Երկխոսություն. Բայց ոչ միայն իշխանություն-ընդդիմություն


Մարտի 1-2-ի ողբերգական իրադարձությունը նոր ձևավորվող իշխանության հիմքում դրված դանդաղ գործողության ռումբ էր, որը սպառնում էր երկրի ոչ միայն ներքաղաքական կայունությանը, այլև միջազգային ասպարեզում նրա վարկանիշին: Սերժ Սարգսյանը նաև Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահն է, և շախմատային տրամաբանությամբ ասած, այս պարտիայի սկզբնախաղը հաճելի շարունա կություն չէր խոստանում: Հատկապես հայ-ամերիկյան հարաբերություններում սառնությունն ակնհայտ էր. կտրուկ կրճատվել էին դիվանագիտական շփումները. չէր բացառվում և «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում Հայաստանին տրամադրվող օգնության դադարեցումը: Այսուհանդերձ, այսօր արդեն փաստ է, որ, լինելով փորձված պետական գործիչ, Ս. Սարգսյանը հաջողեց ելք գտնել Հայաստանի միջազգային մեկուսացումից խուսափելու համար: Դրան նպաստեց, մասնավորապես, հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելուն միտված` Թուրքիայի նախագահին հասցեագրված նրա առաջարկը: Այն դրական արձագանք գտավ ԱՄՆ-ում և ընդհանրապես Եվրոպայում: Հատկանշական է, որ Ս. Սարգսյանի այդ առաջարկին հաջորդեց Հայաստանի արտգործնախարար Էդ. Նալբանդյանի պաշտոնական այցը Վաշինգտոն: Այն փետրվարի 19-ի ընտրությունից հետո բարձրաստիճան պաշտոնյայի մակարդակով հայ-ամերիկյան առաջին հանդիպումն էր, թերևս: Խոսելով Էդ. Նալբանդյանի այցի մասին, Մեթյու Բրայզան հատկապես անդրադարձել է Հայաստանի ժողովրդավարացման վերականգնվող գործընթացին` նշելով, որ ԱՄՆ-ից հետևել են հուլիսի 4-ին Երևանում ընդդիմության հանրահավաքին ու երթին: Ի դեպ, Երևանի քաղաքապետարանը դարձյալ չի արտոնել օգոստոսի 1-ին Ազատության հրապարակում կամ Մատենադարանին հարող տարածքում հանրահավաքի անցկացումը: Սակայն, խնդիրը դա չէ: Հուլիսի 4-ի հանրահավաքում Համաժողովրդական շարժման առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, որպես իշխանությանը ներկայացվող պահանջ, նշել էր փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, Նախագահի աշխատակազմի ղեկավար Հովիկ Աբրահամյանի, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, ևս մի քանի բարձրաստիճան այլ անձանց պաշտոններից հեռացումը: Այս պահանջը չկատարելու, մարտի 1-ի ոճրագործության բացահայտումը չիրականացնելու դեպքում Համաժողովրդա կան շարժման գլխավոր կարգախոսը օգոստոսի 1-ից հայտարարվելու է Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը և Նախագահի արտահերթ ընտրությունների անցկացումը: Սա առնվազն տարօրինակ է. կարելի է կարծել, թե արմատական ընդդիմությունը մինչ այս Հանրապետության նախագահի հրաժարական և նոր ընտրություններ չի պահանջել: Այս դեպքում, երբ արմատականների գործելաոճը պայմանավորվում է ընդամենը մեկ խնդրի լուծմամբ` այսպես կոչված, քաղբանտարկյալների ազատ արձակմամբ, նշանակում է` ընդդիմությունը, որպես այդպիսին, դեռևս, կայացած չէ: Երկրի թե° ներքին, թե° արտաքին կյանքում առկա բազում մարտահրավերների մեջ կենտրոնանալ մի քանի պաշտոնյաների հեռացման և քաղբանտարկյալներին ազատ արձակելու վրա, առնվազն լուրջ չէ: Հատկապես, երբ հաշվի ենք առնում Շարժման առաջնորդի քաղաքական մեծ փորձը, կարելի է եզրակացնել, որ ընդդիմությունը փորձում է մինչև օգոստոսի 1-ը ժամանակ շահել` հետագա մարտավարությունն իր իսկ համար պարզելու, ինչ-որ քայլերի մասին մտածելու համար: Թերևս, չի բացառվում նաև, որ արմատականները սպասում էին, թե ինչ արդյունք կունենա Հայաստանի արտգործնախարարի այցը ԱՄՆ: Ինչևէ: Օգոստոսի 1-ը հեռու չէ. հավանաբար մենք դարձյալ կլսենք քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջը` որպես իշխանության հետ երկխոսություն սկսելու նախապայման: Այսօր շատերն են կարևորում ընդդիմության և իշխանության երկխոսության կայացումը: Սակայն, ի՞նչ երկխոսության մասին կարող է խոսք լինել, երբ առաջինը պահանջում է երկրորդի հրաժարականը: Երկխոսությունը պետք է կայանա ընդդիմության և հասարակության, իշխանության և հասարակության միջև: Միայն այդ դեպքում է հնարավոր գտնել մեր փոքրիկ Հայաստանի առջև ծառացած շատ մեծ խնդիրների լուծման ճիշտ ճանապարհը:

Տարոն ՄԻՐԶՈՅԱՆ