամյա լռության պատը կարծես ճաք է տալիս: Միջազգային հանրությունը լսում ու նույնիսկ սկսում է հասկանալ մեր ցավը: Դա ևս սպեղանի է նվացող վերքին, որի ամոքումը նոր ջանքեր ու ժամանակ կպահանջի: Կարևորը, սակայն, այսօր այն է, որ լռության պատը ճաք է տալիս: Երևի չափազանցություն չի լինի ասել, թե համայն մարդկության հայացքը Հայաստանին է ուղղված, ու դա փարատում է, մասամբ ցրում անտարբերության մղձավանջը: Բայց նաև պարտավորեցնում է, որպեսզի ինքներս էլ մեզ նորոգված հայացքով նայենք: Այո, խաթարվել է մեր նկարագիրը: Պատճառները շատ են ու տարբեր: Սակայն մեղավորներ որոնելու, մեղքեր վերագրելու և հիմնավորելու ժամանակ այլևս չունենք: Ամբողջ մի ազգի նկարագիրը խաթարողների, նրան փակուղի մղողների դատավորը պատմությունն է, որի դատավճռով իրեն վերագտած ժողովուրդը նզովում կամ օրհնում է իր ընթացքի անիվը պտտողներին: Հիմա ինքնավերագտնումի հրամայականն է օդից կախ:

Ժողովուրդը դժգոհ է իշխանավորներից, իշխանավորներն էլ, ինչպես ասում են` «ժողովրդի արևով չեն երդվում:» Արդյունքը մերօրյա իրավիճակն է` անհուսություն, դրական լիցքերի պակաս, անհասցե կամ բոլորի հանդեպ ատելություն` մերթընդմերթ հայհոյախառն ընդվզումներով ուղեկցվող: Սեփական անզորությունից ծնված ատելություն: Օրինաչա՞փ է: Համենայն դեպս` անհարիր է քաղաքակիրթ ազգին, նվաճումներ արձանագրած ժողովրդին: Իսկ արդյո՞ք ամենազոր են իշխանավորները: Ընդ որում` ոչ միայն մեր երկրում... Իշխանությունները հզոր են իրենց սատարող, իրենց պահանջներ ներկայացնող ժողովրդով, այլ ոչ թե ամենից ինչից դժգոհ, հուսահատ, ինքնութ յունը կորցրած զանգվածներով: Իսկ հուսահատությունն ինքնակոչ հյուր չէ: Ուրեմն այդ հուսահատությունը ցրել է պետք: Ինչպե՞ս: Նույնիսկ շարքային պաշտոնյայի աթոռ չտեսած բանական ամեն արարած գիտե. մարդն ինքնավստահ պետք է լինի իր այսօրով, զավակների ապագայով: Եթե հակիրճ` մարդկանց աշխատանք է պետք, որը և´ զբաղվածություն է, և´ սոցապահովության երաշխիք:

Մեր անկախության նախաշեմին տեսնես ո՞ր չարակամի ուղեղն էր որոճացել, թե Հայաստանը պետք է սպասարկող երկիր լինի: Էդ ո՞ր երկրում սպասարկման ոլորտներ չկան: Բայց միայն սպասարկմամբ զբաղվող պետությո՞ւն: Կամ, շուկայական հարաբերություն ասվածը արդյո՞ք բացառում է պետական ձեռնարկությունների գոյությունը: Մենք բացառեցինք` արդյունքում մի խումբ ձեռնարկատեր-օլիգարխ-մեծահարուստներ բուծելով` ովքեր և´ արտադրում ու ներկրում են, և´ շուկայի գներ թելադրում-պար տադրում: Հայտնի ճշմարտություն է` պահանջարկն է ծնում առաջարկ: Մեզանում առաջարկն է պահանջարկ թելադրում, բայց այդ պահանջարկն էլ այնքա˜ն նվաղ է առաջարկի համեմատ: Կարծեմ` վերջին հաշվարկներով առաջարկը 3 անգամ գերազանցել է պահանջարկին: Գերազանցել է, որովհետև սպառողն անգնողունակ է: Սպառողը գնողունակ չէ, որովհետև աշխատանք, ուրեմն նաև աշխատավարձ չունի:

Մի խոսքով, աշխատանք տուր մարդկանց, հարգելի պետություն:

Աշխատատեղեր ստեղծիր քո քաղաքացիների համար, ու նրանք կմոռանան արտագաղթ և իշխանատյացություն: Եվ, ինչպես բազմիցս նշել ենք, պետական ձեռնարկատիրությամբ մրցակցության հրավիրիր մոնոպոլիստ դարձող բիզնեսմեններիդ: Արդյունքում շահելու է ժողովուրդը, ուրեմն նաև` պետությունը:

ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ. Մի քանի օրից Աշխատանքի և աշխատավորության միջազգային օրն է` Մայիսի 1-ը: Այս անգամ չենք հասցնի այդ տոնը խանդավառությամբ նշել, բայց մեծագույն բավականություն կապրենք` Կառավարությունից լսելով, որ շուտով վերագործարկվելու է կամ հիմնադրվում է պետական առաջին ձեռնարկությունը: Ա˜յ թե խոստումնալից սկիզբ կլինի: Այդժամ միջազգային հիմնադրամները թող փորձեն տնտեսական անկում գուշակել...