ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐԸ «ԼԵԶՎԱԲԱՆԻ» ԴԵՐՈՒՄ


ՀԱՅԱՍՏԱՆԻ Հանրապետությանն անհրաժեշտ է ունենալ Հայոց լեզվի բառապաշարի և տերմինաբանության պետական կոմիտե, որն էլ կփոխարինի Լեզվի պետական տեսչությանը: Նորաստեղծ կոմիտեն պետք է գործի կառավարությանը կից: Նրա կազմում պետք է համախմբվեն մայրենիի գիտակ և հոգացավ վերաբերմունք ունեցող մասնագետներ: Կոմիտեին կից հանձնախմբերում պետք է ընդգրկվեն նաև բնագիտական, տեխնիկական, արվեստի տարբեր ոլորտների մասնագետներ: Այս է մայրենիի ազգային լեզվաշինության ճանապարհը, որը սերգոերիցյաններն իրավունք չունեն տրորելով անցնել£ 2003 թ. Կրթության և գիտության նախարար Սերգո Երիցյանի մասին քննադատական հոդված գրեցի` «Քաջ Նազարի արդիականությունը» վերնագրով: Այսօր նախկին նախարարն իր բովանդակային կերպարով կրկին քաջ Նազարի «դերակատարումով» ոչ թե առյուծի, այլ ձիու վրա է: Գուցե կրկին չանդրադառնայի նրա կերպարին ու գործունեությանը, եթե չլինեին անցյալի և արդի մի շարք խնդիրներ, որոնց մասին հանրությունն ու հատկապես մտավորականությունը պետք է տեղյակ լինի: Նախարար Սերգո Երիցյանի օրոք քայքայվեց և° հանրակրթական դպրոցը, և° բարձրագույն ուսումնական կրթահամակարգը, կրճատվեց հայոց լեզվի ժամաքանակը, նախարարի մտքի ու գործի տկարության պատճառով շուրջ չորս հազար ուսուցիչ մնաց անգործ` հատելով աղքատության շեմը: Այդ մասին հրապարակումներ եղան հանրապետության ազդեցիկ բոլոր լրատվամիջոցներում: Մինչև նախարար դառնալը Սերգո Երիցյանը հեռացվել էր Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ամբիոնից: Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան և ամբիոնի վարիչ, լուսահոգի Գառնիկ Անանյանի և Սերգո Երիցյանի միջև ծագած վեճերն ու կռիվները հայտնի էին ամենքին£ Շուտով, սակայն, Սերգոն հեռանկարային ծրագիր մշակեց: Հայաստանում Ժուռնալիստիկա մասնագիտությամբ պահանջված քանակով դոկտորներ չլինելու պայմաններում, ստեղծեց աստիճանաշնորհման խորհուրդ. նախարարի դիվանագիտական գործունեության նպատակն էր դառնալ դոկտոր... Դոկտորական ատենախոսություն գրելու և պաշտպանելու համար, բնականաբար, անհրաժեշտ են գիտական կարողություններ, ժամանակ և գրագիտություն: Նախարար Սերգո Երիցյանը զուրկ էր այդ հնարավորություններից, բայց քանի որ նախարար էր, և արգելապատեր չկային իր համար, ուստի Նազարի բախտը բերեց: Ե՞րբ և ո՞վ գրեց նրա դոկտորական ատենախոսությունը, գաղտնի չմնաց: Ենթակա օղակներից մեկում գտավ մեկին, որն էլ հանձն առավ այդ պարտականությունը: Սակայն վերջինս նույնպես գրագիտություն չուներ, քանի որ նրա դոկտորական ատենախոսությունը նույնպես, երևի, ուրիշն էր գրել: Այդ մասին մամուլում և իմ գրքերում շատ եմ գրել և չեմ ուզում կրկին անդրադառնալ£ Գրվեց նախարար Ս. Երիցյանի դոկտորական ատենախոսությունը, և մեկ տասնյակ մարդկանց «գրչի տակով» անցկացնելուց հետո, նա պաշտպանեց` իր ենթակայության տակ գտնվող օղակում, ապա այն հաստատվեց ԲՈՀ-ում£ Եվ նախարարը հռչակվեց նոր տիտղոսով` բանասիրության դոկտորի աստիճանով: Այժմ դոկտորական ատենախոսության մասին: Անորակության թարմությունը երբեք չկորցրած այդ աշխատանքն ունի արդիականությանը բնորոշ առանձնահատկություններ: Աշխատանքի մասին դրվատանքի խոսք ասողները լռության մատնեցին դրանում տեղ գտած բազմաթիվ թերություններն ու անճշտությունները£ Խոսենք միայն մի քանիսի մասին: Իսկ ամբողջությամբ այդ հաշվապահական հաշվառման շարադրանքին կանդրադառնանք առաջիկայում լույս տեսնող քննադատական հոդվածների ժողովածուում: «Հեռուստատեսություն. գործառույթները, զարգացման միտումները և հեռանկարները». այս էր դոկտորի աստիճան հայցող Սերգո Երիցյանի ատենախոսության թեման: Երբ ծանոթացա աշխատանքին, համոզվեցի, որ այն կարող էր հեռուստատեսության տնօրենի հաշվետվության կամ զեկուցման թեմա լինել միայն: Առանց գիտական նորության և վերլուծության, առանց խնդիրների ու նպատակների, միայն մակերեսային և լոզունգային հայտարարություններ հիշեցնող 190 էջանոց անկատար շարադրանքի համար ստանալ դոկտորի գիտական աստիճան` անբարոյականություն է: Այսպիսի աշխատանքը` որպես գիտական ուսումնասիրություն կամ հետազոտություն, անընդունելի է գիտության ոլորտում, առավել ևս` մամուլի (հեռուստատեսության) պատմության համար: Աշխատանքը բովանդակում է «Եթերում է Երևանը» ծրագրի նյութերը` թե որ օրը և որ ժամին ինչ հաղորդումներ են հեռարձակվում: Ս. Երիցյանի ամենամեծ հայտնագործությունն այն է, որ գովերգում է գորբաչովյան «Պերեստրոյկան» և «Գլասնոստը»: Դա դոկտորի աստիճան հայցող ստրկամիտ նախարարի գաղափարախոսությունն էր` ուղղված վերադասին: Անտեսելով 1980-ականների վերջերին տեղի ունեցող իրադարձությունները` ազգային զարթոնքը, մամուլի ազատությունը, հրապարակախոսությունը, հրապարակագրությունն ու քննադատությունը, դոկտորի աստիճան հայցող նախարարը շարունակում էր գովերգել անօրինականությունները, որոնց մեջ անմասն չէր նաև ինքը: Այսպիսի` գիտական կոչվող աշխատանքը արհավիրք է այդ ոլորտի և ընդհանրապես հայագիտության համար: Խարդախության մեջ ճանաչված Սերգո Երիցյանը նույնիսկ օգտագործած գրականության մեջ թույլ է տվել գիտնականին ոչ վայել կեղծումներ: Աշխատանքի չորս գլուխների համար ցույց է տվել օգտագործած գրականության 74 անուն, բոլորն էլ ռուս հեղինակներ (գրողներ, հրապարակախոսներ, լրագրողներ, հեռուստատեսության աշխատողներ), որոնցից և ոչ մեկը հայկական հեռուստատեսության մասին ոչինչ չի գրել կամ ասել, և նրանցից ոչինչ չի ներկայացվում կամ վերլուծվում այս աշխատանքում: Ցավում եմ, որ ԵՊՀ` այն ժամանակ գործող 058 մասնագիտական խորհուրդը և ատենախոսության ընդդիմադիրները կարող էին երաշխավորել այսպիսի խոտանի մուտքը գիտություն: Այսպիսի անցանկալի երևույթների պատճառով տուժում է ոչ միայն գիտությունը, այլև մարդկային հարաբերությունները: Շատերը հարց են տալիս` ինչպե՞ս է, որ նման ատենախոսությունները հաստատվում են բարձրագույն որակավորման հանձնաժողովում: Այս պարագայում հիշեցնեմ, որ այդ հանձնաժողովը գտնվում է նախարարի անմիջական հսկողության ներքո: Իսկ ինչ վերաբերում է այդ հանձնաժողովի գոյությանը, դա եկամտաբեր աշխատանք է շատերի համար: Սերգո Երիցյանը նախարար էր դարձել «Օրինաց երկիր» կուսակցության մանդատով£ Իսկ երբ համոզվեց, որ իր պատկերացրած «օրինաց երկիր»-ը հնարավոր չէ կառուցել, դավաճանեց ու հեռացավ: Բայց մինչև հեռանալը ՕԵԿ-ական իր ընկերների հետ արդեն թալանը կազմակերպել էին: ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ուշացումով, բայց բացահայտեց Ս. Երիցյանի և նրա թալանչի գործընկերների խայտառակ չարաշահումները: Նախկին` տխրահռչակ նախարար Սերգո Երիցյանը, նախարարի իր գործունեության ժամանակ լիցենզավորումների համար զբաղվել էր նաև դրամաշորթությամբ: Վերահսկողության բացահայտումներից պարզ դարձավ, և մամուլն էլ արձանագրեց, որ նրա կողմից 2004-ին հավատարմագիր ստացած Գյումրու պետական ճարտարագիտական քոլեջում ուսուցանվում է «Մենեջմենթ», «Բանկային գործ», «Սոցիալական ապահովության կազմակերպում», «Հագուստի մոդելավորում» և այլն: Իսկ 2003-ին էլ Ս. Երիցյանը հավատարմագիր է տվել Վանաձորի Թևոսյանի անվան պետական պոլիտեխնիկական քոլեջ ՊՈԱԿ-ին` թույլատրելով այնտեղ դասավանդել Հայոց և օտար լեզուներ, «Նախադպրոցական կրթություն», «Էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում», «Թարգմանություն և մաքսավորում» և այլն: Ու այս ամենը որևէ նախարար չի ցանկացել բարձրաձայնել: Նրանք, բնականաբար, ոչ մարդասիրական մղումներով, թույլատրել են յուրաքանչյուր խմբակի` իրավագետներ ու հաշվապահներ «արտադրել»` անհայտ գրասենյակային պայմաններում: Հեշտ ու հանգիստ, առանց պատասխանատվության` նրան ազատեցին նախարարի պաշտոնից: Վերջին 4-5 տարիները որտե՞ղ էր նա և ինչո՞վ էր զբաղվում` կարևոր չէ: Եվ հանկարծ օրերից մի օր էլ Քաջ Նազարի տիտղոսը ճակատին ասպարեզ եկավ: Եվ ոչ ավել, ոչ պակաս` Լեզվի պետական տեսչության պետ: Էլ ի՞նչ քաջն նազար, որ պաշտոնի չհասնի: Դա էլ ոչինչ: Բա մի հարցնող լինի` քաջ նազարն` ո՞¯ւր, մայրենին` ո՞¯ւր: Նրա ատենախոսության անտրամաբանական մտքերը, պարզունակ շարադրանքը, անհեթեթ ձևակերպումները, չկապակցված անցումները, իմաստ չարտահայտող նախադասություններն ստիպում են հիշեցնել ևս մեկ անգամ. «հարգելի դոկտոր», հայերենն ունի ուղղագրական և կետադրական կանոններ, շարահյուսության օրենքներ, որոնք պարտավոր է գիտենալ դպրոց կամ բուհ ավարտած յուրաքանչյուր մեկը£ Առավել ևս` յուրաքանչյուր բանասեր, էլ չեմ ասում` բանասիրական գիտությունների դոկտո¯ր... Հայաստանում լեզվական մտածողությունն, ասես, դուրս է մնացել հսկողությունից: Մայրենիի հարցում չկա ազգային մտածելակերպ, հոգացավություն: Խոսել միայն գովազդների և տաքսիների ցուցանակների մասին, դեռևս չի նշանակում անհանգստանալ մայրենիի անաղարտության հարցերով: Պետք է անհանգստանալ դպրոցի, բուհի, պաշտոնյաների, հեռուստատեսության, մամուլի, հրատարակվող գրքերի լեզվական սխալների մասին: Սրանք այն կարևոր խնդիրներն են, որ ծառացել են բոլորիս առջև: Ցավալի է, որ լեզվի պետական տեսչության պետի պաշտոնակատարը լռում է նույնիսկ օտարալեզու դպրոցների բացման ծրագրի քննարկման ժամանակ: Ս. Երիցյանը պարզապես անկարող է ազգային և պետական` շատ կարևոր նշանակություն ունեցող ոլորտ ղեկավարել: Նա հեռու է պարզ, հստակ լեզվամտածողությունից, զուրկ` հայոց լեզվի քերականության օրենքների իմացությունից: Ուրեմն ի՞նչ, թողնենք, որ ոսկեղենիկ մեր մայրենին շարունակի տառապել իրենց անտեղյակ իմաստակների տնօրինության ներքո:

Ռոբերտ ԴԱՎԹՅԱՆ