ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀՀԿ-Ն ՆՈՐԻՑ ՍՏԱՆՁՆՈՒՄ Է


Քաղաքական կյանքը հանրապետությունում կարծես բնականոն հուն է մտնում: Եվ բնական է, որ այդ ընթացքի մեջ էլ պիտի տարորոշվեն հետագա քաղաքական համակրանքների ու հակակրանքների բևեռները: Այլ խոսքով` իշխանական և ընդդիմադիր ճամբարների ձևավորումը, որ այս պահին մի քիչ հարաբերական է: Հարաբերական գոնե այնքանով, որքանով խորհրդարանական ընդդիմության գոյությունը առկախ է ինչ-ինչ հանգամանքներից: Իսկ մինչ հերթական քաղաքական «ճակատամարտից» հետո իրենց դիրքերն են հստակեցնում կուսակցությունները, քաղաքական պայքարից պատվով դուրս եկած ՀՀԿ-ն, հաղթողին վայել պահվածքով էլ քաղաքական ուժերին (նաև արտախորհրդարանական) համագործակցելու կոչ է անում: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հավաստիացնում է. - Քաղաքական տեսակետից մենք սկզբունքորեն գնացել ենք համագործակցության ճանապարհով և շարունակելու ենք այդ ռազմավարությունը: Մեզ հետ կարող են համագործակցել այն ուժերը, որոնց համար գերագույն արժեք է երկրում խաղաղության և կայունության ապահովումը: Ակնկալելի էր, անշուշտ, հետընտրական քաղաքական բամբասանքների տեղապտույտը: «Ժողովրդի դժգոհություն» արտահայտությունը ամենամոդայիկն է ընդդիմադիրների շուրթերին և ոչ միայն այս օրերին: Սակայն ժողովուրդն իր քաղաքացիական պարտքը վաղուց կատարել, գնացել է իր գործին: Իսկ ահա ափնիբերան ինքնաարդարացում որոնող որոշ քաղաքական ուժեր վայնասուն են բարձրացրել և «ժողովրդի դժգոհությունն» են փորձում խաղարկել, անտեսելով, որ ժողովուրդն ազատ է իր կամքն արտահայտելու և արտահայտել է: Այս առումով ևս իրավացի է Գ. Սահակյանը. - Եթե ժողովուրդը դժգոհ լիներ ընտրությունների արդյունքներից, ապա մայիսի 13-ից հետո բազմամարդ միտինգներ կլինեին, ինչը, բնականաբար, չեղավ, քանզի դրա համար հիմքեր չկային: Իսկ արհեստածին հեղափոխությունների տրամաբանությունը հստակ է: Ժողովուրդն իր վստահության քվեն չի տվել այն ուժերին, որոնք հիմա հանրահավաքի են հրավիրում իրեն: Ի մասնավորի` Արթուր Բաղդասարյանն այնքան զբաղված է, որ (դիցուք` մայիսի 18-ին) ժամանակ չունի հանրահավաքին մասնակցելու խոստումն իրագործել անձամբ: ՀՀԿ խորհրդի անդամը հանգիստ է վերաբերվում ընդդիմադիր գործիչների կողմից ակնհայտ հաղթանակ գրանցած ՀՀԿ-ին վարկաբեկելու փորձերին: Մասնավորապես, նա լուրջ չի համարում ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի այն հայտարարությունը, որով վերջինս նոր խորհրդարանի բոլոր քաղաքական ուժերին հորդորում էր` միավորվել ընդդեմ ՀՀԿ-ի: Այս առումով արժե քաղաքական գործչին խորհրդի կարգով հիշեցնել, որ ԱԺ 3-րդ գումարման աշխատանքները բոյկոտելու փոխարեն մասնակցեին նիստերին: Իրենց իսկ կամքով նրանք արտախորհրդարանականի կարգավիճակը նախընտրեցին, և ժողովուրդն էլ վավերացրեց այն: Գուցե հիմա խորհրդարանից դուրս նման ուժերը փորձեն «օրենսդրական» ձեռնարկումներ իրագործել: Դիցուք, ինչո՞ւ օրինակ, չհեղինակել այնպիսի նախագիծ, որով հնարավոր լիներ ազգովի պատգամավոր դառնալ: Գուցե այդ դեպքում սեփական ջանքերով սեփական հնարավորությունները փոշիացրած ընդդիմությունը դադարեր երազել խորհրդարանի առաձգականության մասին: Այս կերպ թերևս հնարավոր կլիներ համ ատամից ազատվել, համ` ատամնացավից: Հանրագումարի բերելով այն ամենն, ինչ այսօր ունենք, Գ. Սահակյանը համոզված է և վստահ, որ հետագայում էլ ՀՀԿ-ի ուսերին է ծանրանալու երկրի կայունության ու խաղաղության ապահովման, երկիրը ցնցումներից զերծ պահելու և պետության առաջընթացն ու բնականոն զարգացումն ապահովելու պատասխանատվությունը:

Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ