Կանայք` գայթակղության որոգայթում

Համարյա «ընտանեկան կապալ»


 

Կանանց սեռական շահագործման նպատակով կազմակերպված խմբի երեք անդամները`  Ծովիկ և Վահան Ավետիսյաններն ու Նարինե Սարգսյանը, «առաջին ծիծեռնակներն» էին, որ հայտնաբերվեցին ոստիկանության աշխատակիցների կողմից: Դեռ ամիսներ առաջ եռյակը Երևանյան լճի մերձակայքում գործող «Սիրո  խարիսխ» հյուրանոցում քննարկում էր Լոռու մարզի մի բնակչուհու սեռական շահագործման նպատակով Դուբայ տեղափոխելու հարցերը, երբ  նրանց «այցելեցին» ոստիկանության աշխատակիցներն ու բերման ենթարկեցին: Հետո նրանց, այսպես ասած, միացավ խմբի չորրորդ անդամը` Աղունիկ Այվազյանը:

Կանայք` գայթակղության որոգայթում

Համարյա «ընտանեկան կապալ»

Խմբի կողմից կատարված հանցագործությունների բացահայտումը ոստիկանների տևական ու լարված աշխատանքի արդյունք էր: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվեցին նաև Հասմիկ Առաքելյանը, Վահագն Ավետիսյանը, Արմեն և Հեղուշ Վասիլյանները:

Խմբի կազմակերպիչը` 1963 թ. ծնված Նելլի Ներսիսյանը, Դուբայ քաղաքում դեռ շարունակում է հանցավոր գործունեությունը` սեռական շահագործման նպատակով Հայաստանում հավաքագրելով և Արաբական Միացյալ Էմիրություններ փոխադրելով կանանց: Նրան հայտնաբերելու ուղղությամբ միջազգային հետախուզում է հայտարարվել: Մեր հայրենակիցներին մնում է չգայթակղվել` նրա վտանգավոր, դավադիր ցանցում չհայտնվելու համար:

Նելլի Ներսիսյանի հայաստանյան հավաքագրողների խումբը, փաստորեն, վնասազերծված է, սակայն շողոքորթ ու խորամանկ կնոջ համար ամենևին էլ դժվար լուծելի խնդիր չէ նոր հավաքագրողներ գտնելն ու իր հանցավոր բիզնեսը «ծաղկեցնելը»: Ընդհանրապես, հեքիաթային Դուբայ քաղաքն արդեն քսան տարի է` գայթակղում է հայ կավատներին: Սրանք հետևողականորեն իրենց ցանցն են գցում անփորձ կամ նյութական անապահով վիճակում հայտնված կանանց:

Նելլի Ներսիսյանն այդ առումով յուրահատուկ կերպար է` ճարպիկ, հաշվենկատ ու նենգ: Այս կնոջ կերպարն ավելի լավ պատկերացնելու համար բերենք զոհերի շահագործման ընթացքում նրա ցուցաբերած առանձնակի դաժանության ընդամենը երկու օրինակ: Երբ խաբեությամբ թրաֆիքինգի զոհ դարձած աղջիկներից մեկը Դուբայում հրաժարվել էր պոռնկությամբ զբաղվել, Նելլին նրան հրել էր երրորդ հարկի բաց պատուհանից, և միայն հրաշքով էր աղջիկը ողջ մնացել: Դուբայ տեղափոխված մի կնոջ դեմքը «կլորիկ» դարձնելու նպատակով, նրա կամքին հակառակ, մի քանի տասնյակ տեղերից սիլիկոն էր ներարկել:

Քննության ընթացքում պարզվեց, որ Ծովիկ Ավետիսյանը հավաքագրել և Նելլի Ներսիսյանի մոտ` Դուբայ էր ուղարկել մի կնոջ, որը քսան օր սեռական շահագործման ենթարկվելուց հետո հրաժարվել էր շարունակել, այսպես ասած, աշխատանքը: Նման անհնազանդության համար Նելլին նրանից դաժան վրեժ էր լուծել. համոզելով` ստիպել էր իբր նյարդերը հանգստացնող անհայտ ծագման դեղահաբեր ընդունել, ինչից կինը հոգեկան լուրջ խանգարում էր ստացել: Հայաստան վերադառնալուց հետո այդ կինը տևական ժամանակ բուժվեց հոգեբուժարանում:

Նելլի Ներսիսյանի անմարդկային վերաբերմունքի դրսևորման այսպիսի դեպքերի թվարկումը կարելի է շարունակել, որոնք կրկին ու կրկին ապացուցում են նրա նենգ կերպարը:

Իրավապահները գիտեին, որ Դուբայում բնակվող Նելլի Ներսիսյանը Հայաստանում հավաքագրողներ է պահում: Ոստիկանության աշխատակիցները գաղտնալսեցին կասկածյալներին: Եվ հերթական զոհին հավաքագրելու պահին «Սիրո խարիսխ»-ից բերման ենթարկվեցին մայր ու որդի Ծովիկ և Վահան Ավետիսյաններն, Նարինե Սարգսյանը: Ինչպես ենթադրվում էր, նրանք նենգաշորթման, վախեցնելու և բռնություն գործադրելու սպառնալիքով պատրաստվում էին զոհին փոխադրել Դուբայ` Նելլի Ներսիսյանի մոտ: Ահա մի հատված` Նարինե Սարգսյանի և զոհի հեռախոսային խոսակցություններից`

- Կբռնենք, ամիսներով նկուղներում կպահենք:

Սա վախեցնելու ձևերից միայն մեկն է: Կա նաև մեկ այլ միջոց. եթե զոհը հրաժարվում էր պոռնկությամբ զբաղվել, սպառնում էին, թե կդիմեն ոստիկանություն` իբր նա ոսկեղեն է գողացել:

Գաղտնալսումներից մեկով պարզվեց Նարինե Սարգսյանի հավաքագրման մեկ այլ մեթոդ ևս: Զանգահարելով ծանոթ կանանցից մեկին` Նարինեն համոզում էր նրան խոսել զոհի հետ, ասել` իբր ինքն արդեն եղել է Դուբայում և բավական մեծ գումար վաստակել, ինչի համար էլ անչափ գոհ է Նելլի Ներսիսյանից:

Նշենք, որ Նելլին իր հավաքագրողներին վատ չէր նայում. ամեն զոհի համար հազարից երկու հազար դոլար էր տալիս` չհաշված զոհի ճանապարհածախսը, նրա համար հագուստ գնելն ու ընթացիկ այլ ծախսերը:

Եվ այսպես, Նելլի Ներսիսյանի խմբի առաջին չորս անդամն արդեն կրում էր պատիժը, երբ ոստիկանության աշխատակիցները ամիսներ անց կալանավորեցին ևս չորս հավաքագրողների` Հասմիկ Առաքելյանին, Արմեն ու Հեղուշ Վասիլյաններին, Վահագն Ավետիսյանին:

Դուբայաբնակ Նելլի Ներսիսյանի կազմավորած խմբի մի քանի անդամների հարազատական կապը, թերևս, թույլ է տալիս խումբը որոշ իմաստով «ընտանեկան» կոչել: Նելլիի «բիզնեսի» ծաղկելուն օգնում էին Հայաստանում բնակվող մայրը` Ազատուհի Հայրապետյանը, ՌԴ Վոլգոգրադ քաղաքում բնակվող եղբայրը` Աշոտ Ներսիսյանը: Հայաստանաբնակ «օգնականներից» Ծովիկ Ավետիսյանը խմբում ներգրավվել էր որդիների` Վահանի ու Վահագնի հետ: Կազմակերպված խմբի անդամներ Հեղուշ ու Արմեն Վասիլյաններն ամուսիններ են, ընդ որում` Հեղուշը Նելլիի քույրն է:

Նելլին օգնականներ ունի նաև Դուբայում` Սիլվա Հովսեփյանը, ոմն Նառա, Սերինեն, ինքնությունը չպարզված այլ անձինք:

Լեռնային Ղարաբաղից, Հայաստանից ու Վրաստանից տասնյակից ավելի կանայք ու աղջիկներ են դարձել այս խմբի զոհը` ամիսներ շարունակ վտանգավոր ու ոչ վտանգավոր բռնությունների, սպառնալիքների տակ ենթարկվելով սեռական շահագործման:

ԼՂՀ-ից մի զոհի, օրինակ, խաբել էին, թե Դուբայում ապահովելու են մատուցողուհու` բարձր վարձատրվող աշխատանքով: Երեք տարի աղջիկը, ծեծի ենթարկվելով, զբաղվեց մարմնավաճառությամբ` չստանալով ոչ մի գրոշ: Ստեփանակերտ քաղաքից մեկ այլ աղջկա էլ, դարձյալ բարձր վարձատրվող աշխատանքի խոստումով, նախ` Երևան, այնուհետև` Վոլգոգրադ, ապա վերջնակետ` Դուբայ հասցնելուց հետո, Նելլին սպառնացել էր` եթե իրեն չենթարկվի ու մարմնավաճառությամբ չզբաղվի, ապա նրան կվաճառի արաբներին...

Հասմիկ Առաքելյանն ու Աղունիկ Այվազյանը զոհերից մեկին Դուբայ էին ուղարկել հենց մարմնավաճառությամբ մեծ փողեր աշխատելու խոստումներով: Աղջիկը մեկուկես տարուց ավելի շահագործվել էր, իսկ վաստակած գումարները ստացել էր Նելլի Ներսիսյանը: Ի պատասխան աղջկա բողոքների` Նելլին նրա ներկայությամբ դաժան ծեծի էր ենթարկել մյուս աղջիկներին` ցույց տալով, թե ինքն էլ կարժանանա նույն բախտին: Չդիմանալով այդ պայմաններին` աղջիկը հանձնվել էր Դուբայի միգրացիոն ծառայություն: Այս աղջիկը, արդեն միամտության պատճառով, երկրորդ անգամ է հայտնվում Նելլիի ցանցում: Հավատալով նրա խոստումներին, թե Դուբայ վերադառնալով` կարող է ստանալ աշխատած փողերը, աղջիկն անցնում է շահագործման ևս ութամսյա փուլ:

Դուբայում հայտնված կանանց գայթակղած խոստումներից մեկն էլ երեխա խնամելու` բարձր վարձատրվող աշխատանքն էր: Այդ խայծն էր կուլ տվել, օրինակ, Անի անունով մի աղջիկ: Դուբայում «խաղաթղթերը բացելուց» հետո Նելլին սպառնացել էր` եթե մարմնավաճառությամբ չզբաղվի, ծանոթ արաբների միջոցով անապատում սպանել կտա, ու ոչ ոք նրա տեղն անգամ չի իմանա: Յոթ ամիս սեռական շահագործման ենթարկվելուց հետո աղջիկը, մուտքի թույլտվության ժամկետը լրանալու պատճառով, բռնվել էր ոստիկանների կողմից և արտաքսվել Հայաստան:

Նելլի Ներսիսյանի խմբի զոհերից մեկն անչափահաս էր, իսկ զարհուրելին այն է, որ 17-ամյա այս աղջնակը խմբի անդամ Ծովիկ Ավետիսյանի դուստրն է, Վահան և Վահագն Ավետիսյանների քույրը: Անբարոյականությունն այն աստիճան էր իշխում այս մարդկանց հոգիներին, որ մայրը չէր խնայել հարազատ դստերը, եղբայրը` քրոջը...