Անկախ պետականության երաշխավորը


Հիրավի, համազգային տոն է անկախության տարելիցը` 20-ամյա մեր անկախ Հանրապետության վերելքի, նվաճումների ու նաև բացթողումների մի յուրահատուկ հանրագումար: Անկախությունը չի տրվում, այլ նվաճվում է միայն ուժեղ կամքի տեր ժողովուրդների պայքարի շնորհիվ: Մեր անկախության ծնունդն էլ դյուրին չէր: Սրբազան պայքարն ու հաղթանակը դարձան անկախ պետականության հենասյունը: Մեզ պարտադրված պատերազմի կրակներում թրծվելով ձևավորված Հայոց ազգային բանակը դարձավ մեր պետության անվտանգության երաշխավորն ու հուսալի պաշտպանը: Հետագա 20 տարիները հայկական Զինված ուժերի համար նշանավորվեցին շարունակական զարգացումով, կատարելագործմամբ, տեղ գտած թերությունների շտկմանն ուղղված ջանքերով: Միանգամայն օրինաչափ է, որ 20-ամյա մեր բանակն իր պատրաստությունն ու ձեռքբերումները հասարակությանը ներկայացրեց Անկախության տոնին: Խրոխտ շարասյուները, զինվորների հպարտ կեցվածքը, մարտական տեխնիկան դարձան համախմբման, համազգային ոգևորության մի նո´ր խթան: Տոնը կայացավ` վերահաստատելով այն ճշմարտությունը, որ մեր բանակը սիրված ու գնահատված է հասարակության կողմից: Ու եթե անգամ ոմանք այդ օրը նորից դժգոհելու առիթ որոնեցին, այնուամենայնիվ, ոգևորությունն ու բերկրանքը համընդհանուր էին, անվիճարկելի: Այս ամենով հանդերձ` անհնար է չնկատել, որ ոմանց մոտ հանկարծ կարծրատիպ ձևավորվեց, թե զորահանդեսն այդ շուքով էր անցկացվում` ի հեճուկս ինչ¬որ մեկի կամ ինչ¬որ բանի: Անհարկի շահարկումներ, որոնք ընդամենը ջուր են լցնում հակառակորդի ու չարակամ «յուրայինների» անաղուն ջրաղացին: Վերջին օրերին հատկապես քննարկման առիթ դարձավ զորահանդեսին ռուսական 102¬րդ ռազմակայանի զորախմբի մասնակցությունը: Տպավորությունն այնպիսին է, որ դժգոհելու առիթ էին փնտրում և «հայթայթեցին» այս փաստը: Մյուս կողմից անտրամաբանական զուգահեռներ են անցկացվում հունիսի 26¬ին Բաքվում կայացած զորահանդեսի հետ: Դրա փոխարեն ընդամենը պետք է հպարտանանք մեր ձեռքբերումներով: Լրատվամիջոցներից մեկի ուղղած հարցերին ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանի պատասխանները հստակ էին և սպառիչ. - Հայաստանում տեղակայված ռուսական 102¬րդ ռազմակայանը մասնակցում է Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովմանը: Կարծում եմ` մեր հասարակության համար գաղտնիք չէ պաշտպանության ոլորտում հայ¬ռուսական համագործակցության խորը հիմքերը, իսկ զորահանդեսին Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների կողքին 102¬րդ ռազմակայանի զինծառայողների մասնակցությունը պետք չէ շահարկել: Սեպտեմբերի 21¬ին կայանալիք զորահանդեսն ի ցույց է դնելու Հայաստանի անկախության 20 տարիների ընթացքում բանակաշինության ձեռքբերումները: Ինչ վերաբերում է ծախսերին, ապա մեծ ծախսեր չեն կատարվել, քանզի ցուցադրվում է այն, ինչ արդեն կա Հայաստանի զինված ուժերում: Կարծում եմ` շահարկումների փոխարեն պետք է ուրախանանք մեր հաղթանակով ու կայացած բանակի հաջողություններով: Ինչ վերաբերում է որոշ լրատվամիջոցներում տեղ գտած այն տեսակետներին, թե իբր սեպտեմբերի 21¬ին կազմակերպվելիք զորահանդեսը պատասխանում է Ադրբեջանում տեղի ունեցած զորահանդեսին, կարծում եմ, նման մեկնաբանությունները տեղին չեն թեկուզ միայն այն պատճառով, որ հայկական բանակն իր ուժը և մարտունակությունը ցույց է տալիս ոչ թե միայն զորահանդեսներում, այլ այն ապացուցել և ապացուցում է գործնականում: Իհարկե, սպասելի էր և հակառակորդի արձագանքը: Վերջին օրերին ադրբեջանական մամուլը չէր կարող չբարբաջել մեր տոնախմբությունից: - Արդեն նույնիսկ չեմ զարմանում նրանց բարձրացրած աղմուկից: Շատ դեպքերում նրանց դիրքորոշումը տարօրինակ է, ոչ ընկալելի: Ադրբեջանը գրեթե ամեն տարի, երբեմն տարին 2 անգամ զորահանդես է անցկացնում: Նրանք լուծում են PR¬ի, իրենց տեխնիկան աշխարհին ցույց տալու, մեզ իբր ահաբեկելու, ներքին լսարանին ինչ¬որ բան ապացուցելու խնդիրներ: Մենք նման խնդիրներ չենք լուծում: Մեր զորահանդեսն իսկապես բացառիկ էր` ոչ թե մեծաքանակ անձնակազմով կամ զինտեխնիկայով (ինչպես շատերը փորձում էին մեկնաբանել), այլ կազմակերպչական մակարդակով: Մեր պատրաստվածության, զինտեխնիկայի մասին հնչող գնահատականներն ուղղակի խոսքեր չեն: Ապացույցը` սեպտեմբերի 12¬ի 2 հիանալի փաստերը. Աստրախանում կայացած զորավարժությունների ժամանակ մեր ունեցած հաջողությունները և ադրբեջանական անօդաչու սարքի ոչնչացումը,- մեկնաբանում է ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ