Հանուն մահվան իրավունքի


Բրիտանիայում մայր ու որդի ձերբակալվել են` էֆթանազիային աջակցելու կասկածանքով: Նրանք ծրագրել էին մեկնել Շվեյցարիայի հատուկ կլինիկա, որտեղ ընտանիքի հայրը պետք է ինքնակամ հեռանար կյանքից: Անգլիայում էֆթանազիային նպաստելը քրեական հանցագործություն է համարվում օրենքով: Բայց արի ու տես, որ դրա դեմ շարունակվում են հանրային բանավեճերը (հաղորդել է «Vesti FM» ռադիոկայանը):

Կինն ու որդին փորձել են կազմակերպել ընտանիքի 71-ամյա հոր ուղևորությունը դեպի մահաբեր բուժարան: Նրանք պատասխանատվությունից կազատվեն, եթե ոստիկանությունը հիմնավորի, որ ինքնակամ մահ փնտրող տղամարդը հոգեպես առողջ է և գիտակցում է սեփական արարքները: Այս դեպքում բոլորը նրան «բարի ճանապարհ» կմաղթեն:

Ի դեպ, կլինիկան, որը գտնվում է Ցյուրիխում, բացվել է 14 տարի առաջ և կոչվում է «Դիգնիթաս», ինչը լատիներենից թարգմանվում է «արժանապատվություն»: Այնտեղ աշխատող բժիշկներն անբուժելի հիվանդների տառապանքներն «ամոքում» են` նրանց կյանքին վերջ տալով:

Ամեն տարի տասնյակ բրիտանացիներ են անվերադարձ Ցյուրիխ մեկնում: Վերջին այցելուներից մեկն օրինակ, 83-ամյա բրիտանացին իր իսկ ցանկությամբ նախընտրել է մահը, որովհետև զգացել է, որ իր մեջ խորանում է ծերունական տկարամտությունը: Չի´ կամեցել այդպես ապրել:

Վերջին տարիներին Մեծ Բրիտանիայի դատարանները հայցեր են ստացել անբուժելի հիվանդներից, որոնցով պետությանը խնդրում են փոխել օրենքը և իրենց թույլ տալ մեռնել: Արդարադատությունը, սակայն, առայժմ անդրդվելի է, ու շարունակում է պայքարը` հանուն մահատենչության: