ՈՐՈՇՈՒՄ ԵՆ ԿԱՅԱՑՐԵԼ` ՉԽՈՐԱՆԱԼՈՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ


Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշման նախագիծ է պատրաստել` միավորելու Գյումրիում գործող արվեստների բուհերի մասնաճյուղերն ու ստեղծելու մեկ միասնական բուհ: Այսինքն, Գյումրիում այլևս չեն լինելու Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի, Գեղարվեստի ակադեմիայի և Պետական կոնսերվատորիայի մասնաճյուղերը: Այս նախագիծը լուրջ անհանգստություններ է առաջացրել մասնաճյուղերում: Խնդրի առթիվ մասնաճյուղերի ղեկավարները հանդիպել են Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին, ով մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը շահագրգռված է, որպեսզի ցանկացած լուծում բխի մասնաճյուղերի շահերից: Մենք զրուցեցինք նաև ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղի հիմնադիր տնօրեն, գեղանկարիչ Համբարձում ՂՈՒԿԱՍՅԱՆԻ հետ: Նա նշեց, որ ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղի հանրույթը, ծանոթանալով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծին, որը դեռ գտնվում է քննարկման փուլում, ճշտել է հանրույթի դիրքորոշումը ստեղծված խնդրի շուրջ:

Համաձայն որոշման նախագծի, դադարեցվում են երեք բուհերի` Երևանի կինոյի ու թատրոնի պետական ինստիտուտի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղերի գործունեությունը, և դրանք փոխարինվում են մեկ այլ կառույցով` Գյումրու արվեստի պետական ակադեմիայով: Սակայն դա համարվում է թերի ու մի շարք դրույթներով անընդունելի` ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղի հանրույթի համար: ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղը գործունեության ընթացքում ավելացրել է իր թե´ պրոֆեսորադասախոսական և թե´ ուսանողական ներուժը և ունի ՀՀ Գիտության և կրթության հավատարմագր ման չափանիշներին համապատասխան տարածք, կառավարման, մասնագիտական ու մեթոդաբանական ներուժ:

Անդրադառնալով արվեստի տարբեր ճյուղերի` կերպարվեստ, թատերական և երաժշտական, համընդհանուր բուհի մեջ ընդգրկման նախագծին` հարկ է նշել մասնագիտական և կառավարման խնդիրների անհամատեղելիությունը: Նախագծում նշված` Կարգավորման նպատակն ու բնույթը հոդվածի 4-րդ կետի մեջ նշվում է, որ նման միավորումը «Մասնագիտական տեսանկյունից հնարավորություն կտա ավելի բարձրորակ և լայն պրոֆիլի մասնագետներ պատրաստել»: Պնդման առաջին մասը հակասում է երկրորդին. Դիսցիպլինների միավորումից որպես կանոն տուժում է կադրերի պատրաստման գործընթացը, ինչը չի կարող «ավելի բարձր մակարդակ» և արհեստավարժ կադրերի պատրաստում ապահովել: Նախագծի «Ակնկալվող արդյունքը» հոդվածի 5-րդ կետում նշվում է, որ «ներկայումս Գյումրիում գործող արվեստի բուհերի մասնաճյուղերի դիմորդների թիվը ցածր է Երևանի արվեստի բուհերի համեմատ»: Այս համեմատությունը տեղին չէ, քանի որ չի կարելի համեմատություն անցկացնել մայրաքաղաքի և Գյումրու բնակչության քանակի և սոցիալ-տնտեսական կենսամակարդակների միջև: Իսկ կրթության գործոնը սերտորեն առնչվում է վերջինիս հետ: Հարկ է նշել, որ նախագծով միացվում են իրարից լրիվ տարբեր պրոֆիլի բուհեր, որոնց միավորման պարագայում տեղի է ունենալու մասնագիտական ցուցանիշների անկում: Մյուս կողմից` այս որոշումը նոր գործազրկության առիթ է տալու` սրելով առանց այն էլ բարդ սոցիալ-տնտեսական վիճակում գտնվող գյումրեցի մտավորականների կեցությունը:

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ի պատասխան Գյումրուց հնչող մտահոգությունների, նամակ է հղել, որը մեզ տրամադրեցին ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբից.

- ՀՀ կառավարության «Գյումրու պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու, «Գյումրու պետական համալսարան» ՊՈԱԿ-ի կանոնադրությունը հաստատելու, «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» ՊՈԱԿ-ը վերակազմակերպելու, «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան» Պոլիտեխնիկ և «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ների Գյումրու մասնաճյուղերի գործունեությունը դադարեցնելու, ՀՀ կառավարության 2005-ի հոկտեմբերի 1718-Ն,  ՀՀ կառավարության 2009-ի օգոստոսի 27-ի 1015-Ն որոշումների մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագծի քննարկումը սառեցված է, իսկ ՀՀ կառավարության «Գյումրու արվեստի պետական ակադեմիա» ՊՈԱԿ ստեղծելու, «Գյումրու արվեստի պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ի կանոնադրությունը հաստատելու, «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա», «Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա»  և «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ»  ՊՈԱԿ-ների «Գյումրու մասնաճյուղերի գործունեությունը դադարեցնելու մասին» որոշման նախագիծը ներկայացվել է ՀՀ արդարադատության նախարարության եզրակացությանը: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նախագծերի իրականացման համար ժամկետներ հստակ նշված չեն: …Վերոհիշյալ բուհերի խոշորացման ծրագիրը միավորման տեսքով` բխում է բարձրագույն կրթության համակարգի արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունից ու միտված է կրթության որակի և կառավարման արդյունավետության բարելավմանը:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ