Երիտասարդներին մտերմացնող «Ռուսական օրեր»


Պասկևիչի և Գրիբոյեդովի հուշարձաններին պսակադրությամբ մեկնարկեցին «Ռուսական խոսքի օրերը» Հայաստանում: Ամենամյա դարձած այս միջպետական ծրագիրն այս տարի մեկ գլխավոր նպատակի ծառայող միջոցառումների իրականացմամբ էր ակնառու. միավորել ԱՊՀ երիտասարդությանը: Բովանդակաշատ այս օրերի պաշտոնական բացման պատիվը վերապահված էր ՌԴ ժողովրդական արտիստ Վյաչեսլավ Սպեսիվցևի գլխավորած Մոսկվայի երիտասարդական փորձարարական թատրոնի «Խելքից պատուհասը» ներկայացմանը: Գրիբոյեդովի հանրահայտ երկի նորօրյա մեկնաբանության խորիմաց ընկալմամբ` ռուս արվեստագետներին զարմացրած երիտասարդ հանդիսասրահը փոխշփումների բազում առիթներ ունեցավ այդուհետ: Երևանյան տասնյակ մշակութային օջախներում տեղի ունեցած հանդիպումները բուհերի, զորամասերի, դպրոցների հայ երիտասարդների հետ ընդհանուր պատկերացում տվեցին նաև ռուսական արդի մշակութային առօրյայի մասին: "ՇվՏրՑՖ" նորընծա ամսագրով համատեղ ներկայացվեցին ՌԴ և ՀՀ երիտասարդ գրողները «Ռուսաստանի երիտասարդ արձակն ու չափածոն» երեկոյին զուգահեռ: ՌԴ և միջազգային մրցույթների դափնեկիր Մարիա Պավլովայի (սոպրանո) երգարվեստին անմիջականորեն հաղորդակցվեցին նաև ՀՀ մարզերի արվեստասերները: Ասենք, մարզային երիտասարդությունը անմասն չմնաց նաև մյուս մշակութային միջոցառումներից: Վանաձորում, Գյումրիում, Արմավիրում, Սպիտակում և Ստեփանակերտում ռուսական պատվիրակությունը, Հայաստանի հետ բարեկամության և համագործակցութ յան ռուսաստանյան ընկերության նախագահ Ի. Ի. Աֆանասևի գլխավորությամբ, շրջագայեց` մտահղացված ծրագրի (պլանավորվածների մի մասը, ավաղ, թղթի վրա մնաց) գրեթե ողջ պարունակության կենդանի գույներով հոգեհարազատության սերմեր ցանելով ամենուր: Առաջին անգամ Հայաստան այցելող ռուս երիտասարդները, իրենց հերթին, վառվռուն տպավորություններով և հյուրընկալ ջերմությամբ հարստացան: Ավետյաց երկրում գտած հոգևոր լիցքերով հագեցավ Սերգեյ Եսենինի «Սիրելիներս, հարազատներս…» երիտասարդական բեմադրության ներկայացումը մեր ռուսական թատրոնում, որով եզրափակվեցին այս տարվա համար նախատեսված միջոցառումները` ռուսական բարձր մշակույթի հետ փոխշփումների պահանջը որոշակի բավարարելով:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ