Եկել է ժամանակը...


Ազատության հրապարակում ազատամարտիկների կողքին «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԻ ներկայությունը շատերի հետաքրքրությունը շարժեց, քանի որ այս քաղաքական գործչի ելույթները միշտ առանձնացել են հուզականությամբ և իրավիճակի հստակ վերլուծությամբ: Նրա հետ զրույցը Հայաստանի ներկայի և առաջիկա զարգացումների շուրջ է:

40 տարի թափառելու շրջանը

Դուք կանգնած եք նորանկախ Հայաստանի ստեղծման ակունքներում, և, անշուշտ, Ձեզ շատ ավելին է հայտնի, քան ցանկացած մեկին: Ի վերջո, ի՞նչ կատարվեց մեզ հետ, ինչո՞ւ այսպես խեղաթյուրվեց մեր արժեհամակարգը :

- Արժեհամակարգի փոփոխությունն իրոք ֆունդամենտալ հարց է. կյանքի ամբողջականությունը պտտվում է արժեհամակարգի շուրջ: Բանն այն է, որ Խորհրդային Միությունում կային բազմաթիվ թերություններ, և մարդիկ ելքեր էին փնտրում: Կար Արևմուտքը, կային Արևմուտքի առաջարկած որոշակի չափանիշներ` շուկայական տնտեսութ յուն, խոսքի ազատություն, պառլամենտ և այլն: Թվում էր` եթե կատարես այդ ամենը, ամեն ինչ նորմալ կլինի: Դիտարկումից դուրս էր մնում, թե ինչ խնդիրներ է ստեղծում այդ կյանքի մյուս մասը` սկսած այն իրողությունից, որ Արևմուտքը անխնա կողոպտում էր իրենից դուրս մնացած աշխարհի մյուս մասը` Աֆրիկան, Լատինական Ամերիկան... Չեմ ասում, թե Արևմուտքը միայն բացասական կողմեր ուներ: Այդ համակարգն անկասկած` հարյուրամյակներով առաջ էր մղում մարդուն, մարդը դառնում էր ավելի ստեղծագործող, ավելի կազմակերպված, ավելի կամային... Բայց այդ ամենի համար խաղարկվում էր մարդու կենդանական որակները` ունենալ, իշխել, իր տարածքը ընդլայնել: Մարդու էության ստեղծագործական կողմերը մղված էին նշված որակները բավարարելուն:

- Բայց Ձեր նշած` կենդանական որակներով մարդիկ միշտ են եղել և կլինեն: Սակայն 88 թ. նրանք հանրության մեջ որոշիչ դեր չունեին: Հասարակության բարոյահոգեբանական կերպը չէին թելադրում: Հասարակությանն առաջնորդող հիմնական կորիզը ինտելեկտուալներն էին: Ինչպե՞ս եղավ, որ նրանք ենթարկվեցին կենդանական բնազդներով ապրողների ձգտումներին :

- Պատմածս վերաբերում էր այդ պահի աշխարհին: Ես ասում եմ` աշխարհի այդ կողմը չտեսանք: Մենք վերցրեցինք այդ աշխարհի քարոզչական մասը: Հերիք է` այդ արժեքները, այսինքն` աստվածներին վերցնես, նրանք իրենց գործը կատարում են: Խորհրդային տարիներին դպրոցականներն ասում էին, թե ուզում են դառնալ տիեզերագնաց, գիտնական... Այսօր կասեն` հարկային տեսուչ, թիկնապահ, օլիգարխ... Այսօրվա իդեալը փող սարքող մարդն է:

- Հասկանալի է, բայց հասարակությանը ուղղորդում է իշխանությունը: Այսօրվա իշխանավորների մեջ էլ կան հայրենասերներ, ինտելեկտուալներ :

- Իշխանության մեջ նույնպես սրընթաց մետամարֆոզ է կատարվում. այլ արժեքներ կրողներն աստիճանաբար մեկուսացվում են: Աստվածաշնչում, երբ Մովսեսը բարձրացավ լեռը, ժողովուրդը ոսկե հորթ պատրաստեց ու սկսեց երկրպագել նրան: Դրան հետևեց 40 տարի անապատում դեգերումը: Սիմվոլների լեզվով մեզ ասվում է, որ ոսկուն երկրպագելու դեպքում մարդը դատապարտված է 40 տարի անապատում դեգերելուն: Այսօր մենք դա ենք վերապրում:

Այնքան էլ նույն գետը չէ

- Մեր քսան տարիների ընթացքում Դուք շատերից առանձնացել եք Ձեր վերլուծություններով: Ձեր կարծիքով ազատամարտիկների շարժումը ինչպիսի՞ շարունակութ յուն կունենա, արդյո՞ք չի մարի, ինչպես եղել է մյուս դեպքերում:

- Համոզված եմ, որ այս շարժումը հաջողված է լինելու: Առաջին անգամն է, որ կուսակցական չի: Ազատամարտիկները ճշգրիտ տեսել են մի որակ, որն ինձ գրավեց և համատեղ գործելու ցանկություն առաջացավ: Նրանք ասում են` երկրի միակ տերը ժողովուրդն է, ինչի հետ ես համաձայն եմ: Այդպիսի համակարգ, երբ տերը ժողովուրդն է, մենք իրականացրել էինք 88-ին: Կարևոր չէր` հրապարակում 100, թե՞ 100 հազար մարդ էր կանգնած. Բոլորը գիտեին, որ այնտեղ է բաբախում Հայաստանի սիրտը: Հիմա նույնը ասում են ազատամարտիկները, նրանք մեր կառավարման համակարգին ավելացնում են ուղիղ ժողովրդավարության ինստիտուտը: 88-ի մինչև փետրվարի 20-ը մենք ունեինք բազմաթիվ կաշառակեր պաշտոնյաներ` շրջկոմների քարտուղարներ, դատավորներ, միլիցիոներներ... մեկ ակնթարթում այդ ամենը ավարտվեց, երբ ժողովուրդը դուրս եկավ: Կարծում եմ` ուրիշ ճանապարհ չունենք, որովհետև կառավարման այս համակարգի ճգնաժամը մոլորակային է, ոչ միայն մեզ մոտ է:

Բայց փիլիսոփաներից Հերոդոտն ասում էր` միևնույն գետը երկրորդ անգամ մտնել հնարավոր չէ:

- Ինչ-որ իմաստով` սա միևնույն գետը չէ: Ազատամարտիկներն են այսօր անում, երիտասարդության գործոնը կա: Այսօր աշխարհում իշխում է կապիտալը. կա միջազգային օլիգարխիայի մի համակարգ, որ բանկերը պաշտպանելով` զոհաբերում է ժողովրդին:

Այո, բայց այնտեղ ընտրակեղծիքների մասին այնքան չի խոսվում, որքան մեզանում:

- Ո´չ այնտեղ, ո´չ այստեղ ընտրություն չկա: Ուղղակի այնտեղ գրպանահատությունը շատ նուրբ է կատարվում, իսկ մեզ մոտ շատ կոպիտ է, կարող է նույնիսկ քեզ մի հատ էլ հարվածեն: Տարբերությունը միայն սա է:

Գենդերը

Շատ բացասական արձագանք ունեցավ ԱԺ-ի ընդունած վերջին` Գենդերային հավասարության մասին օրենքը: Դրա պատճառով Եվրոպայի մասին սկսել են շատ վատ խոսել: Կարծես մեզանում ևս սկսվել է պայքար բնության դեմ: Որտե՞ղ են այդ երևույթի ակունքները:

- Խոսքը Եվրոպայի մասին չէ. ԵՄ-ը Եվրոպայի գործերի կառավարման մեխանիզմն է: Եվրոպան ինքը զոհ է: Եվրոպան մարդկության ստեղծածն արժևորում է, իրենով անցկացնում է և վերադարձնում է մարդկությանը` որպես նրա շտեմարանի կարևորագույն մաս: Ինչ վերաբերում է գենդեր ասվածին: Մեզանում ո՞վ է ում ննջարանի դուռը ծեծում ու փորձում տեսնել, թե այնտեղ ինչ կա. ոչ ո´ք: Բոլորը գիտեն` տարբեր մարդիկ կան` տարբեր դրսևորումներով: Պարզվեց` աշխարհում ինչ-որ կենտրոն կա, որը փոքրամասնության հարցը իբր փոքրամասնության ճնշում-հետապնդում ներկայացնելով, իրականում բզկտում է հասարակությունները, մարդկային էությանը:

Հայոց Եղեռնի 100-ամյակը

- Շատերն ասում են` թող Ցեղասպանությունը ճանաչեն առաջատար պետությունները, Թուրքիան: Մենք տեսնում ենք, որ այս հարցն ամեն անգամ շահարկվում է: Մենք թույլ ենք տվել, որ մեզանով որպես մահակ հարվածեն Թուրքիայի գլխին: Սա խայտառակություն է, բայց այդպիսին են այսօրվա կառավարման համակարգերը` շատ ցինիկ: Ես կարծում եմ` ռեալ հարց պետք է դնենք. մենք կորցրել ենք ոչ միայն հայրենիքը` որպես տարածք, այլև հայրենիքը` որպես ընդհանրություն, որպես մի ամբողջականութ յուն: Այդ ամբողջական կյանքը պետք է վերականգնենք: Մեզ հարկավոր է, որ դա ընդունվի, որովհետև միակ ցեղասպանությունն է, որ հատուցված չի. բոլոր մյուսներն այս կամ այն չափով հատուցվել են: Մեր կյանքի ամբողջականության վերականգնումը կլինի մեր հատուցումը: Դրա հնարավորություններն աշխարհում կան: Մենք պետք է ապրենք ընդհանրական կյանքով` ունենանք ընդհանուր մշակույթ, ընդհանուր կրթություն, գիտություն և այլն: Ես այսպիսի երկիր եմ տեսնում, որը կլինի շատ ավելի արդյունավետ, քան ներկայիս Հայաստանն է:

Այդպիսի երկիր տեսնում եք ոչ միայն Դուք. այդպիսի երկիր 88-ին տեսնում էինք մենք` բոլորս:

- Համաձայն եմ, և դրա իրականացման ժամանակն արդեն եկել է:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ