Հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը ադրբեջանական առաջապահ ուժերի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է 284 ան


Ադրբեջանական լրատվամիջոցների կողմից հունիսի 21-ին շփման գոտու Ֆիզուլու ուղղությամբ տեղի ունեցած միջադեպի մասին տարածված լուրը, թե իբր ղարաբաղյան ստորաբաժանում ները հարձակում են գործել Աշաղը Աբդուռահմանլու գյուղի շրջանում տեղակայված իրենց դիրքերի վրա, որի արդյունքում զոհվել է մեկ ադրբեջանցի զինվոր, ամբողջությամբ ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի մամլո ծառայությունից, պաշտոնական Բաքուն կատարվածի իրական պատճառը պետք է փնտրի իր բանակում տիրող բարոյահոգեբանական գերլարված վիճակի մեջ, որը հատկապես իրեն զգացնել է տալիս սույն թվականի հունիսի 18-ին շփման գոտու Մարտակերտի ուղղությամբ տեղի ունեցած զինված առճակատումից հետո: Չի բացառվում, որ Աշաղը Աբդուռահմանլուի մերձակայքում ադրբեջանցի զինվորի կորուստը պայմանավորված լինի հենց այդ գերլարված իրավիճակով: Ըստ նույն աղբյուրի` Ինչ վերաբերում է շփման գոտու տվյալ հատվածում տեղի ունեցած փոխհրաձգության փաստին, ապա հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը հրադադարի խախտման բազում դեպքեր են արձանագրվել ոչ միայն Ֆիզուլու, այլև առաջնային գծի ողջ երկարությամբ: Այդ ընթացքում միայն ադրբեջանական առաջապահ ուժերի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ու դիպուկահար հրացաններից հրադադարի ռեժիմը խախտվել է 284 անգամ: ՊԲ դիրքապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո սահմանահատվածի բոլոր ուղղություններում հակառակորդը լռել է: Հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում ղարաբաղյան կողմը կորուստներ չի ունեցել: