ՍՊԱՍԵՆՔ ՄԻ ՓՈՔՐ ԵՎՍ


Պաշտոնավարման ավարտին Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավարի հնչեցրած գնահատականները, որոնք բավական ընդհանրական շեշտադրումներով են բնորոշում հայրենի տնտեսության ներկայիս վիճակն ու հեռանկարները, մինչև անգամ կարելի է չքննարկել£ Վերջին հաշվով, այս և նման պաշտոնյաների գնահատականները չեն, որ մեզ համար պետք է պարզ դարձնեն այն, ինչը մեր երկրի ամենաանտարբեր քաղաքացին անգամ նման պաշտոնյաներից լավ գիտի£ Եվ իրոք, ֆինանսատնտեսական ճգնաժամի սուր հարվածներից հետո մեր տնտեսությունը կարծեք թե ապաքինվում է, սակայն դրան խանգարում է հատկապես օլիգարխների ավանդական ու անցանկալի գործելաոճը վերափոխելու դանդաղ ու դրանով իսկ ոչ գոհացուցիչ ընթացքը£ Արդյունքում` վերջիններս շարունակում են բազմապատկել իրենց ունեցվածքը, իսկ աղքատներն ու աղքատացողները շարունակում են ապրել լավ օրերի աղոտ նվազագույն հույսով£ Ու չնայած լավատեսության մշտառկա չափաբաժինն արդեն ազգային առանձնահատկություն է դարձել, բայց այն արդեն այլ խոսակցության թեմա է ու առավել ևս այս դեպքում Համաշխարհային բանկին բացարձակապես չի առնչվում£ Ա. Վարուդակիսի ղեկավարած կառույցը նախորդող տարիներին տարբեր ուղղություններով անհատույց միլիոններ է տրամադրել, ինչն էլ գրասենյակին «խոսքի իրավունք» է տալիս` գումարների տեղաբաշխումն ու նոր հոսքերի նպատակահարմարության հարցը ամփոփելով գնահատելու համար£ Սպասվածի համաձայն` ՀԲ¬ն, իհարկե, այնքան էլ ոգևորված չէ մինչ այս ծախսված գումարների արդյունավետությունից, սակայն ամենակարևորը թերևս այն է, որ պաշտոնավարումն ավարտող եվրոպացին գրեթե խոստանալով հայտարարում է, որ նոր միջոցներ իրենք շարունակելու են տրամադրել և այս առումով մինչև անգամ կոնկրետ ուղղություններ է մատնանշում£ Հենց այստեղ էլ բացահայտվում է այն, ինչն ավելի վաղ է սկսել անհանգստացնել Համաշխարհային բանկին£ Սակայն, չգիտես ինչու, Ա. Վարուդակիսն այդ մասին նոր է միայն բարձրաձայնում... Վերջինիս խոստման համաձայն` նոր գումարներն ուղղվելու են հանքարդյունաբերության ոլորտի առողջացմանը, և ըստ գնահատականների` ամենամեծ ստվերն այս պաշտոնյան հենց այստեղ է տեսել£ Մերոնք էլ երևի թե մտածել են, թե ընդերքն անմատչելի է արևի լույսին, և մինչև հիմա վարվել են այնպես, ինչպես իրենց է ավելի ձեռնտու եղել£ Իհարկե, նախորդ ճգնաժամային տարում, երբ հանքարդյունաբերողները գրեթե լիարժեքորեն պարապուրդի էին մատնված, այս խնդիրը նույնիսկ կարևորել չարժեր£ Սակայն հայտնի է, որ առնվազն տարեսկզբից հանքափորները լիարժեքորեն աշխատում են, և անգամ խոշոր հարկատուների ցուցակում նրանց զբաղեցրած հորիզոնականները վկայում են վերջիններիս գործունեության ծավալների լիարժեք վերականգնման մասին£ Սակայն որքան էլ այս ոլորտը սկսի նկատվել հարկատուների շարքում, միևնույն է, կարելի է կարծել, որ ստվերն այստեղ անպատկերացնելի ծավալներ ունի ու մինչև անգամ 50 տոկոսի սահմանագիծն է գերազանցում£ Համենայն դեպս Համաշխարհային բանկի տվյալներով` ընդհանուր առմամբ հայրենի տնտեսությունում այն 35-40 տոկոսի խիստ մտահոգիչ շրջանակում է£ Այս տխուր իրողությունը բոլորին է հայտնի, սակայն տվյալ դեպքում պակաս ուշագրավ չէ, թե ինչով կնշանավորվի Համաշխարհային բանկի գրասենյակի ղեկավարի գնահատականը... Ավելի հավանական է` ոչնչով` բացի հայտնի իրողությունների հերթական արձանագրումից£ Հետևաբար դեռ հարց է, թե որքանով է նպատակահարմար, առավել ևս արդյունավետ` հայտնի ճշմարտություն ները հերթականությամբ թվարկելը£ Չէ՞ որ այս խնդրի առումով վաղուց է հայտնի, որ հանգուցալուծումը` ստվերի հաղթահարումը, բոլորովին էլ երևույթի հրապարակայնացմամբ ու սարսափազդու վիճակագրության շրջանառմամբ չի լուծվելու£ Ու որքան էլ Վարուդակիսի տվյալները նորություն չլինեն, այսուհանդերձ, դրանք նույնիսկ Հայաստանի իշխանություններին ուղղված կոչի տեսքով ընկալելն է դժվար£ Գործադիրը վաղուց է ստվերի առկայության և դրա դեմ գործնականում պայքարելու անհրաժեշտության ինքնախոստովանությամբ հանդես եկել£ Ուստիև հրապարակվող փաստերը որքան էլ կարևոր ու հետաքրքիր լինեն, այնուամենայնիվ մի փոքր սպասելն էլ չէր խանգարի£