«ԵՐԿՈՒ ՔԱՐԻ» ԱՐԱՆՔՈՒՄ


 

Տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի գործերը, ինչպես ասում են, լավ չեն: Նրանից դժգոհ են ինչպես ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը, այնպես էլ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Երբ ՕԵԿ-ական նախկին նախարարին ազատեցին զբաղեցրած պաշտոնից, այն տպավորությունն էր, թե երկրի իշխանությունները կամենում էին հատկապես տրանսպորտի և կապի ոլորտում կարգուկանոն սահմանել, լուծել բազմաթիվ խնդիրներ` պատահականորեն նախարարի պաշտոնում հայտնված նախկին նախարարի փոխարեն ունենալով արհեստավարժ գործիչ: Արթուր Բաղդասարյանն էլ մեծ հույսեր էր կապում Մանուկ Վարդանյանի հետ, քանի որ նա իշխանական համակարգում հայտնվել է շատ վաղուց, մշտապես եղել կառավարությանն առընթեր կառույցներում: Սակայն պարզվեց, որ որևէ առնչություն չունենալով ոլորտի մասնագիտական խնդիրների հետ, նա ևս չի կարողանում լուծել բազմաթիվ տեխնիկական և կազմակերպչական հարցեր:

Թե ինչ անարխիա է տիրում տրանսպորտի ոլորտում, թե ինչպես են այսօր սպառողների իրավունքները ոտնահարում կապ մատուցող, Հայաստանում գրանցված տարբեր ընկերություններ` շատերին է հայտնի: Որդեգրելով կրավորական կեցվածք` նախարարությունը բավարարվում է միայն հավաստագրեր տրամադրելով: Երևի Մանուկ Վարդանյանը սա համարում է «մեծ նվեր» հայաստանցիներին, ովքեր վաղուց հայտնվել են կապ մատուցողների որոգայթներում: Խայտառակ վիճակ է տիրում միջքաղաքային և միջհամայնքային երթևեկության համակարգում, ավտոկայարանները վերածվել են «դատարկ տարածությունների», որտեղ ամեն ինչ տնօրինում են տարբեր ընկերություններ` թելադրելով իրե´նց խաղի կանոնները: Նախարարության կառուցվածքում միայն Հենրիկ Քոչինյանի գլխավորած կառույցն է ինչ-որ չափով աշխատում` իրականացնելով վնասավերականգնողական աշխատանքներ:

Ստացվում է, որ գալով նախարարություն` Մանուկ Վարդանյանը կարծես հաստատեց այս գերատեսչության ավելորդությունը: Ու հիմա նրա գործունեությունից դժգոհ է կառավարության ղեկավարը, իսկ դա նշանակում է, որ նա չի կամենա Վարդանյանին տեսնել նոր կառավարության կազմում: Այս մտքի հետ հաշտվել է նաև Արթուր Բաղդասարյանը, քանի որ նա համաձայնել է վերցնել Գյուղատնտեսության և Արտակարգ իրավիճակների նախարարությունը: Ի դեպ, Մանուկ Վարդանյանը մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու էր առաջադրվել, որպեսզի օգներ մեկ այլ թեկնածուի: Երևի այս երկակի խաղերը տեսնելով էլ` Արթուր Բաղդասարյանը նրան հանձնարարեց դուրս գալ պայքարից և ինքնաբացարկ հայտնել:

Հիմա նա հեռանում է նաև կառավարությունից: Համենայնդեպս, այդ են վկայում խոսակցությունները` Գագիկ Բեգլարյանին տրանսպորտի և կապի նախարար նշանակելու և վարչապետի ահագնացող դժգոհությունների մասին: