9/11. առայժմ առասպելանման ենթադրությունների մակարդակով


Ութամյա վաղեմությամբ սեպտեմբերի 11-ի ամերիկյան ողբերգությունը շարունակում է քննարկումների թեմա, վարկածների առիթ մնալ: Այն 2974 մարդու կյանք խլեց, և դրա պատասխանատվությունը կառավարությունը բարդեց «Ալ-Քաիդա»-ի ու դրա առաջնորդ Ուսամա բեն Լադենի վրա: Սակայն պաշտոնական այս վարկածը ոչ բոլորին բավարարեց: Փաստերի բազմաթիվ անհամատեղելիությունը, փորձագետների գնահատականներում ու ահաբեկչությունից փրկվածների վկայություններում առկա հակասութ յունները հանգեցնում են դավադրության տեսությանը: Ոչ միայն Նահանգներում, այլ նրա սահմաններից դուրս էլ շատ լրագրողներ փորձում են ապացուցել ամերիկյան իշխանությունների մասնակցությունը սեպտեմբերտասն մեկյա ահավոր իրադարձություններին: Մանավանդ Դիլան Էվերիի «Մանրուն դրամ» փաստագրական ֆիլմը կամ Մայքլ Մուրի «Ֆարենհայտ 9/11» նկարը (ֆարենհայտը ջերմաչափ է, որի վրա հալման կետը նշված է 32 աստիճան, իսկ եռման կետը` 212- խմբ.), դիտելուց հետո ակամա հավատում ես` երկվորյակ աշտարակները կործանել են զինվորականները, իսկ Պենտագոնի վրա էլ երբեք ուղևորատար օդանավ չի ընկել: Թեև չպետք է անտեսել և այն իրողությունը, որ նման ֆիլմերի ու հետաքննությունների հիմքում փաստերից, արված արտահայտությունններից, ցնցում ապրած ականատեսների վկայություններից առանձնացված ազատ բանաքաղն է: Այսուհանդերձ, գաղտնի աշխատողները հնարավորություն չունեն զբաղվել աղետի վայրում եղած հանցանշաններով, ի մի բերել բոլոր տվյալներն ու դրանք օբյեկտիվորեն վերլուծել: Եվ նրանց այլ բան չի մնում, քան կասկածել, որ իշխանությունները խեղաթյուրում են իրողությունը: Փորձենք անդրադառնալ ամենատարածված վարկածներին: ԱՌԱՍՊԵԼ 1. Հափշտակված «Բոինգը» վարում էին ամերիկյան զինվորականները Ամենատարածված ենթադրություններից մեկն այն է, որ սեպտեմբերի 11-ին խորտակված 4 օդանավերից ոչ մեկն այն չվերթների ինքնաթիռները չեն եղել, որոնք ընդունված է կարծել: Իբր` այդ չվերթի «Բոինգները» կամ փոխարինվել են մարտալիցքեր մատակարարող ռազմական ինքնաթիռներով, կամ թռել են հեռակառավարմամբ և կամ` ղեկի մոտ օդամարտի բարձրակարգ վարպետներ են եղել: Զինվորականների մասնակցության օգտին խոսում են հետևյալ փաստերը. ռադիոտեղորոշման համակարգերի համար թույլ տեսանելիության գոտում AA 11 և UA 175 չվերթերից առաջինում անջատվել է, իսկ երկրորդում ընդհանրապես չի գործել ընդունող-պատասխանիչը: Բացի այդ, հափշտակիչների մասին կարծիքները համադրելով, կարելի է պնդել, որ Կինի հաշվետվության մեջ նշված` բեն Լադենի դրածոները չէին կարող իրականացնել օդային այն խուսավարումները, որոնք նախորդել են երկվորյակ-աշտարակների ու Պենտագոնի հետ բախումներին: Միջին հաշվով 850 կմ/ժամ արագությամբ թռչող օդանավերով կատարված այդպիսի գլխապտույտ շրջադարձեր կարող էին կատարել միայն արհեստավարժ օդաչուները: ԱՌԱՍՊԵԼ 2. Երկվորյակ աշտարակները երկնաքերների պատմության մեջ առաջինն էին, որ փլուզվեցին հրդեհից Շատերը կարծում են, որ ահաբեկչության հետ «Ալ-Քաիդա»-ի կապ չունենալու հիմնական ապացույցը թվացյալ տեսանելի փլուզումն է: Իբր` 110 հարկանի հսկաները չէին կարող փլատակվել հրդեհի հետևանքով` եթե նույնիսկ այդ հրդեհը բռնկվել է ինքնաթիռների բախման արդյունքում: Համաշխարհային առևտրային կենտրոնի կառուցման նախագծի ղեկավարներից մեկը` Ֆրենկ ԴեՄանտինին պնդում է. - Շենքը նախագծված է այն հաշվարկով, որ կարող է դիմանալ «Բոինգ-707»-ի` թռիչքային առավելագույն ծավալի (152 տոննա-խմբ.) հարվածին: Ես համոզված եմ, որ շենքը կդիմանար նույնիսկ ինքնաթիռների մի քանի հարվածներին: Աշտարակներն, իսկապես, չափազանց ամրակուռ են, ինչն ապահովում են պողպատյա 47 սյուները: Թերահավատների հոռետեսությունը խորացնում են ականատեսների այն վկայումները, որ տարբեր հարկերում պայթյուններ են լսել` փլուզումից առաջ ու հենց փլուզման ընթացքում: Երկու աշտարակները տեղակայված էին բավական կիպ` առանց որևէ թեքվածքի: Եվ եթե խորտակումն, իրոք, վաղօրոք ծրագրված լիներ, ապա նախապատրաստական աշխատանքները տևական ժամանակ կպահանջեին: Ուրեմն` կարծեցյալ դավադիրները ե՞րբ կարող էին այդ նախապատրաստությունն իրականացնել: - Սեպտեմբերի 8-ի և 9-ի հանգստյան օրերին հարավային աշտարակում 50-րդ հարկում ու դրանից վերև, շուրջ 36 ժամ անջատված է եղել էլեկտրականությունը,- պատմել է Համաշխարհային առևտրի տուն-2-ի մի քանի հարկեր զբաղեցնող Fiduciary Trust Inc ընկերության աշխատակից Սքոթ Ֆորբսը:- Այդ ընթացքում չեն աշխատել ո°չ հսկիչ խցիկները, ո°չ էլեկտրական փականները, ո°չ վերին հարկերի վերելակները, և անհաշիվ քանակի անհայտ մարդիկ էին շրջում շենքում: Հոռետեսները չեն հավատում, որ հրդեհները կարող էին այնքան թուլացնել պողպատյա ամրանները, որ դրանք փլվեին: Վառելանյութն այրվում է Ցելսիուսի 1000 աստիճանում, ինչը բավարար չէ, որպեսզի պողպատը հալչի, սակայն բավարար է` դրա կառուցվածքային հզորությունը թուլացնելու համար: Ըստ էության` հրդեհը միայն անուղղակի պատճառ է եղել փլուզման: Դավադրության վարկածին կողմնակիցները հայտարարում են, որ փլուզումը չէր կարող վայրկյանների արագությամբ լինել: Այո, աշտարակներն ընկել են 10 վայրկյանի ընթացքում, բայց ցանկացած լուսանկարում նկատելի է, որ վերին հարկերի պոկվածքները շենքի փլուզումից ավելի արագ են թափվում գետնին: ԱՌԱՍՊԵԼ 3. Առևտրի համաշխարհային կենտրոն-7-ի կործանումը Ոչ բոլորն են երևի հիշում, որ երկվորյակ-աշտարակներից զատ նույն օրը տապալվեց մեկ այլ երկնաքեր ևս` 47 հարկանի ԱՀԿ-7-ը: Դրան ինքնաթիռ չի դիպչել, իսկ հրդեհները, ականատեսների ասելով, թույլ են եղել: Այդուհանդերձ, ժամը 17.20-ին բարձրահարկը փլվել է հաշվված վայրկյանների ընթացքում: Այդ շենքում տեղակայված էին Հետախուզության դաշնային բյուրոյի (ՂըՀ), IRS հարկային ծառայության (ենթադրվում է` հսկայաքանակ վարկաբեկիչ փաստաթղթերով), Պաշտպանության նախարարության, ԱՄՆ-ի հակահետախուզության գրասենյակները: Այսինքն, այնտեղ պահպանվել են փաստաթղթեր, որոնց ոչնչացմամբ շահագրիռ մարդիկ քիչ չէին լինի: ԱՀԿ-7-ի աշխատակիցները ներքևի հարկերի պայթյունների մասին հաղորդել են` մինչ երկվորյակների փլուզումն ու ուժեղ հրդեհի սկսվելը: - Ես նայում էի շուրջս` նախասրահն արդեն չկար: Դա նման էր դժոխքի,- հայտնել է 23-րդ հարկի աշխատակից Բարրի Ջեննինգսը` վերհիշելով հզոր պայթյունը, որը թնդացել է իրենց շենքում, այն պահին, երբ ինքնաթիռը բախվել է Հյուսիսային աշտարակին: Կասկածամտության կրակին յուղ է լցրել նաև ԱՀԿ-7-ի տերը` միլիարդատեր Լարրի Սիլվերսթայնը` հարցազրույցում հայտարարելով. - Ես հիշում եմ` ինձ զանգահարեց հրշեջ մասի հրամանատարն ու ասաց, որ վստահ չէ, թե իրեն կհաջողվի սանձել բոցերը: Ես ասացի, որ առանց այդ էլ մենք այնքան զոհեր ենք ունեցել, դրա համար ավելի խելամիտ կլինի դիմակայել: Դրանից հետո մենք բոլորս տեսանք, թե ինչպես շենքը փլվեց: Հետաքրքիր մի փաստ ևս սիրում են շրջանառել առասպելների սիրահարները Բի-բի-սի հեռուստաալիքի ուղիղ եթերում հեռարձակված արտասովոր իրադարձությունը: Հեռուստադիտողներն իսկապես փոքր-ինչ զարմացել էին` լսելով, թե մեկնաբանն ինչպես է պատմում ԱՀԿ-7-ի փլուզման մասին` դեռևս կանգուն երկնաքերի պատկերի ցուցադր մամբ: Հնարավո՞ր է, որ ոմն մեկը լրագրողների շրջանում տարածել է սեպտեմբերի 11-ի իրադարձությունների ինչ-որ սցենար: Բրիտանական ալիքի նորությունների բաժնի ղեկավարը կտրականապես հերքում է դա: Իրականում` շենքի փլուզման հավանականությունը հայտնի էր արդեն ժամը 14-ի սահմաններում: Իսկ լրագրողներն էլ կարող էին սխալվել` կադրերը մոնտաժելիս, կամ պարզապես` չափազանցնել: ԱՌԱՍՊԵԼ 4. «Բոինգը» խփվել էր Փենսիլվանիայում Հետազոտողները մերժում են այն վարկածը, որ հափշտակված 4-րդ` United Airlines ավիաընկերության «Բոինգ 757» ինքնաթիռը կործանվել է` իր ուղևորների հերոսական ջանքերի շնորհիվ: Եթե նույնիսկ խիզախ ուղևորները դիմադրել են «Ալ-Քաիդա»-ի ահաբեկիչներին, միևնույն է` բնավ իսլամիստ-մահապարտները չէ, որ օդանավը մխրճել էին փենսիլվանական ամայություններում: Մինչ կործանումն ինչ էլ կատարված լիներ ինքնաթիռի մեջ, այդուհանդերձ այն տապալել են ամերիկացի զինվորականները: Ըստ 9/11 հանձնաժողովի հաշվետվության` Փենսիլվանիայում կործանված UA 93 չվերթում իրադարձությունները զարգացել են հետևյալ կերպ. - Հափշտակիչները սկսեցին գործել ժ. 9.28-ին: 9.32-ին հափշտակիչը, հավանաբար Ջարրահը, կատարեց կամ փորձեց կատարել հետևյալ հայտարարությունը. «Տիկնայք և պարոնայք, սա հրամանատարն է: Մնացեք տեղերում: Ինքնաթիռում ռումբ կա»: - …Ժ. 9-57-ին ուղևորներն սկսել են գրոհը,- ծանուցում է Կինի հանձնաժողովի հաշվետվությունը:- Դրան ի պատասխան` Ջարրահը սկսել է ինքնաթիռը կողաթեքել աջ ու ձախ` փորձելով միաժամանակ ոտքով հարվածել ուղևորներին.. Ժ. 9.59-ին նա փոխել է մարտավարությունը` օդանավը կտրուկ մերթ դեպի վեր, մերթ դեպի վար ուղղելով: Ձայնային ինքնագրիչն ամրագրել է պայքարի ձայները: Ժ. 10.02-ին ինքնաթիռն ուղղվել է դեպի ներքև, ղեկանիվը թափահարվել է դեպի աջ: Օդանավը գլխով շրջվել է դեպի վար, և հափշտակիցներից մեկն սկսել է բղավել` «Ալլահ ակբար»: Պայքարի շարունակական ձայների ներքո ինքնաթիռը 930 կմ/ժ արագությամբ մխրճվել է Փենսիլվանիայի Շենքսվիլ դաշտում: Բայց թերահավատները հավաստիացնում են, թե սրանք լոկ խոսքեր են. իրականում օդանավն ինքն իրեն չի ընկել. այն խփել են հրթիռով: Այս համոզմունքի ջատագովներից է գրող Դևիդ Ռեյ Գրիֆֆինը, ով պնդում է, որ ինքնաթիռը խփվել է "ՉՏջՊցւ-ՉՏջՊցւ" հրթիռով: Ավելի համարձակ հայտարարությամբ է հանդես եկել պաշտոնաթող մի զինվորական. - UA 93 չվերթը խփել են Հյուսիսային Դակոտայի ռազմաօդային ուժերը: Ես անձամբ ծանոթ եմ 93 չվերթի ուղղությամբ 2 հրթիռ արձակած F-16 օդաչուին,- ռադիոզրույցի ժամանակ ասել է պաշտոնաթող գնդապետ Դոնն դը Գրան-Պրեն: Իսկ LetsRoll 911.org կայքի հիմնադիրների հետ զրույցում նա հստակեցրել է. - Մայոր Ռիկ Գիբնին ինքնաթիռի վրա արձակել է 2 «Սայդուինդեր» հրթիռ և ոչնչացրել նրան ժ. 9.58-ին: ԱՌԱՍՊԵԼ 5. Հափշտակված օդանավի ուղևորները չէին կարող զանգահարել Դավադրության վարկածի կողմնակիցները հաճախ են հիշատակում բջջային կապի մասնագետների կարծիքը: Իսկ վերջիններս չեն հավատում, թե հնարավոր էր ինքնաթիռից զանգահարել: Մինչդեռ պնդողներ կան, որ այդ սարսափելի պահերին առնվազն 15 ուղևոր զանգահարել է ընկերներին ու հարազատներին: Բոլորին է հայտնի. 10-11 կմ բարձրության վրա բջջայինները վատ են աշխատում: Այս ուղղությամբ կատարած փորձերի արդյունքում հետազոտողներն արձանագրել են, որ 10 կմ բարձրությունից բջջայինի զանգի հավանականությունը 0,6 % է: Այսուհանդերձ, UA 93-ի ուղևորի զանգի ձայնագրությունն է իբր պահպանվել. - Մամա, սա Մարկ Բինգեմն է: Ես պարզապես ուզում եմ ասել, որ սիրում եմ քեզ: Ես Նյուրակից Սան-Ֆրանցիսկո եմ թռչում: Այստեղ երեք տղաներ հափշտակել են ինքնաթիռը, և ասում են` նրանց մոտ ռումբ կա: Մասնագետներն համոզված են, որ տղամարդու ձայնը կեղծված է. մի՞թե որևէ մեկը մորը զանգահարելիս ասում է իր լրիվ անուն-ազգանունը: Ավելին` դեռևս 1999 թ. ԱՄՆ-ում փորձարկվել է ձայնի համադրման (սինթեզի) հնարավորությունը: - Ունենալով մարդու ձայնի ընդամենը 10 րոպեանոց պատառիկ, փորձագետները կարող են պատճենավորել նրա խոսքի ձևանմուշը և վերստեղծել ճիշտ պատճենը, թե իրբ այդ մարդն է ասել,- իր հոդվածում գրել է նախկին հետախույզ Ուիլյամ Առկինը: Տղայի մայրը, սակայն, ընդունում է, որ զանգահարողն, իրոք, իր որդին է եղել. - Սեպտեմբերի 11-ի առավոտյան ես իմ եղբայր Վոնի մոտ էի, երբ հեռախոսը զանգեց: «Մա՞մ, սա Մարկ Բինգեմն է…»: Նա երբեք այդպես չէր ներկայացել: Նա երիտասարդ գործարար էր և հեռախոսով ասաց. «Սա Մարկ Բինգեմն է», որովհետև ուզում էր ուժեղ, հավասարակշռված, գործնական երևալ: *** Սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գրոհները կարծես մեկեն փոխեցին աշխարհը: «Ովքե՞ր են հազար անմեղ մարդկանց զոհվելու պատճառը» հարցը դեռևս չունի ապացույցներով հիմնավորվող հստակ պատասխան: Ողջ ճշմարտությունն, իհարկե, երևի երբեք էլ չի բացահայտվի: Բայց գոնե հնարավոր դառնա կողմնորոշվել, թե կատարվածի փաստերը վիճարկող կողմերից ո՞րն է ավելի օբյեկտիվ` խնդրի բուն էության մեջ խորամուխ լինել ձգտող կասկածամիտ քաղաքացինե՞րը, թե՞ հանցանշաններից տեղյակ լինելու հնարավորություն ունեցող պաշտոնական փորձագետները: Արդյո՞ք 2 կողմերն էլ իրենց համոզմունքներում կիսաճշմարտացի չեն:

Գոհար ԲՈՏՈՅԱՆ