«Հայաստան-Արցախ-Սփյուռք միությունը սարեր կարող է շարժել»


Սփյուռքի գոյության հիմնասյունն ու ամուր խարիսխը հայրենիքն է: Եվ պատահական չէր մեր հայրենակիցների համախմբումը մայր հայրենիքում` Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա տարելիցի նախօրեին: Հիրավի, սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների համահայկական համաժողովը վերահաստատեց հայոց պետականությունն ավելի հզոր տեսնելու հայության միասնական կամքը: 46 երկրներից ժամանած սփյուռքյան 151 կազմակերպություններ ներկայացնող 550 մեր հայրենակիցները եկել էին` համատեղ ուժերով քննարկելու մեր առջև ծառացած մարտահրավերները, կենսական նշանակություն ունեցող այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են` Հայաստան- Սփյուռք գործակցության հետագա զարգացման, լեզվի, կրթության, երիտասարդության, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ` տարածաշրջանային հանձնախմբերի գործունեության հիմնախնդիրները: Երկօրյա համաժողովի ընթացքում բարձրացված բոլոր հարցադրումներն, անշուշտ կդառնան հետագա աշխատանքների հիմանական ուղենիշը: Քննարկված խնդիրները կարելի է բաժանել 5 հիմնական ոլորտների` քաղաքական, տնտեսական, լրատվական-տեղեկատվական, լոբբիստական և մշակութային: Առաջնահերթ անհրաժեշտություն է Սփյուռքի ներկայությունը նաև քաղաքականության մեջ: Սակայն, նախևառաջ պետք է հստակեցնել Հայաստանի և Սփյուռքի անելիքները` քաղաքական առումով: Նախարար Հրանուշ Հակոբյանի գնահատմամբ` մեր պետության կողմից առաջին քայլն արված է: Դա նախարարության ստեղծումն է, հանձին որի սփյուռքահայն ունի մի պատուհան` պետության հետ հարաբերվելու: Հիրավի, գերատեսչության 3 տարիների աշխատանքը տվել է առարկայական արդյունքներ Հայաստան -Սփյուռք գործակցության զարգացման ոլորտում: Քննարկումների վերջնարդյունքների ամփոփումն ու ակնկալիքներն ավելի հավատընծա են նախարար Հրանուշ ՀԱԿՈԲՅԱՆԻ ներկայացմամբ. - Ուզում եմ փաստել, որ մեր նախատեսած ծրագիրն իսկապես իրականություն դարձավ: Սեպտեմբերի 18-21-ը մենք նախատեսել էինք Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների համահայկական համաժողով, որի 2 օրերը նվիրվեցին քննարկումներին: Մասնակիցները նաև ներկա գտնվեցին «Պոլսահայերի օրեր Հայաստանում» միջոցառմանը: Այնուհետև մեր հյուրերը եղան Ցեղասպանության հուշահամալիրում` իրենց հարգանքի տուրքը մատուցելով զոհերի հիշատակին, ապա Եռաբլուր պանթեոնում` խոնարհվելով մեր քաջ տղաների շիրիմներին: Քննարկումների ընթացքում 115 ելույթներ ու զեկուցումներ լսեցինք: Երկօրյա քննարկումների արդյունքում ընդունվեց հայտարարություն, որով հռչակեցինք մեր ազգային առաջնահեր թությունները: Այսօր, հավաքվելով այս սրահում, մենք մշակեցինք մեր ազգի առաջ ծառացած համազգային ամենագլխավոր խնդիրները` Հայոց պետության հզորացում, Ղարաբաղյան հակամարտության խաղաղ և միջազգային նորմերին համապատասխան վերջնական լուծումների քննարկում, Ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցերի հետևողական լուծում, հայապահպանություն և պայքար ուծացման դեմ Սփյուռքում, Հայ Եկեղեցու դերի բարձրացում և նրա շուրջը համախմբում: 115 ներկայացուցիչներ բարձրացրեցին քաղաքական, տնտեսական, մշակութային, սոցիալական, ամենատարբեր հարցեր ինչպես Սփյուռքում, այնպես էլ հայրենիքում: Ես խոստանում եմ և պարտավորվում, որ նախարարությունն առաջիկա ամիսներին կմշակի հստակ ծրագրեր` այս հարցադրումներն իրականություն դարձնելու համար: Համաժողովն, անշուշտ, կդառնա ևս մի հաստատուն քայլ, նոր հզոր խթան` Հայրենիք-Սփյուռք գործակցության շարունակական զարգացման ճանապարհին: Իրենց մտորումներով մեզ հետ կիսվեցին համաժողովի մասնակից սփյուռքահայ մեր հայրենակիցները: Ալեքսի ԳԵՈՎՃԵԱՆ-ԳՈՎՉՅԱՆ. Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի հանրապետական վարչության նախագահ. - Քննարկվող խնդիրներն, անշուշտ, չափազանց կարևոր են: Անհրաժեշտություն է Սփյուռքի և Հայաստանի միջև հարաբերությունների սերտացումը, որպեսզի մենք կարողանանք օգտակար լինել մեր մայր հայրենիքին: Հայաստանը Սփյուքի ապագան է: Պետք է միասին բոլորս աշխատենք: Ֆրանսիայում գործում է հայկական կազմակեր պությունները համակարգող խորհուրդը, և այսօր բազմաթիվ ծրագրեր ունենք: Պատրաստ ենք աշխատել: Իսկ այս համաժողովը գերազանց առիթ է, որպեսզի իրար ավելի լավ ճանաչենք և կարողանանք համատեղ աշխատել: Սփյուռքը պետք է գործի ՀՀ և Արցախի հետ: Դրա համար անհրաժեշտ է մարմիններ ստեղծել, առաջին հերթին` համակարգող խորհուրդ` Սփյուռքի և Հայաստանի միջև: Վազրիկ ԲԱԶԻԼ. Գերմանիա . - Կարևորում եմ Սփյուռք-Հայաստան գործակցությունը: Անհրաժեշտ է Սփյուռքը մոտեցնել Հայաստանին, բայց անհրաժեշտ է նաև Հայաստանը մոտեցնել Սփյուռքին: Կցանկանայի, որ այս համաժողովն արդյունավետ լինի Սփյուռքի համար: Մեր համայնքներում կան այնպիսի ընտանիքներ, որոնք նույնիսկ չգիտեն, որ նման ձեռնարկներ կան: Կցանկանայի` արդյունքները հասնեն նաև այդ ընտանիքներին և օգտակար լինեն երեխաների դաստիարակության հարցում: Հասնեն երիտասարդներին, ովքեր կրթվում են և հեռանում են հայկական կառույցներից, որովհետև համապատասխան կրթություն չեն ստանում: Դրա համար կցանկանայի, որ արդյունքը հասնի ամենացածր ընտանիքների: Արդյունքը պետք է շոշափելի լինի նաև նրանց համար: Ամենակարևորը սա է: Սարգիս ՆԱՋԱՐՅԱՆ. Լիբանան, «Մասիս» շաբաթաթերթի խմբագիր և պատասխանատու տնօրեն. - Ես մտածում եմ, որ այս համախմբվածությունը, սփյուռքահայ կառույցների և կազմակերպությունների ղեկավարների մասնակցությունը վկայությունն է հայրենիքի հանդեպ սփյուռքահայության, համայն սփյուռքի տածած սիրո: Նաև հայկական պետականությունը հզորացած տեսնելու նախանձախնդրության: Եթե այդ սերն ու նախանձախնդրութ յունը չլինեին, այս մարդիկ այստեղ չէին լինի: Երկրորդ, սա վկայութունն է համահայկական հիմնախնդիրները միասնական ջանքերով լուծելու պատրաստակամության: Հիմնախնդիրները միայն Սփյուռքինը չեն, միայն Հայաստանինը չեն, միայն Ղարաբաղինը չեն, այլ` համայն հայությանը: Հետևաբար` համայն ազգը միասնաբար կկարողանա այդ խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքներ տանել: Հուսանք` այս համաժողովը մեկնակետը կլինի այդ աշխատանքների: Արա ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. Ռուսաստանի հայերի միության նախագահ. - Իհարկե խնդրներ կան այսօր Հայաստանում, Արցախում, Սփյուռքում: Բայց գլխավոր խնդիրը մեր միասնությունն է: Պետք է բոլորս մասնակցենք երկրի կառուցմանը: Մեր ունեցած հնարավորությունները եթե միավորենք, այդ աշխատանքները ոչ թե կգումարվեն, այլ կբազմապատկվեն: Բոլորս միասին գործենք: Բոլորս էլ գիտենք` ինչ խնդիրներ, հոգսեր կան: Շատ հեշտ է մի տաք անկյունում նստել ու քննադատել: Բայց պիտի հասկանանք` ունենք անկախ պետություն, հետևաբար պետական մտածելակերպ պետք է ունենանք: Միավորվենք և խնդիրները լուծենք համատեղ ջանքերով: Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆ. ԱՄՆ, Միացյալ հայկական հիմնադրամի նախագահ, «Կալիֆոռնիա Կուրիեր» շաբաթաթերթի խմբագիր և հրատարակիչ. - Չափազանց կարևորում եմ հայության համախմբումը, քանի որ հնարավորություն է ընձեռվում` մեր ընդհանուր ազգային շահերից բխող համատեղ ծրագրեր կազմելու և իրականացնելու: Նախարարության ղեկավարությամբ հայապահպան ծրագրերին մեր բոլորի օժանդակությունը պարտադիր է: Քանի որ ջանքեր չգործադրելու դեպքում մեր քննարկումներն էականորեն կկորցնեն իրենց արժեքը: Մենք ակտիվ գործակցում ենք հայրենիքի հետ: Ես Սփյուռքի նախարարության ատյանի անդամ եմ: Որպես «Լինսի» հիմնադրամի փոխնախագահ, մեծագումար շինարարական ծրագրերի իրագործումն եմ վերահսկել: Այժմ Միացյալ հայկական հիմնադրամի նախագահն եմ: Վերջին 20 տարիների ընթացքում 600 մլն դոլարից ավելի հումանիտար օգնություն է կազմակերպվել: Այս բոլոր աշխատանքներում կարևորում եմ Հայաստանի և Սփյուռքի գործակցությունը: Իսկ մեր շաբաթաթերթը, որը ԱՄՆ¬ի ամենահին անկախ թերթն է, իր գոյության ընթացքում և այսօր էլ հայապահպանությանն ուղղված խնդիրներ է իրականացնում: Սփյուռքը ուժեղ է հայրենիքով, հայրենիքը` Սփյուռքով... Մեկ անգամ չենք աշխարհին ապացուցել, որ հայը համախմբվել ու բռունցքվել գիտի: Եվ` որ միասնության մեջ է մեր զորությունը: Հենց այս բանաձևն է մեր հզորության խորհուրդը: Ինչպես Հանրապետության նախագահն էլ վավերացրեց` Հայաստան-Արցախ-Սփյուռք միությունը սարեր կարող է շարժել: Ավելին` որոշ սարեր արդեն շարժվել են: Պատահական չէ, որ միության խորհրդանիշն էլ սար է` Բիբլիական Արարատը:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ