«ԶԱՐՄԱՆԱԼԻ ԱԶԳ ԵՔ ՀԱՅԵՐԴ»


Չնայած երկրում արձակուրդներ են, քաղաքական դաշտում կատարյալ անդորր է տիրում, այնուհանդերձ ԱԺ որոշ պատգամավորներ Հայաստանում են և նախապատրաստվում են աշնանանային նստաշրջանին: «Ավանգարդը» հանդիպեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ և խնդրեց իր մտորումները ներկայացնել երկրի ներկա իրավիճակի մասին: Պատգամավորն ասաց.

«Սանկտ-Պետերբուրգում Ա. Ի. Սոլժինիցինի հետ հանդիպման ժամանակ, ով մեր պատմության հիանալի գիտակներից էր, ինձ հետ զրույցում այսպիսի մի միտք արտահայտեց.

- Զարմանալի ազգ եք հայերդ: Պատմությունը ձեզ համար միշտ հրաշալի հնարավորություններ է ընձեռել` դառնալ տարածաշրջանի հզոր տերություններից մեկը, բայց երբեք դուք չեք կարողացել օգտվել այդ հնարավորություններից: Լինելով փաստացի անկախ և ինքնաբավ տերություն, նույնիսկ այն ժամանակ, երբ Մեծ Հայքը ուներ տարածաշրջանի ամենամարտունակ բանակներից մեկը ու միջազգային լուրջ հեղինակություն, ձեր թագավորը (նկատի ուներ Տրդատ Ա-ին, Ռ.Հ) բազմամարդ շքախմբով մեկնեց Հռոմ` Ներոնի ձեռքից Մեծ Հայքի թագը ստանալու համար: Անհասկանալի է` ինչու ձեր թագավորները չէին թագադրվում հենց իրենց թագավորության սահմաններում` առանց մուրալու այդ ժամանակահատվածում տևականորեն միմյանց նկատմամբ խորը հակասությունների մեջ գտնվող Հռոմի կամ Պարսկաստանի բարեհաճությունը: Այդ օտարապաշտությունը պատմականորեն միշտ խանգարել է ձեզ` հզոր պետություն դառնալու ճանապարհին:

Այդ զրույցը արձանագրեցի իմ դիվանագիտական հանդիպումների նոթատետրում և, հատկապես վերջին ժամանակներս, հաճախ եմ վերհիշում այն: Կարելի է համաձայնել կամ չհամաձայնել Սոլժինիցինի հետ, բայց անժխտելի փաստ է` երբեմնի հզոր, ավելի քան 300 հազար քառակուսի կիլոմետր ընդարձակ տարածքից այսօր մնացել է մի փոքրիկ, ափաչափ Հայաստան, որտեղից օր-օրի արտագաղթում են:

Մի կողմ թողնենք տրդատների ու արշակների ժամանակաշրջանը, և, որպես մասնակիցներ ու վկաներ, դառնանք մեր ժամանակներին: Իսկապես` ինչու մենք` ինքներս, այսքան թշնամաբար ապականեցինք արյամբ և հազար ու մի զրկանքներով ձեռք բերած մեր Անկախ պետականությունը` արտաքին բազմաշերտ վասալային կախվածութ յամբ ու պետական մուրացկանությամբ, կոռուպցիայով ու ահռելի չափերի հասնող ստվերային տնտեսությամբ, որն իր ծավալով գրեթե չի զիջում պետական բյուջեին: Ինչու մենք` ինքներս, մեր քաղաքացուն ունեզրկեցինք ու նվաստացրեցինք, որ իր ազգուտակով բռնի փախեփախի ճամփան, և, որ թերևս ամենակործանարարն է` ինչու ապականեցինք բոլոր մակարդակներում ընտրությունները:

Եվ այսօր քաղաքական բանավեճի հիմնական թեման նորից մնացել է նույնը` ամերիկաներին, ռուսաստաններին, եվրոպաներին հրավիրենք, որ մեզ կառավարեն, թե թուրքերը գան` բայց, հասկանալի է, արդեն առանց հրավերի... Եվ այսպես, մինչև ե՞րբ…:

Գրի առավ` Լ. Մ.