«ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻՆԵՐԻ» ՆՈՐ ԱՐՇԱՎԱՆՔԸ


Կոնցենսիոն կառավարում ստանձնած «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը, պարզվում է, այդպես էլ լուրջ նպատակներ չունի զարգացնել Հայաստանի երկաթուղային տրանսպորտը, ավելացնել թողունակությունը, նպաստել ուղևորների սպասարկման մակարդակի բարձրացմանը:

 

«ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻՆԵՐԻ» ՆՈՐ ԱՐՇԱՎԱՆՔԸ

 

Հանրապետության գլխավոր քաղաքների` Երևանի, Գյումրիի և Վանաձորի երկաթուղային կայարաններում վերանորոգման և բարեկարգման որևէ աշխատանքներ չեն կատարվել, չեն փոխվել դեռևս խորհրդային տարիներից մնացած նստարանները, գրեթե փակվել են սպասասրահները, հանվել են սննդի սպասարկման կետերը` չփոխարինվելով նորերով: Իսկ մյուս ոչ գլխավոր համարվող կայարաններում էլ ճիշտ այն վիճակն է, ինչը եղել է ընկերության կողմից կառավարումը ստանձնելուց առաջ: Այս ամենին գումարվել են անհասկանալի որոշումները, որոնք կայացվում են տնօրինության կողմից: Այսպես տեղեկացանք, որ ապամոնտաժվում են Շիրակի մարզի Արտենիի երկաթուղագծերը, քանդվում է կայարանի շենքը:

Ընկերության տնօրինությունը որևէ կերպ չարձագանքեց մեր հարցմանը, իսկ երկաթուղայիններից շատերն էլ ասացին, որ երկաթգծերը տարվում են անհայտ ուղղութ յամբ: Այս ամենին ավելացնենք նաև աշխատավարձերի սահմանման քմահաճությունները, երբ տնօրինությունն օրավուր ոչ թե բարձրացնում, այլ նվազեցնում է վարձաչափերը, չնայած ընկերությունն աշխատում է օգուտներով...

Օգոստոսի 21-ի առավոտյան տեղեկացա, որ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ն քանդում է Հայաստանի Արտենի երկաթուղային կայարանի երկրորդ երկաթգիծը և փակում է երկաթուղային կայարանը, գործազուրկ դարձնելով 5 հոգու: Մեր ունեցած տեղեկություններով, այժմ քանդվող այդ գիծը հիմնանորոգվել է անցած տարի: Կայարանապետին այս ապամոնտաժման աշխատանքների մասին տեղեկացրել են երեկ երեկոյան: Կայարանապետն այս մասին իրազեկել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը, ոստիկանությանը, ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարությանը: Արտենիի բնակիչները առավոտնից բորբոքված են և բողոքում են երկաթուղու մի գծի ապամոնտաժման ու կայարանի փակման դեմ:

Հատված Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի բաց նամակից