Միայն անձնական արժանապատվությամբ կարելի է Հայրենիքի հանդեպ մեծ սեր տածել, տիրապետել ամենավսեմ հատկան


ՀՀ պաշտպանության նախարարության մեծ դահլիճում տեղի ունեցած ՌԴ ռազմաուսումնական հաստատությունների և բարձրագույն ռազմական ակադեմիաների` 2008թ. շրջանավարտների պարգևատրման հանդիսավոր արարողությանը մասնակցում էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ զինված ուժերի բարձրագույն սպայական կազմը: Հանդիսավոր արարողությունը կարճ զեկույցով բացեց ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչության պետ, գնդապետ Մ.Իսախանյանը, որը հակիրճ ներկայացրեց քանակական տվյալներ տարբեր ռազմաուսումնական հաստատությունների` 2008թ.-ի շրջանավարտների վերաբերյալ: Այսպիսով. 2008թ. ՌԴ ռազմական ակադեմիաներն են ավարտել 48 ունկնդիր` որից 15-ը` գերազանցությամբ, ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն ավարտել են 247 շրջանավարտ, Մարշալ Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտ` 45 շրջանավարտ, ՌԴ ռազմաուսումնական հաստատություններ` 49 շրջանավարտ, Հունաստանի ցամաքային զորքերի ռազմական ակադեմիա` 5 շրջանավարտ: Ի դեպ, ռազմաուսումնական հաստատությունները գերազանցությամբ են ավարտել 19, իսկ ոսկե մեդալով` 2 շրջանավարտ: Գնդապետ Մ.Իսախանյանը ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմին հավաստիացրեց նաև, որ ՀՀ զինված ուժերը համալրվում են գրագետ, բարձր որակավորմամբ և հայրենիքին անվերապահորեն ծառայելու գործին նվիրված սպաներով: Այնուհետև սպայակազմին իր շնորհավորական խոսքն ուղղեց ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը -Պարոնայք գեներալներ, սպաներ Սիրելի շրջանավարտներ Կրկին շնորհավորում եմ ձեզ` ռազմաուսումնական հաստատություններն ավարտելու կապակցությամբ: Խոսքս ուղղելով նորաթուխ սպաներին` նշեմ, որ սպան հերոսական մասնագիտություն է և մեր Հայրենիքը, մեր ժողովուրդը մեզանից հերոսություն է պահանջում: Մե°նք պետք է համալրենք մեր հայ զորավարների այն համաստեղությունը, որը մեծ համբավ է վայելում ամբողջ աշխարհում: Հմուտ հրամանատար դառնալու համար դուք պետք է ձեր ենթակաների հետ հարաբերություններում անընդհատ կատարելագործվեք` ծառայության ընթացքում ապահովելով ձեր աստիճանական աճը: Իսկ ռազմական ակադեմիաների շրջանավարտներին կասեմ միայն, որ բարձրագույն զինվորական կրթությունը ձեզ հնարավորություն է տալիս ապահովել ձեր աստիճանական աճը` լիարժեք կատարելով ձեր և զինված ուժերի առջև դրված խնդիրները, ինչպես նաև ապահովել Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությունն ու անկախությունը, մեր ժողովրդի խաղաղ արարումը: Մեր նորօրյա պատմության ընթացքում ունեցած կարևոր ձեռքբերումները մեր հաղթանակներն են. այս ձեռքբերումներն այսօր վերագնահատել, արժևորել և փայփայել է պետք: Այն առաջատար չափանիշները, որոնց միջոցով այսօր զարգանում է Հայաստանի Հանրապետությունը, հարիր են աշխարհի բոլոր պետություններին. միայն մասշտաբներն են տարբեր: Այս գործընթացների հիմքում ընկած պետք է լինեն բանիմաց, կիրթ, գրագետ սպաները, սպաներ, ովքեր ունեն համապատասխան աշխարհայացք, համապատաս խան գաղափարական պատրաստություն, օժտված են գիտելիքներով, համոզմունքներով: Մենք ձեզանից ակնկալում ենք նորություն, բարեփոխումներ, ակնկալում ենք ոչ թե համակերպում զորքերում առկա թերություններին և բացթողումներին, այլև վերափոխում, նորովի մոտեցում, զինված ուժերի առաջընթաց: Հայ սպայի ամենամեծ սրբությունը պետք է լինի Հայրենիքը և իր անձնական արժանապատվությունը. միայն անձնական արժանապատվությամբ կարող եք Հայրենիքի հանդեպ մեծ սեր տածել, տիրապետել ամենավսեմ հատկանիշների: Խոսքս կցանկանայի եզրափակել Գարեգին Նժդեհի հետևյալ խոսքերով` «Հայրենիքս ես եմ, ընտանիքս, ազգս, մայրենիս և այն տարածքները, ուր կհասցնի ինձ իմ զենքի փառքը»: Հանդիսավոր արարողության ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը պատվոգրեր և թանկարժեք նվերներ հանձնեց ռազմաուսումնական հաստատություն ներում ուսման ընթացքում առավել աչքի ընկած սպաներին: