Հրաժարումն ընտանեկան լրատվամիջոցներից


Շատերի համար, թերևս, անընկալելի է, որ քաղգործիչը սեփական լրատվամիջոցներից հրաժարվում է նախագահական ընտրությունների նախաշեմին: Գուցե դրանք չե՞ն արդարացրել տերերի սպասելիքները:

Վրաց վարչապետի կնոջը պատկանող «9 ալիք» հեռուստաընկերությունն այս շաբաթ դադարեցրեց հեռարձակումները: Այս որոշումը կայացրել է կոլեկտիվը` տեղեկանալով, որ Իվանիշվիլիների ընտանիքը մտադիր է վաճառել հ/ընկերությունը: Վերջին եթերը հենց դրան էլ նվիրվել է (հաղորդել է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը):

Նախօրյակին Իվանիշվիլին հայտարարել էր, որ իր ընտանիքը վաղուց էր ցանկանում փակել իրենց սեփականությունը ու գրեթե նույնանուն («Ինֆո9») լրատվակա լությունը: Վաղուց, այսինքն երկրի խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանք» կոալիցիայի հաղթանակից հետո: Մինչդեռ «Իններորդ ալիքը» փորձնական եթերը սկսել է ընդամենը 1,3 տարի առաջ` 2012 թ. ապրիլի 30-ին: Ստացվում է, որ խորհրդարանական ընտրություններից առաջ հիմնել են, նախագահականից առաջ փակում են: Որպես նման որոշման պատճառ Իվանիշվիլին նշում է առաջիկա ընտրությունները: Բայց եթե նա մտածում է, որ սեփական լրատվամիջոցը կդժվարանա օբյեկտիվ լինել, ուրեմն կարող էր օբյեկտիվություն պահանջել կամ գոնե գործունեությունը դադարեցնել ժամանակավորապես:

2013-ի հոկտեմբերին Վրաստանում կանցկացվեն հերթական նախագահական ընտրությունները, և ինչպես նշել է Բիձինա Իվանիշվիլին` իր քաղաքական թիմը ձգտում է «մաքուր, ազատ և արդար ընտրությունների, որոնք օրինակելի կլինեն և որոնց արժանի է դեպի Եվրոպա ձգտող երկիրը»: Նա նաև հայտարարել է, որ Վրաստանում պետք է վերջ տրվի իշխող կուսակցության կողմից վարչական ռեսուրսի օգտագործման արատավոր պրակտիկային:

Ի դեպ, Իվանիշվիլի ընտանիքը պատրաստ է «9 ալիք»-ն ու «Ինֆո9»-ը վաճառել ինքնարժեքի 1/3-ի չափով, եթե աշխատակիցները պահպանեն իրենց գործատեղին և ԶԼՄ-ները շարունակեն գործել: Հակառակ պարագայում սեպտեմբերի 1-ին դրանք կփակվեն: