ՎԱՐԿԵՐԻ ՊԱՀԱՆՋԱՐԿՆ ԱՃՈՒՄ Է


 

ՀՀ տարածքում գործող վարկային կազմակերպությունների թիվն ավելի մեծ է, քան բանկերինը: Տարեսկզբի ցուցանիշներով` հանրապետությունում գործում է տոկոսների դիմաց ֆինանսներ տրամադրող շուրջ երեք տասնյակ կառույց: Կենտրոնական բանկի հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն` նախորդ տարվա ընթացքում վարկային կազմակերպությունների ընդհանուր կապիտալն ավելացել է 30,2 տոկոսով և կազմել 46,8 միլիարդ դրամ: Ի տարբերություն բանկերի, որոնցում օտարերկրյա կապիտալի մասնաբաժինը շատ մեծ է, վարկատու կազմակերպություններից միայն հինգն արտերկրյա տերեր ունեն:

Տարբեր առիթներով ու հիմնավորումներով բնակչության կողմից վերցվող վարկերի ծավալներն աճել են ինչպես բանկերում, այնպես էլ նման կառույցներում: Նախորդ տարվա ընթացքում վերջիններիս շահույթն աճել է շուրջ 5 միլիարդ դրամով: Հետաքրքիր է, որ եկամուտների կանոնավոր աճի պայմաններում տոկոսով գումար տրամադրող կառույցներից որոշները վնասով են աշխատել կամ, ավելի հավանական է` փաստաթղթաշրջանառությունն են այդ ուղղությամբ տարել` հարկային պարտավորությունները մասնակիորեն կատարած լինելու նպատակով: