ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՓՍԻԽՈԶ Է ՍԿՍՎԵԼ


Տեղի ունեցավ մի չափազանց հետաքրքիր իրադարձություն: Մեր նախագահը մտավ դիվանագիտական ինքնատիպ խաղի մեջ ու իր վերջին ամիսների գործունեութ յունը լցրեց մի չափազանց ուշագրավ հայտարարությամբ, որը, ըստ էության, ոչ թե սատարանք է Ալիևին, այլ, հակառակը, սասանում է նրա նկատմամբ եղած հավատն իր երկրում, նրա դեմ է հանում հանրության զգալի շերտերին...

Ալիևի համար հայատյացությունը, Հայաստանի դեմ թշնամանքը դարձել է պետական քաղաքականություն, նրան ադրբեջանական հանրությունն ընդունում է առաջին հերթին հակահայ հայտարարությունների համար, մինչդեռ ՀՀ նախա-գահը հայտարարում էր, թե Ալիևը գերադասելի է... Հենց սա է մեր օրերին հարիր ճշմարիտ դիվանագիտությունը, երբ թշնամուն կարող ես շարքից հանել` նրա իսկ զենքով... Հիմա ադրբեջանական ընդդիմությունն ամեն տեղ կհայտարարի, թե Ալիևը գործարքների մեջ է Հայաստանի հետ, թե պատերազմի մասին նրա հայտարարությունները համաձայնեցված են Հայաստանի իշխանությունների հետ... Ու նման հայտարարությունները կօգնեն, որպեսզի վերջապես ադրբեջանական հանրությունը հասկանա, որ պատերազմը պետք է ոչ թե իրեն, այլ ալիևյան կլանին` հարստանալու և սեփական ժողովրդին հարստահարելու համար...

Օրեր առաջ «Բազե» ճամբարում Սերժ Սարգսյանը խոսել էր այն մասին, որ Հայաստանի համար շատ ձեռնտու կլինի, եթե Ադրբեջանում նախագահ ընտրվի Իլհամ Ալիևը: Նախագահ Սարգսյանը նաև շեշտել էր, որ Հայաստանը կամենում է տեսնել ժողովրդավարական Ադրբեջան, որպեսզի ղարաբաղյան հարցում հնարավոր լինի հասնել համակողմանի փոխըմբռնման: Սերժ Սարգսյանն իր խոսքում ասել էր.  

- Հայաստանի համար, և ոչ միայն Հայաստանի համար, ժողովրդավարության ճանապարհով ընթացող հարևաններն են ձեռնտու: Այստեղից էլ եզրակացություն, որ որպես հարևան, հատկապես` որպես բանակցային գործընկեր, մեզ միանշանակ ձեռնտու է ժողովրդավարական Ադրբեջանը: Բայց եթե այս հանգամանքը մի կողմ դնենք, հարցի պատասխանը հետևյալն է` մեզ համար թերևս ամենաձեռնտուն կլիներ, որ գործող նախագահ Իլհամ Ալիևը հաղթեր: Մենք դժվարին, բայց երկար բանակցային ճանապարհ ենք անցել:

Եվ գրեթե ուրվագծվել է խնդրի լուծման ճանապարհը` գոնե Մինսկի խմբի համանախագահների առաջարկած սկզբունքները հրապարակավ ընդունվելը: Դրանց շուրջ արդեն չորս տարի ակտիվ բանակցություններ ենք վարում: Ճիշտ է` հիմա ես չէի ասի, որ բանակցային պրոցեսը շատ ակտիվ է ընթանում, բայց այնուհանդերձ բավական ճանապարհ ենք անցել, և եթե ընտրություններից հետո Իլհամ Ալիևը կարողանա կամք դրսևորել և վեր կանգնել հայատյացության իր այդ մոլուցքից, ես կարծում եմ` մեզ համար ամենաընդունելի և նախընտրելի տարբերակը դա է:

Այս խոսքն Ադրբեջանում դարձել է նոր փսիխոզի առարկա, իշխանական ճամբարը խառնվել է իրար, իսկ ընդդիմադիրներն էլ արդեն հայտարարություններ են հնչեցնում, թե Ալիևը պարտավորություններ է ստանձնել Հայաստանի առջև: Բայց ամենից շատ անհանգստացել է Ալիևը, քանի որ նախագահ Սարգսյանի այս հայտարարությունն ընդդիմադիրների ձեռքին զենք է դառնում ու նաև որոշակի հուշում` միջազգային կառույցներին:

Որևէ մեկին գաղտնիք չէ, որ միջազգային մի շարք կառույցներ և գերտերություններ աչք են փակում Ադրբեջանում տիրող իրավիճակի առջև, քանի որ նրանց առայժմ հետաքրքրում է միայն ադրբեջանական նավթը: Սակայն հազիվ թե երկար ժամանակ նույն միջազգային հանրությունը կարողանա տանելի համարել այն իրավիճակը, որը տիրում է այդ երկրում: Շատերն են պնդում, թե Ալիևի հաղթանակը կանխորոշված է: Մանավանդ որ Ադրբեջանում հայտարարում են, թե Ալիևին սատարում են Բարաք Օբաման և Վլադիմիր Պուտինը: Սակայն նոր ընդդիմությունը, որը ղեկավարում է նշանավոր կինոսցենարիստ Ռուստամ Իբրահիմբեկովը, հազիվ թե հեշտությամբ հաշտվի կանխակալ գնահատականների հետ և հեռանա պայքարից: Իբրահիմբեկովին աջակցում են ռուսաստանյան որոշակի շրջանակներ. նա աջակցություն ունի նաև հրեական լոբբիի կողմից, հետևաբար Ադրբեջանում սպասվում են հետաքրքիր ընտրություններ: Իսկ ահա Սերժ Սարգսյանը խառնշտեց ադրբեջանական իշխանությունների հաշիվները և հրապարակայնորեն դրական կարծիք հայտնելով Ալիևի ընտրության նպատակահարմարության մասին, միաժամանակ ընդգծեց ժողովրդավարության խնդիրը:

Ի պատասխան Սերժ Սարգսյանի հայտարարության, Ալիևի կողմից, նրա իսկ թելադրանքով, հանդես է եկել նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը` այսպիսի պատասխանով.

- Հատկանշական է, որ Հայաստանի նախագահի յուրահատուկ արշավը Ադրբեջանում գրավում է ոմանց ուշադրությունը: Մի՞թե նրանց հայտնի չէ, որ Սարգսյանը երբեք անկեղծ չի արտահայտվում Ադրբեջանի մասին: Սակայն հարցը դա չէ: Այն ժամանակ, երբ ընդդիմությունը զբաղվում է «դոնկիխոտությամբ», Հայաստանի նախագահը կոնկրետ նպատակներ է հետապնդում: Առաջին հերթին Սարգսյանը աշխարհին ուզում է ասել, թե իբր Հայաստանը ժողովրդավարական երկիր է, իսկ ինքը` ժողովրդավա րական ճանապարհով ընտրված նախագահ: Սակայն բոլորին քաջ հայտնի է, թե ինչ ճանապարհով է ընտրվել Հայաստանի գործող նախագահը: Երկրորդ` Սարգսյանը փորձում է համոզել սեփական հասարակությանը, որ ջանքեր է գործադրում ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Սակայն դա սուտ է: Ադրբեջանի 20 տոկոս տարածքներն ավելի քան 20 տարի օկուպացիայի տակ պահող երկրի նախագահի նման անհեթեթ հայտարարությունները, բնականաբար, հետաքրքիր կարող են թվալ միայն նրանց, ովքեր կանխակալ դիրքորոշում են դրսևորում այս հարցի նկատմամբ:

Անտարակույս, այս պատասխանը նպատակ է հետապնդում ադրբեջանական ընդդիմությանն ու հանրությանը շեղել սթափ ընկալումներից, սակայն վիճակն արդեն նետված է. Ադրբեջանում արդեն կրքեր են եռում... Պատահական չէ, որ արդեն մի քանի օր ընդդիմադիր լրատվամիջոցներն անդրադառնում են նախագահ Սարգսյանի հայտարարությանը, իսկ իշխանությունն էլ ամեն կերպ փորձում է հանրության ուշադրությունը շեղել: Նշենք, որ ֆեյսբուքում շատերն աղմուկ էին բարձրացրել, սկսել սրեր ճոճել, թե` հասեք, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սատարում է Իլհամ Ալիևին, թե կողմ է, որպեսզի վերջինս նորից ընտրվի Ադրբեջանի նախագահ... Ու նախագահին պիտակավորում էին...

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ