ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ` ՈՉ ՄԻԱՅՆ ՀՀԿ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՄԱՐՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ` ՈՉ ՄԻԱՅՆ ՀՀԿ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՄԱՐ


Տարածքային կառավարման մարմինների առաջիկա ընտրություններին, բնականաբար, խնամքով է նախապատրաստվում ՀՀԿ-ն: Իրենց թեկնածուներին պաշտպանելուց զատ, Հանրապետականը պատասխանատվություն է կրում ընտրական ողջ գործընթացի համար: Նախապատրաստական աշխատանքների համայնքների ղեկավարներին ներկայացվող պահանջների մասին է պատմում ՀՀԿ կազմակերպչական հարցերով հանձնաժողովի նախագահ Ռուբեն ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ: Անցյալ շաբաթվա վերջին Ծաղկաձորում անցկացրինք սեմինար, որին մասնակցում էին տարածքային և մարզային մեր կառույցների ներկայացուցիչները: Համապետական նախորդ երկու ընտրություններում մեր կուսակցությունը մասնակցել է իր թեկնածուներով, նախընտրական ծրագրերով, և ժողովուրդը տվել է իր վստահության քվեն: Եկել է խոստումները գործի վերածելու ժամանակը: Սեմինարը նաև կուսակցական աշխատանքներին առնչվող խնդիրները լուծելու նպատակ ուներ: Հետընտրական շրջանում սա առաջին ընդլայնված հավաքն էր, և անհրաժեշտություն կար լսելու մեր ընկերների կարծիքները` տարբեր տեղերում ընթացող ներքաղաքական զարգացումների մասին: Կարևոր էր ի մի բերել կուսակցության անդամների կարծիքները, առաջարկությունները, որպեսզի համատեղ ծրագիր մշակվի` հետագայում ճիշտ, առավել արդյունավետ գործունեություն ծավալելու համար: Սեմինարը բավական հագեցած էր: Հետաքրքրությամբ ունկնդրվեցին գաղափարախոսության և, ընդհանրապես, քաղաքական իրավիճակի մասին դասախոսությունները` անհրաժեշտ լրատվությամբ: Քննարկումներն, իհարկե, նույնպես կառուցողական էին, կողմնորոշիչ: Անդրադարձ արվեց նաև ընտրությունների ժամանակ տեղի ունեցած գործընթացներին: 2008-ին ՏԻՄ ղեկավարների և ավագանիների անդամների ընտրություններ են տեղի ունենալու 720 համայնքներում. դրանցից շուրջ 670-ը` հոկտեմբեր ամսին: Սա մի լուրջ գործընթաց է, որ Հանրապետական կուսակցությունը կարևորում է` և° համայնքի ղեկավարի, և° ավագանիների ինստիտուտի կայացման առումով: Վերջին հաշվով, այս համակարգը կարևոր բաղադրիչն է Հայաստանի պետական կառավարման և քաղաքական դաշտի կարգավորման: Դրան պատշաճ մակարդակով ենք պատրաստվել նաև նախկինում, ինչի վկայությունը 2005 թ. ՏԻՄ ընտրություններում մեր ակտիվ դերակատարումն է: Նաև համայնքային կառավարման դրական արդյունքների շնորհիվ է մեծացել հավատը ՀՀԿ-ի հանդեպ` որ մեր խնդիրները մենք կարող ենք լուծել: Մենք ունենք 560-ից ավելի կուսակցական համայնքապետեր: Իհարկե, ոչ բոլորն են արժանացել ժողովրդի համակրանքին. եղել են դեպքեր մենք ինքներս ենք կասեցրել նրանց գործունեությունը` ընդհուպ մինչև հեռացնելով կուսակցության շարքերից` երբ թերացել են, ժողովրդին տրված խոստումները չեն կատարել: Թեկնածու ընտրելիս մենք հաշվի ենք առնում տվյալ տարածքում ապրող մարդկանց կարծիքը, թեկնածուի հեղինակությունն ու վարկանիշը: 2008 թ. ընթացքում 43 համայնքներում կայացած ընտրությունների արդյունքում 27 հանրապետական կուսակցության անդամներ ընտրվել են համայնքների ղեկավարներ: Հարկ է նշել, որ այդ ցուցանիշը մեր աշխատանքի լավագույն գնահատականն է ժողովրդի կողմից: Կարծում եմ` աշնանը նույնպես մեր կուսակցության ներկայացուցիչները իրենց արժանի և պատշաճ մասնակցությունը կունենան թե` ավագանիների անդամների, թե° համայնքների ղեկավարների ընտրություններում:

Հասմիկ ՄԱՂԱՔՅԱՆ