Օպերային արվեստի հաստաբուն կաղնին


Բուռն ստեղծագործական ծաղկունքի ժամանակներ էին մեր ազգային օպերային թատրոնում անցյալ դարի կեսերին£ Արտիստական հզոր անհատականություններով, օպերային արվեստի տաղանդավոր մշակների անխոնջ նվիրումով բեմ էին բարձրացվում Գլինկայի «Իվան Սուսանին», Ռիմսկի Կորսակովի «Թագավորի հարսնացուն», Չայկովսկու «Պիկովայա դամա», «Իոլանտա», Վերդիի «Տրավիատա», «Ռիգոլետո», «Աիդա», «Օթելլո», Մեյերբերիի «Հուգենոտներ» և այլ հանրահայտ երաժշտաթատերական ստեղծագործություններ` մեծապես նպաստելով հայկական օպերաների բեմադրությունների բարձրարվեստ կայացմանը£ Թատրոնի որդեգրած գեղարվեստական ազգանվեր այս հավատամքին զինվորագրված արվեստագետների կուռ բանակով նվաճվում էին վերելքի բարձունքները` կատարողական փայլուն արվեստով աշխարհով մեկ տարածելով Տիգրանյանի, Չուխաճյանի, Ստեփանյանի, Այվազյանի, Բաբաևի հայկական ինքնատիպությամբ ուշագրավ երաժշտական կտավների առանձնահատուկ հմայքը£ XXI դարասկզբի հեռվից խորամուխ լինելով աստեղային այդ հրավառության գաղտնիքների մեջ, ակամա զուգահեռ անցկացնելով մերօրյա հուսահատեցնող արարչապատկերի հետ` գլխահակ ակնածանքով արժեքավորում ես փայլատակումների շլացուցիչ գունագեղության հարապահպանմանը իր ողջ ստեղծագործական բազմաշնորհ եռանդը նվիրաբերած դրոշակակիր առաջամարտիկի` ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Միքայել ԹԱՎՐԻԶՅԱՆԻ անզուգական ներդրումը£ Հովհաննես Աբելյանը հորդորում էր դերասան դառնալ, բայց երաժշտության հանդեպ ունեցած անգերազանցելի սերը արվեստում կայանալու այլ ճանապարհով է առաջնորդում Թավրիզյանին£ Բաքվի կոնսերվատորիայից հասցնելով Լենինգրադ, ջութակի նվագին միախառնելով դիրիժորական վահանակի դժվարին կախարդանքը£ Ալտի և դիրիժորության դասարաններում ստացած բարձրակարգ գիտելիքները 1935¬ից գործնականում ծառայեցնելու Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի պատկառազդու նկարագրի ամբողջական կատարելության ապահովմանը£ Երկու տասնամյակ լինելով թատրոնի գլխավոր դիրիժորը, 1946¬ից` նաև գեղարվեստական ղեկավարը` Թավրիզյանը հուսալիորեն ամրացրել է հայ օպերային արվեստի մասնագիտական հիմքերը£ Գերխնդիրը ազգային երաժշտաթատերական գործերի ստեղծումն ու գեղարվեստական արժանիքների զարգացումն է եղել£ Կատարման բնութագրական կողմերը` ռոմանտիկական ոգեշնչվածությունը, մեղեդու ճկունության և ռիթմի սուր զգացողությունը, չթուլացող հուզական լարվածությունն ու արտահայտչականության կոնկրետացումը£ Համակարգված այս գեղագիտությամբ իրականացված ու ղեկավարված նրա բեմադրությունները բեմական լիարյուն կյանքով էին ապրում, արժանանում արվեստագետի մտքի թռիչքը խթանող պատվաբեր գնահատականների` ԽՍՀՄ պետական մրցանակներ (Չուխաճյանի «Արշակ Երկրորդ»-1946 թ. և Ստեփանյանի «Հերոսուհի»-1951 թ. օպերաների համար). ԽՍՀՄ IV և ՀԽՍՀ II ու III գումարումների Գերագույն սովետի դեպուտատ. Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններ… Ամենաբարձրը` հայկական միակ օպերային թատրոնի համաժողովրդական պաշտամունք£ Փառքի արժանավայել դափնիները ոչ միայն չարգելակեցին համեստափայլ տքնաջան գործունեությունը, այլև խանդավառեցին ստեղծագործական աննահանջ լարվածության գերաճը` ակամա չարաբաստիկ պատճառը դառնալով վաղաժամ մահվան£ Բորյանի տեքստով Անդրեյ Բաբաևի գրած «Արծվաբերդ» օպերայի գլխավոր փորձերն էին ընթանում բեմում նվագախմբի հետ£ Կարոյի երգի, սպանության թեմայի ավարտական տեսարաններում հերոսական հնչյունները անսպասելիորեն խզվում են£ Դիրիժորական նոտակալի առջև թուլացած կախվում են ամենափայլուն հայ օպերային դիրիժորի հրաշագործ ձեռքերը… Նախընտրած մարտի դաշտում հերոսաբար իր մահկանացուն էր կնքում խորհրդահայ օպերային արվեստի հաստաբուն կաղնին. «ծառերը կանգնած են մահանում»… Կարողանային արդի հայ երաժշտարվեստի բարձրարժեք հարատևությանն ի նպաստ իրենց բնատուր ներուժը ծառայեցնելուց դեռևս չհուսահատված արվեստագետները ասպարեզում հայտնված շնորհալի նորերին փոխանցելով պատվաստել Միքայել Թավրիզյանի (նաև` ստվերված փառքով մահկանացուն կնքած Հայաստանի սոխակի) արարիչ ինքնակիզման բացառիկ ուսանելի նշանակությունը` գուցե թե հնարավոր լիներ պահ առաջ համախմբել¬հավաքագրել ազգային ակադեմիական օպերայի ու բալետի թատրոնի ստեղծագործական նոր վերելքի համար անհրաժեշտ աշխարհասփյուռ կարող ուժերը£ Եվ հաղթահարել, ի վերջո, հայ երաժշտարվեստի աշխարհիկ տաճարի բացառիկ շենքն անգամ բնավեր լափլիզող սրճարանային տարահնչյուն մասսայական ռաբիսի մահագուշակ, ամոթալի շրջափակումը` հայտնվելով կրկին պետական արժանապատիվ ուշադրության կենտրոնում£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ