ԵՌԱՆԿՅՈՒՆԻ` ՉՀԱՏՎՈՂ ԱՆԿՅՈՒՆՆԵՐՈՎ


Ընդդիմությունը հավանաբար նորից էր սխալվել` դեռ մինչև վերջերս համոզված պնդելով, թե աշունը թեժ է լինելու… Ենթադրյալ ակտիվությամբ «առանձնանալ պատրաստվող» քաղաքական աշխույժ (՞) սեզոնի առաջին շաբաթներն առայժմ միայն ընդդիմադիր կամ գոնե իրենք իրենց այդպիսին համարող կուսակցական եռյակի շրջանում են ինչ-որ զարգացումներ տեսանելի դարձնում: Իսկ թե այս աշունն էլ նախորդների նման առանձնացնելով` վերջիններս ի՞նչ նկատի ունեին, հավանաբար մինչև վերջերս արմատականներն իրենք էլ չէին պատկերացնում: Ամեն դեպքում սեպտեմբերյան շաբաթներն ակներև դարձրին շատ հետաքրքիր մի իրողություն. ընդդիմադիր եռանկյունու անկյունները ոչ մի պարագայում չեն կարող հատվել… Ավելին, դրանց սուր անկյունները երբեմն կարող են նաև միմյանց բախվել: Համենայն դեպս ներկայում այս իրավիճակի ականատեսն ենք նույնիսկ «Ժառանգության» և Հայ Ազգային Կոնգրեսի պարագայում: Նրանց գոնե արտաքուստ ջերմ ու բարիդրացիական թվացող հարաբերություններն այլևս բավական արհամարհական ու ագրեսիվ հակամարտության են վերափոխվել, ինչն էլ ամեն օր ու ժամ ժայթքում է թե° համապատասխան քարոզչամեքենայից և թե° հայտնի գործիչների ամենօրյա դարձած հարցազրույցներից: ՀԱԿ-ՀՅԴ դարձյալ թափ առած հեռակա հակամարտությունը դիտարկելիս նույնպես մխիթարական ոչինչ չենք գտնում: Եվ եթե «Ժառանգության» պարագայում այս միավորի ղեկավարները պարզապես սեփական կուսակցության պահպանման (կամ միգուցե քայքայման) փորձեր են անում և ներքաղաքական զարգացումներին խառնվում են ինչ-որ տեղ «ձեռքի հետ», ապա մյուս երկու ընդդիմադիրների հակամարտությունն ակնհայտորեն շատ ավելի սթափ և ոչ զգայական հիմքերի վրա է: Այս ամենն էլ ինքնին վերհիշել է տալիս Լևոն Տեր-Պետրոսյանի հայտնի այցը Դաշնակցության գրասենյակ, երբ թվում էր, կամ ավելի ճիշտ միտում կար տպավորություն ստեղծելու, թե երկու քաղաքական ուժերի բարեկամությանը խանգարող ատելության սեպը վերջապես կվերանա… Մինչդեռ առաջին իսկ հարմար առիթով ապացուցվեց, որ այստեղ ոչինչ էլ չի փոխվել. Դաշնակցությունն, ինչպես միշտ և անկախ ամեն ինչից, իր տեսակետներն ու համոզմունքները չի պատրաստվում վերանայել, իսկ Լ. Տեր-Պետրոսյանի` քաղաքական դաշտի միավորման առաքելությունը բավական համեստ արդյունքներ է արձանագրել: Դիցուք` դա ասենք մի ինչ-որ Հովհաննես Հովհաննիսյանի ՀԱԿ-ում ընդգրկելով է եզրափակվել, ով հավատարմութ յան երդումը շրջանցելով` Կոնգրեսի հանրահավաքից ժամեր առաջ հայտարարեց, թե լիարժեքորեն ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ուղղությամբ իշխանության ձեռնարկած և ծրագրվող քայլերը: Նույնը կարելի է նաև արտիստ-մարքսիստի մասին ասել… Դ. Հակոբյանն էլ չհնազանդվելով Կոնգրեսի հայտարարած բոյկոտին` իրեն բնորոշ ակտիվությամբ միջկուսակցական խորհրդակցությունների ամենանկատվող հերոսներից մեկը դարձավ: Թե ով և որ մոտեցումն է ճիշտ, իհարկե, մեր քննարկելիքը չէ, բայց միաժամանակ պարզ է նաև, որ ՀԱԿ-ն իր արբանյակներին, ինչպես ասում են, «բռի մեջ հավաքած» չի կարողանում պահել: Թեպետ եթե ավելի անկեղծ` Կոնգրեսը գոնե մեկ տասնյակ հազարի հասնող համակիրներ ունի, ինչը հերթական ուրբաթօրյա հանրահավաքում դարձյալ ակնհայտ դարձավ: Իսկ ընդդիմադիրի շապիկը նորերս հագած Դաշնակցությունը շատ ավելի անմխիթարական վիճակում է: Մինչ այս քաղաքական ուժի առաջնորդները, ինչպես ժողովուրդն է ասում, «կատու էին ճղում», ՀՅԴ-ն շատ արագ ապացուցեց, որ մեկ-երկու հարյուր հանրահավաքավորից ու նստացույցի-հացադուլի պատրաստ մեկ-երկու տասնյակ ակտիվիստից բացի, մեկ էլ երևի բոլորից մի փոքր շատ նյութական միջոցներ ունի: Ու որքան էլ անվանի դաշնակցականներն այս օրերին պնդեն, թե «ՀՅ Դաշնակցությունը դեմ չէ և երբեք էլ դեմ չի եղել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բնականոնացմանը», բայց ինչ-ինչ նկատառումներ ունի հընթացս, այնուամենայնիվ է°լ ավելի պարզորոշ է դառնում, որ Հայ Դատը Դաշնակցության հացն է… Բայցևայնպես, այս քաղաքական ուժն այնքան ու այնպես է վարկաբեկվել, որ օրինաչափ էր ոչ միայն մի քանի ամիս առաջ երևանյան ընտրություններում կրած աննախադեպ պարտությունը, այլ նաև նստացույց-հացադուլի հանդեպ հանրության դրսևորած ընդգծուն անտարբերությունը: Չանտեսենք ու կարևորենք նաև ՀՅԴ ղեկավարների անկեղծ զարմանքը` անօրինակ անտարբերության ու անտեղյակության հանդեպ: Այս առումով Կոնգրեսի ուրբաթաերթի մասնակիցներն ավելի «շռայլ» գտնվեցին ու երևի թե վերջին զարգացումների զավեշտալիությունն է°լ ավելի ցցուն դարձնելու ակամա ձգտմամբ, նրանք Հանրապետության հրապարակով անցնելիս «Միացում» վանկարկումներով ողջունեցին դաշնակցական նստացուցավորներին… Եվ իրոք, տերպետրոսյանական հանրահավաքները 2,5 ամիսը մեկ, թե տարին երկու անգամ հրավիրվեն, միևնույն է, դրանք մշտապես ինչ-որ չարագուշակ նախազգուշացումների ու ծայրահեղ հոռետեսության մթնոլորտում են անցնում: Մնում է ենթադրել, որ զանգվածները ՀԱԿ միտինգներին սպասվող անհաջողություններից (՞) վաղօրոք զգուշանալու անհանգստութ յունից դրդված են մասնակցում: Իր հերթին ՀԱԿ-ի առաջնորդի ելույթը հենց այս նոտայից էլ սկսվեց. անցնող ամիսներին (իհարկե, դրական առումով) ըստ Լ. Տեր-Պետրոսյանի` ոչինչ չի փոխվել: Թեպետ. «Ես ոչ աղետ եմ գուժում, ոչ էլ ուզում եմ հուսահատություն սերմանել»,- փորձեց ամբողջացնել առաջին Նախագահը: Եվ քանի որ ըստ ՀԱԿ-ի` ստեղծված իրավիճակն ավելի բարդ է, քան նույնիսկ իրենք էին կանխատեսել, ուստիև ինչ-որ բան լրացուցիչ ապացուցելու կարիքն էլ չկա, ու հետևաբար Կոնգրեսի աշնանային պայքարն առանձնապես ակտիվ բնույթ չի կրելու: Այս առումով Լ. Տեր-Պետրոսյանը ոչ միայն չցանկացավ հաջորդ հանրահավաքի համար որոշակի ժամկետ նշել, այլ նաև Կոնգրեսի տեղը սիրահոժար կերպով (բայց ժամանակավորապես) ինքնադրսևորվելու ցանկություն ունեցող ուրիշ քաղաքական ուժերի տրամադրել: Ակնհայտ է, որ առաջին Նախագահը հոգնել է անպտուղ պայքարից, մանավանդ, որ այն որքան անձնավորվում, նույնքան էլ անհեռանկարային է դառնում: Այս մասին թեկուզև անուղղակիորեն, բայց Լ. Տեր-Պետրոսյանն էլ խոստովանեց: Նրա հավաստմամբ, եթե հանկարծ նախագահի հաջորդ ընտրություններում Ս. Սարգսյանը չառաջադրվի և թեկնածուների շարքում Ռ. Քոչարյանն էլ չլինի, ապա ինքը ևս կխուսափի այդ մրցավազքին մասնակցելուց: Հենց այս տրամադրվածությունն էլ ինքնաբերաբար թափանցիկ է դարձնում թե° ընդդիմադիր դաշտի միավորման ծրագրի ժամկետանց դառնալը, թե° Կոնգրեսից «պոկվել» պատրաստվող բեկորների քաղաքական տարօրինակ վարքագծի հանդեպ ցուցաբերվող անտարբերությունը:

Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆ