Վրացական «անոմալիա»


 

«Անոմալիա» բառի հայերեն հոմանիշները (անկանոնություն, կանոնից շեղում, անբնական, անսովոր) ևս չեն օգնի` դրա դրական իմաստը գտնելու: Առավել ևս` երբ խոսքն անձի, ավելին` պետության ղեկավարի մասին է: Բայց արի ու տես, որ վրաց առաջնորդն իրեն այդպիսին է համարել: Այն էլ` ոչ թե մտերմիկ շրջապատում կատակելիս, այլ ամերիկյան լսարանում դասախոսություն կարդալիս:

«Վրաստանի ժողովրդավարական ձևափոխումը. նախադեպ` նախկին Խորհրդային Միության երկրների համար» թեմայի շուրջ արտահայտվելով, Մ. Սահակաշվիլին հիշեցրել է, որ իրեն այդպես է որակել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը`

- Նախագահ Սահակաշվիլին պաթոլոգիա (թարգմանաբար` ախտաբանություն, այլանդակություն - խմբ) և անոմալիա է` ամբողջ վրացական ժողովրդի ֆոնին: Ընդ որում` վատ դաստիարակություն ստացած (Լավրովի խոսքերը մեջբերել է «ՌԻԱ Նովոստի»-ին):

Լավրովն արհամարհանքով ժամանակին փորձել էր նսեմացնել իր երկրի հակառակորդին, բայց Սահակաշվիլին փաստորեն ընդունել է իրեն տրված բնութագիրը: Ամերիկյան համալսարանում նա խոստովանել է, որ ինքն անոմալիա է, բայց փորձել է յուրովի բացատրել դրա իմաստը: Նրա խոսքերով` Վրաստանն ու նրա ղեկավարությանը կարելի է կանոնաշեղված համարել` «որովհետև Ռուսաստանը ծրագրել էր, բայց չկարողացավ այն ոչնչացնել»:

- Իմ փոքրիկ երկրի վրա հարձակվեց հարյուր անգամ մեծ պետությունը: Լավ է, որ այստեղ քարտեզ չկա, այլապես դրան նայելն իսկ սարսափելի է: Նրանք ցանկանում էին իմ երկրի լիակատար փլուզումը, բայց չորս տարի անց ես այստեղ եմ,- հայտարարել է Միխեիլ Սահակաշվիլին:

Նրա համար փաստորեն, քարտեզին (բնականաբար` Ռուսաստանի) նայելն իսկ սարսափելի է, էլ ոնց կկարողանար պայթող ռումբերի ձայնից չփախչեր կամ ահից սեփական փողկապը չծամեր: