ՆՈՏԱՐԸ ԿԵՂԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՏՎԵԼ


 

Գյումրիում սկիզբ է առել բնակարանների բաշխման նոր գործընթացը: Երկրի նախագահն ու կառավարությունը կատարել են իրենց խոստումն ու գյումրեցի 1756 անօթևան ընտանիքի համար կառուցել բնակարաններ, որոնք հիմնականում գտնվում են Մուշ-2 և Անի թաղամասերում:

Գյումրեցիները խանդավառվել են, ուրախացել: Սակայն պարզվում է, որ այս համընդհանուր ուրախությունից չեն կարող օգտվել երեք սենյականոց բնակարանների 16 շահառու: Ըստ կադաստրի տրամադրած տվյալների, նրանց ընտանիքների անդամները Երևանում բնակարանի կամ առանձնատան նկատմամբ սեփականության իրավունքի գրանցում ունեն: Ելնելով կադաստրի տրամադրած տվյալներից էլ` ՀՀ քաղաքաշինության նախարարության բնակբաշխման հանձնաժողովը որոշում է կայացրել այս ընտանիքներին զրկել բնակարան ստանալու հնարավորությունից: Թվում է, որ ամեն ինչ բխում է օրենսդրությունից, Քաղաքաշինության նախարարությունը որևէ դրույթ չի խախտել, քանի որ օրենսդրությամբ արգելվում է անօթևան համարել այն անձանց, ովքեր արդեն սեփականության իրավունքի գրանցում ունեն:

Սակայն պարզվում է, որ նոտարը սխալ տեղեկություններ է տրամադրել կադաստրին:

Կադաստրն էլ իր հերթին Քաղաքաշինության նախարարություն է ներկայացրել տվյալներ այն անձանց մասին, ովքեր իբրև թե սեփականություն ունեն: Իրականում պարզվել է, որ այդ տասնվեց ընտանիքն ապրում է տնակային ծայրահեղ պայմաններում` տարիներ շարունակ սպասելով բնակարանի: Ու նոտարի հավանաբար ոչ միտումնավոր անփութության պատճառով այս ընտանիքները զրկվում են բնակարաններից: «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Վահան Թումասյանը, խնդրի շուտափույթ կարգավորման համար, դիմել է ՀՀ վարչապետին և Երվանդ Զախարյանին: Մեր խնդրանքով նա մեկնաբանեց ստեղծված իրավիճակը.

- Անօթևանության խնդրի լուծումը, մարդկանց տներով ապահովելը շատ էական ու առաջնային հարց է, դրանից է կախված և´ արտագաղթի ծավալների նվազումը, և´ մարդկանց բարեկեցությունը, և´ աղքատության  մակարդակը: Չէր կարելի աչքաթող անել այս հարցը, ինչպես արվեց մինչև 2007 թվականը: Պետական իշխանական մարմինները, հատկապես Երևանում գտնվող կադաստրը, նոտարը, սկզբում մտածում էին, թե կարող են նախկինի պես գործել, ու այդ ամեն ինչն անարձագանք կմնա: Բայց հետո, երբ համապատասխան որոշումների շուրջ կոչ, աղմուկ, ուղերձ տեսան, հասկացան, որ ինչ- որ բան փոխվել է, ու կան մարդիկ, ովքեր փորձում են վերջ դնել այդ ամենին: Նույնը այս վերջին դեպքի հետ կապված: Մենք չենք թողնի բանկարանների բաշխումն իրականացվի, քանի դեռ չի լուծվել այն մարդկանց հարցը, որոնց վերաբերյալ նոտարը կեղծ տեղեկություններ է տվել` հնարավոր սեփականություն ունենալու մասին: Հիմա իրենք կա´մ  պիտի ապացուցեն, որ էդ սեփականությունները դոմիկի մեջ, ծանր պայմաններում, առնետների հետ ապրող մարդկանցն է, կա´մ պիտի հերքեն իրենց հիմար տվյալները, որպեսզի էդ մարդիկ իրավունք ստանան բնակբաշխմանը մասնակցել և բնակարան ստանալ: Մենք ամբողջ այդ պայքաը կտանենք և կանենք ամեն ինչ, որ այդ անօթևանները ստանան իրենց բնակարանները:

Ուրեմն հուսանք, որ նոտարի թույլ տված սխալներն արգելք չեն լինի, որպեսզի մարդիկ վերջապես ստանան իրենց հասանելիք բնակարանները, իսկ իշխանություններն էլ շարունակեն նոր բնակարանների կառուցման գործընթացները:

Լ.Մ.