Ամառնամուտի ամենաբազմերանգ երաժշտատոնը


Ի նշանավորումն մեծանուն Հայի ծննդյան տարեդարձի, ՀՀ մշակույթի նախարարությունը, «Արամ Խաչատրյան մրցույթ» մշակութային հիմնադրամը և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գլխավոր գործընկերությամբ անցկացրեցին Արամ Խաչատրյանի անվան միջազգային 12-րդ` դիրիժորական մրցույթը:

Արտասովոր երևալու համար չէ, որ մրցույթի կազմակերպիչները սահմանել էին նոր` «Դիրիժորություն» անվանակարգը: Հայաստանում մեկդարյա ավանդույթներ ունի դիրիժորական արվեստը: Տասնյակ երախտավորների շարքում իր արժանի տեղն ունի նաև Արամ Խաչատրյանը, ով անցյալ դարակեսին գերագույն վայելք էր համարում դիրիժորությունը և երազում միայն այդ մասին:

Եվ բազմատաղանդ Արամ Խաչատրյանի ծննդյան օրը նրա անունը պատվով կրող համերգասրահում «Դիմակահանդեսի» համար գրված սքանչելի վալսի հնչյուններից սկիզբ առավ ու վերստին հաստատվեց մեր դիրիժորական արվեստի ուրույն հմայքը: Կենդանի լեգենդ Հովհաննես Չեքիջյանից հետո վահանակի մոտ իրար հաջորդեցին Յուրի Դավթյանը, Վահագն Պապյանը, Կոնստանտին Օրբելյանը (ԱՄՆ): Ի դեպ, վերջինս ընդամենը մի քանի օր առաջ էր ստանձնել մեր օպերայինի գեղարվեստական ղեկավարությունը և ընդգրկված էր մրցույթի 7 հոգանոց մասնագիտական միջազգային հանձնախմբում (նախագահ ` ՀՀ ժողովրդական արտիստ Յուրի Դավթյան):

Ասենք, որ յուրաքանչյուր մրցութային օր իր տեսակի մեջ առանձին համերգ էր: Եվ մշտական ունկնդիրների համար օրավուր աներևույթ վերահաստատվում էր հպարտություն ներշնչող պաշտոնական գնահատանքը: Իսկապե´ս, բարձր նշաձողի է հասել Արամ Խաչատրյանին մատուցվող ծննդյան ընծա մրցույթի վարկանիշը:

Երբ մրցույթի հաղթողի կոչումը կիսեցին երիտասարդ դիրիժորներ Միրան Վոպոտիչը (Խորվաթիա) և Ջուն Սան Պարկը (Հարավային Կորեա/Գերմանիա), գալա համերգի մասնակիցներն հավաստիացան, որ մրցութային հանձնախումբը հավատարիմ է մնացել նախագահի դավանած սկզբունքին: Չէ՞ որ եզրափակիչ փուլ էին հասել 12-ից 4-ը, և դժվար պիտի լիներ լավագույնի ընտրությունը: Ակնհայտ էր, որ առաջնահերթ գնահատվել էր դիրիժորական գործի և կատարվող ստեղծագործության իմացութ յունը, ապա` ուրույն արտահայտչամիջոցները և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի առաջ իր անհատական ունակությունները ցուցադրելու հմտությունը: Հատկանշական է, որ հաղթական ելույթները նրանք ղեկավարում էին Արամ Խաչատրյանի դիրիժորական փայտիկով: Երաժշտագետների հավաստմամբ` միջազգային ասպարեզում դիրիժորության մրցույթները քիչ են, և երևանյանն իր արժանի տեղը գրավեց դրանց շարքում: Մեն մի փաստը, որ մրցույթի անցկացման տարիներին մոտ 400 երաժիշտ` դաշնակահար, ջութակահար, թավջութակահար սովորեցին Խաչատրյանի կոնցերտները և սիրով կատարում են ամբողջ աշխարհում, ինքնին խոսուն է:

Խաչատրյանական մրցույթի ավարտից անմիջապես հետո` աշխարհի ամենահեղինակավոր մրցույթների ներկայացուցիչների մասնակցությամբ Մատենադարանում մեկնարկեց Միջազգային մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի 60-րդ գագաթնաժողովը: Ամենևին էլ ոչ պատահաբար: 115 առաջատար երաժշտական մրցույթների շահերը ներկայացնող ժնևյան այս միջազգային կառույցին մեր 12-ամյա խաչատրյանականն անդամակցում է 2013-ից: Ասենք նաև, որ հոբելյանական վեհաժողովի մոտ 40 պատվիրակություններ ոչ միայն հնարավորություն ունեցան տեսնելու Խաչատրյանի անվան մրցույթի անցկացման կարգը, այլև ծանոթանալու Հայաստանի մշակույթին` նախապես ծրագրված բազում միջոցառումներով:

- Դուք ունեք հրաշալի մրցույթ` Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը: Մրցույթի կազմկոմիտեն, մասնակիցները, ժյուրիի անդամները, հանդիսատեսն ապացուցեցին, թե որքան կարևոր է այն ոչ միայն ձեզ, այլև համաշխարհային երաժշտական հանրության համար,- պարգևառատ վերջնահանդեսին յուրովի արժևորեց դիրիժորական 8-օրյա մրցաշարը Դիդիեր Շնոխքը: - Սա մրցույթ է, որի շնորհիվ աշխարհում լսելի են դառնում Արամ Խաչատրյանի, Հայաստանի անունն ու փառքը: Հայերը հանդես են գալիս տարբեր միջազգային մրցույթներում, և մենք գիտենք, թե դուք ինչ տաղանդավոր եք ու մշտապես բարձր մակարդակով եք ներկայացնում ձեր երկիրը, ձեր մշակույթը` տարբեր հարթակներում:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ