Հա՞ որ..


ՄԻՆՉ ոմանք հնարավորն անում են ցույց տալու, թե ոչինչ չեն խնայում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ձախողման ուղղությամբ` գլխացավ առաջացնող այդ հարայհրոցի մեջ անտեսվում է մի կարևոր իրողություն: Իրականում այդ` սահմանի բացում կոչվածը մեր պետության ապաշրջափակման օրախնդիրն է: Մեր այս մի հարևանի հետ շրջափակման վերացման հեռանկարը քիչ է նկատվում ու կարևորվում: Մինչդեռ այն ժամանակ, երբ հայտնի իրադարձությունների հետևանքով մեր հանրապետությունը շրջափակման օղակում հայտնվեց, փակ սահմաններում գոյատևելու ահով ու սարսափով ընդունվեց այդ հարկադրյալ իրավիճակը: Ստացվում է, որ մենք անհաջողություններից դառնանում, իսկ հեռանկարների մեջ խորամուխ չենք լինում: Ասում են, չէ՞ , տաք գլխով սառն ու սթափ դատողություններ անել հնարավոր չէ: Եվ սեպտեմբերյան պաղ անձրևները նույնիսկ չեն օգնում` ավելի խորաթափանց լինել: ՎԵՐՋԱՊԵՍ: Րաֆֆի Հովհաննիսյանը խոսեց` այդպես էլ հուսադրող ոչինչ չավելացնելով վերջին շրջանում հարազատ կուսակցության քայքայման գործընթացի կասեցման ուղղությամբ: Մինչ «Ժառանգության» առանձին շրջանակներ պնդում էին, թե սպասվող ներկուսակցական պայթյունին չմասնակցելու դիտավորությամբ է նախկին արտգործնա խարարն ընթացիկ ամսվա սկզբին օվկիանոսի մյուս կողմում հայտնվել, «Ժառանգության» առաջնորդն անսպասելիորեն վերադարձավ` «նավից» միանգամից «պարահանդե սում» հայտնվելով: Երկար սպասված ու վաղուց խոստացված ասուլիսից խուսափելով` նա միանգամից Քաշաթաղում հայտնվեց, որտեղ էլ անսպասելիորեն հայտարարեց, թե. «Եթե մինչև ամսվա վերջ «Ժառանգությունը» չկարողանա հարթել ներքին խնդիրները, ապա գործին կմիջամտեմ ես»: Զարմանալի մարդ է մեր նախկին պաշտոնյան: Փաստորեն, նա այնքան լավատես է, որ կարծում է, թե այսպես շարունակվելու դեպքում «Ժառանգությունից» դեռ ինչ-որ բան է մնալու: Կամ, որ ավելի տարօրինակ է, իր իսկ խոսքերով` անձնական շահով առաջնորդվող ու դրանով իսկ «Ժառանգության» վրա թքած ունեցող հարազատ կուսակցության արդեն նախկին վերնախավը հանկարծ հեքիաթի հերոսների պես բարի է դառնալու: Նա կարծում է, թե իր կուսակիցները մի օր գրկախառնվելու, հուզմունքից էլ արցունք են թափելու, ու ամեն ինչ անցած լավ ժամանակների խաղաղ ու հանգիստ ընթացքն է վերագտնելու: Բայց չէ՞ որ Րաֆֆին, թեկուզ ոչ երկար, սակայն հասցրել է «վայելել» քաղաքականների անհանդուրժողականություն: Հետևաբար պետք է հասցրած լիներ պատկերացնել, որ մեզանում, եթե հանկարծ անձնական ու նյութական շահն է սկսում գերակա դառնալ, ապա դրա հաղթահարումը, եթե նույնիսկ հնարավոր է, միևնույնն է` հաստատ մեկ-երկու շաբաթների գործ չէ: ԵՎ ԻՐՈՔ: Լավատեսությունն էլ պետք է չափի ու, ինչպես մեր Կենտրոնական բանկն ապացուցեց, նաև «ժամկետի մեջ» սահմանափակվի: Մարտի սկզբին, երբ սև երեքշաբթիի հետևանքով ոմանք մի քիչ, իսկ շարքային քաղաքացիներս մի լավ սնանկացանք, ու հետն էլ ամեն ինչ թանկացավ, այս կառույցի պատասխանատուները բառի ամենալավ իմաստով հավաստիացրին, թե սա վերջն է… Նույնիսկ խոստումներ հնչեցին, թե մինչև տարեվերջ այդ անիրավ դոլարն էլ չի լողալու, 370 դրամի շրջանակներում վերջապես խարիսխ է գցելու, ու միգուցե այս սահմանաչափը ամերիկյան փողի հայկական ինքնադրսևորման վերջնական հանգրվանը դառնա… Միամիտները միգուցե հավատացին, բայց հո շատ լավ գիտենք, որ դոլարը, ոչինչ հաշվի չառնելով, սկսում է լողալ հենց այն ժամանակ, երբ պարզապես նման ցանկություն է ունենում: Պատահել է, որ այդ լողն այնքան էլ մեծ տարածություններ չի ընդգրկել: Պատահել է նաև հակառակը. այն թռիչքաձև վայրիվերումներ է ունեցել: Այնպես, ինչպես անսպասելիորեն անմոռաց դարձած մարտի 3-ի սև երեքշաբթին էր: Սույն բարձրասլաց թռիչքը լավ հիշելով, իհարկե, կարելի է 370 դրամի սահմանն ընդամենը տասը նիշով գերազանցած վերջին շաբաթների թռիչքին չանդրադառնալ: Բայց մեր սիրելի ԿԲ-ն` հանուն խոստումը չդրժելու, թե շատ ավելի առարկայական նկատառումներով, պարզվում է, որ մեծ ճիգերի գնով է կարողանում դոլարի վերելքը զսպել: Իսկ թե ԿԲ-ին դեռ որքան կհաջողվի օրը մի քանի միլիոն հավելյալ դոլար շուկա «բաց թողնել»` արտարժույթի պահանջարկը բավարարելու համար, հավանաբար առաջիկա օրերին կերևա: ԻՍԿ մինչ այդ հայրենի տնտեսությունը ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարման առաջին նախանշաններն է դրսևորում: Ըստ Ազգային Վիճակագրական ծառայության նոր տվյալների` մեր հանրապետությունում արձանագրված տնտեսական անկումը ներկայում 18,4 տոկոս է կազմում: Նախորդ ամիս այն 18,5 տոկոս էր, ինչից էլ կարելի է ենթադրել, որ խոշոր տնտեսություններ ունեցող երկրների ճգնաժամը հաղթահարելու մասին հայտարարությունները սկսում են նաև մեր հանրապետություններում որոշակի անդրադարձումներ ունենալ: Ի վերջո, նման իրավիճակում կարևորը միտումն է, ու սա էլ իր հերթին որոշակիացնում է ոչ միայն հաջորդ տարի թեկուզև աննշան, բայց տնտեսական աճի մասին կանխատեսումները, այլ պնդումները, թե տարեվերջը նույնպես եզրափակվելու է 4-5 տոկոսով ավելի նվազած թվով անկման ցուցանիշի արձանագր մամբ: