ՆՈՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԻՆ ԲԱՐԵԿԱՄԻ ՀԵՏ


1993 թվականից Միացյալ Նահանգներում է ապրում Հայկական հեռուստատեսության Ծրագրերի տնօրինության նախկին գլխավոր ռեժիսոր Ռոբերտ Կարապետյանը, ում անունը սերտորեն կապված է ազգային հեռուստատեսության «ոսկեդարին»: Բնիկ երևանցի Ռոբերտ Կարապետյանը 1965 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը` հանդիսանալով հայ մեծ բեմադրիչ Վարդան Աճեմյանի ռեժիսորական միակ արվեստանոցի սան: 1965-ից էլ եկել է հեռուստատեսություն և աշխատել այնտեղ 28 տարի` ճանաչվելով որպես եթերի լավագույն մասնագետներից մեկը: Դեռևս 1956 թվականին քսանամյա երիտասարդը սկսել է հանրապետական թերթերում տպագրել լուսանկարչական իր խցիկով հավերժաց րած ակնթարթները` մասնավորաբար աշխատակցելով «Ավանգարդ» թերթին, որի լույսընծայման 40-ամյակի առթիվ էլ պարգևատրվել է ՀԼԿԵՄ Կենտկոմի պատվոգրով, ինչն այն տարիներին բարձրագույն պարգև էր համարվում: 1993-ից ապրելով Նյու-Յորքում` Ռոբերտ Կարապետյանը հիմնականում զբաղվել է լուսանկարչությամբ` համադրելով վավերականը գեղարվեստականին: Նրա աշխատանքները ցուցադրվել են Երևանում, Նյու-Յորքում, Բոստոնում, Լոս-Անջելեսում, տպագրվել Սփյուռքի գրեթե բոլոր թերթերում: Իր ծննդյան 75-ամյակի և Հայաստանի անկախության վերականգնման 20-ամյակի առթիվ նկարիչն իր լուսանկարչական աշխատանքները ներկայացրեց մայրաքաղաք Երևանի «Նարեկացի» արվեստների միության ցուցասրահում: Դրանցից վեր էր հառնում Հայաստանի յուրատեսակ տարեգրությունը, հատկապես զարմանք պատճառելով Վիլյամ Սարոյանի, Վահրամ Փափազյանի, Մհեր Մկրտչյանի, Սոս Սարգսյանի, Երվանդ Քոչարի, Մարտիրոս Սարյանի, Վիոլետ Գևորգյանի, Վլադիմիր Մսրյանի, Գուժ Մանուկյանի ինքնատիպ դիմանկարներով: - Ես բոլոր լուսանկարներն արել եմ ընթացքից, ինչպես ասում են` ընտրելով կուլմինացիոն պահեր, կարևոր դրվագներ,- ասաց Ռոբերտ Կարապետյանը: Նրա լուսանկարներն իրապես այնպիսի պահեր են արձանագրել, որոնք կարող են այսօր պատմական և չափազանց արժեքավոր համարվել: - Ես անչափ ուրախ եմ և երջանիկ, որ կարողացա իրականացնել իմ վաղեմի երազանքը և ծննդյանս 75-ամյակը նշել իմ պաշտելի Երևանում, այստեղ բացված ցուցահանդեսով: Անցած տարի ես մեծ թվով աշխատանքներ նվիրեցի Գրականության և արվեստի թանգարանին, իսկ այս տարի էլ մտադիր եմ աշխատանքներիցս մի մասը նվիրել Ազգային գրադարանին: Վստահ եմ, որ դրանք հետագայում պետք կգան բոլոր նրանց, ովքեր կփորձեն նոր հայացք հառել մեր երկրի պատմության այն հատվածին, որն արտացոլվել է իմ լուսանկարներում: Ես շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր օգնել են ինձ կյանքում, իմ առջև դռներ բացել: Բայց ամենից շատ շնորհակալ եմ «Ավանգարդ» թերթին, որովհետև այստեղ վստահեցին ու հավատացին ինձ, տպագրեցին ոչ միայն իմ լուսանկարները, այլև փոքրիկ թղթակցություններս: Ես հպարտանում էի, որ այս թերթի արտահաստիքային թղթակիցն եմ, իսկ խորհրդային տարիներին մեծ պատիվ էր հանրապետական թերթի արտահաստիքային թղթակից լինելը,- մեր զրույցի ժամանակ ասաց մեծանուն լուսանկարիչը: