Արժե՞ զարմանալ


Ադրբեջանին, ակներևաբար դուր չի գալիս Հայաստան- Թուրքիա դրացիական հարաբերություններում հնարավոր առաջընթացը: Եվ «Հուրիեթ»-ում տպագրված մի լրատվութունը վերջին օրերին Ադրբեջանում ու Թուրքիայում բուռն քննարկումների թեմա է դարձել: Թերթի գլխավոր խմբագիր Էրթուղլու Օզկոկի հավաստմամբ` Հայաստանի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաներ գաղտնի հանդիպել են Շվեյցարիայի մայրաքաղաքում, և հանդիպումն անցել է դրական մթնոլորտում: Օզկոկը ասել է նաև, որ Թուրքիայի ԱԳ նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները հաստատել են այդ լուրը, բայց խնդրել են չհրապարակել. - Հրապարակելու դեպքում այդ հոդվածը պաշտոնապես կհերքվի,- ասել են նրան: Սակայն հերքելու անհրաժեշտություն այլևս չի ծագի, որովհետև արտգործնախարար Ալի Բաբաջանը նույնպես հաստատել է, որ խնդրահարույց այդ հանդիպումն, իրոք, կայացել է: Հղում կատարելով «Հուրիեթ»-ին` ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը նշում է, որ Թուրքիայի ու Հայաստանի միջև սառեցված են դիվանագիտական հարաբերությունները, և վերջին 15 տարում փակ է սահմանը: - Բանակցությունները սկսվել են հուլիսի 8-ին` Բեռնում և շարունակվել են մի քանի օր` հույժ գաղտնի պայմաններում,- գրել է հրատարակությունը` կայացած երկխոսութ յունը համարելով պատմական: Այլ մանրամասներ չեն հաղորդվում, սակայն «Հուրիեթ»-ը չի բացառում, որ Աբդուլլա Գյուլը սեպտեմբերի 6-ին կարող է Երևան մեկնել` Սերժ Սարգսյանի հրավերով: Ճանաչված քաղաքագետ Ռասիմ Աղաևը շատ ավելի իրատեսորեն է մեկնաբանել Բեռնում «գաղտնի բանակցություններ» կոչվածը. - Թուրքիայի ու Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների այդ բանակցությունները գաղտնի են հանրության լայն շրջանակների համար: Սակայն ես համոզված եմ, որ նման կարգի հանդիպումներն օրինաչափ են: Ուրեմն` նրանց մասին ավելի վաղ իմացել են պաշտոնական Երևանի ու Անկարայի ներկայացուցիչները: Արժե՞ զարմանալ: Կարծում եմ` ոչ: Սակայն, հավատարիմ «երդվյալ թուրքի» հայաստանատյացությանը, Աղաևը իսկույն էլ հավելել է. - Այլ խնդիր է, որ Թուրքիայի կողմից այդ քայլը կարելի է սխալմունք համարել: Իմ կարծիքով ճիշտ կլինի, որ Թուրքիան հետագայում նույնպես հակադրվի հայկական կողմի մեքենայություններին. ընդ որում` ոչ թե միանձնյա, այլ Ադրբեջանի հետ տանդեմով և թյուրքական ողջ հանրույթի հետ: Ավաղ, առայժմ մենք միայն Թուրքիայի պատրաստակամությունն ենք տեսնում` անջատվողական Հայաստանի հետ բանակցելու: Այսուհանդերձ, թուրքական կողմը դարձյալ Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման նախապայման է համարում Ղարաբաղյան բազմամյա հակամարտության կարգավորումը և հրաժարումը` Օսմանյան կայսրության իրականացրած Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից: Ալի Բաբաջանը, Թուրքիան Հայաստանի համար «կյանքի դուռ» անվանելով, շողոմ մի հարցադրում է արել` - Անցյալի իրադարձությունները պատմաբանների աշխատանքն է, իսկ քաղաքագետները պետք է ապագային նայեն: …Երևանը պետք է որոշի` շարունակել հիմնախնդիր ների՞ վրա սևեռել ուշադրությունը, թե՞ նոր էջ բացել հայ-թուրքական հարաբերություններում: Ի դեպ, ԱՄՆ իր վերջին այցի շրջանակներում Թուրքիո արտաքին գերատեսչության ղեկավարը հանդիպել է Նախագահի քարոզարշավող երկու թեկնածուների հետ էլ և ներկայացրել 1915-ի իրադարձությունների առնչությամբ իր երկրի դիրքորոշումը: Նաև «այդ իրադարձությունների հետազոտման նպատակով անկախ հանձնախումբ ստեղծելու» Անկարայի պատրաստակամությունն է ներկայացրել: - Թուրքիայի համար ընդունելի է հարևանների հետ հարաբերություններում «0 խնդիր» քաղաքականությունը: Բայց Հայաստանը շրջափակման մեջ է և Թուրքիայի հետ սահմանները բացելու կարիքն ունի,- նշել է Ալի Բաբաջանը: