ՌԵՊԼԻԿ

ԵՐԲ Է ՇՆՈՐՀՎԵԼ ՎԱՍՏԱԿԱՎՈՐԻ ԿՈՉՈՒՄԸ


 

Մայիսի 20-ին Երևանում Վարդատոն էր: Սայաթ-Նովայի աղբյուր-հուշարձանի մոտ էին հավաքվել մեծ բանաստեղծի ու երգաստեղծի երկրպագուները` թիֆլիսյան Վարդատոնը յուրովի տեղափոխելով Երևան:

Հատկապես Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակի տոնակատարության շրջանակներում իրականացված այս նախաձեռնությունը ոչ միայն հարգանքի տուրք էր, այլև միջոց` շատերին մերձեցնելու մեծ սիրերգակին ու մեծ փիլիսոփային, ում ստեղծագործությունը շատ վաղուց իր պատվավոր տեղն է գրավել ազգային արժեքների շարքում: Այս միջոցառման կենտրոնում ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանն էր` իր գլխավորած Սայաթ-Նովայի անվան աշուղական երգի համախումբով: Մեծ ներդրում ունի Թովմաս Պողոսյանը աշուղական երգի պահպանման ու քարոզչության ասպարեզում, նա նաև մոռացությունից փրկել և հրատարակել է մի շարք աշուղական երգեր: Սակայն այս տոնակատարության ժամանակ անընդհատ հնչող մի արտահայտություն կարծես նպատակ ուներ ստվերելու Թովմաս Պողոսյանի և նրա ղեկավարած անսամբլի ծառայություններն ու ներդրումները: Անընդհատ հայտարարվում էր` Սայաթ-Նովայի անվան աշուղական երգի վաստակավոր անսամբլ: Վաստակավորը պատվավոր կոչում է, որը շնորհվում է ՀՀ նախագահի հրամանագրով ու ներառված է ՀՀ պարգևների և կոչումների ցանկում: Այդ պատվավոր կոչմանն են արժանացել Հայաստանում Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի, ռադիոյի և հեռուստատեսության Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական նվագարանների, «Բարեկամություն», «Բերդ» պարային անսամբլները և այլն: Սակայն Թովմաս Պողոսյանի գլխավորած անսամբլը այդ կոչմանը չի արժանացել: Եվ չէր էլ կարող տակավին արժանանալ, քանի որ այն համարվում է համեմատաբար երիտասարդ ստեղծագործական-կատարողական համախումբ: Ուրեմն, ո՞ւմ նախաձեռնությամբ և ցանկությամբ էր անսամբլը ներկայացվում վաստակավոր, ո՞ւմ էր պետք մթագնել լավ տպավորությունները:

Հուսով ենք ու վստահ, որ իր գործի նվիրյալ Թովմաս Պողոսյանը, ով այդպես էլ չկամեցավ ուղղում մտցնել և հայտարարել, որ անսամբլը վաստակավոր չէ, այլևս թույլ չի տա շնորհալի մարդկանց համախումբին վերագրել մի բան, որը տակավին պետական որոշմամբ չի վավերացվել: