Մինչև վերջ տանենք անկախության խաչը


Մեծ շուքով ու վայելչորեն տոնեցինք Հայաստանի անկախության 20¬րդ տարելիցը: 20 տարի: Մեկ ակնթարթ և մի ամբողջ հավերժություն, որը հաղթահարեց մեր ժողովուրդն` անկախության ձեռքբերման և ինքնահաստատման դժվարին ճանապարհին: Իհարկե անցած տարիներին եղել են խարխափումներ և տեղապտույտ, բազմաթիվ սխալներ ու թերացումներ, ինչը ևս հասկանալի է, որոշ չափով` օրինաչափ, քանզի նորանկախ հանրապետության առաջին ղեկավարները չունեին անհրաժեշտ փորձառություն: Ժողովրդի հոգեբանությունում արմատացած կարծրատիպերը փոխելու հրամայականն է´լ ավելի խրթին էր դարձնում պետականության կերտումը, երկրի զարգացման բնականոն ուղիով ընթանալու գործընթացը: Օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով` անցած տարիներին ժողովրդի կրած բազում զրկանքներն ու տառապանքները ոմանց առ այսօր թույլ չեն տալիս ըստ արժանվույն գնահատել անկախության իրական արժեքը: Եվ հենց դա է պատճառը, որ հարյուր հազարավոր մարդիկ, չդիմանալով անցողիկ դժվարություններին, լքեցին հայրենիքը: Իհարկե, ոչ նախկին տեմպերով, արտագաղթը մինչ այսօր շարունակվում է: Ասել է թե` ժողովրդի մի ստվար մասը դեռ չի վերականգնել կորսված հավատն առ այն, որ ի վերջո մեր երկիրը լինելու է զարգացած ու քաղաքակիրթ, և մարդիկ ապրելու են բարեկեցիկ կյանքով: Այո, հայաստանցիներս շատ ծանր տարանք ոգևորության բարձունքից հիասթափության անդունդը գլորվելու հոգեվիճակը: Գուցե մեր ժողովրդի մի հատվածը չհասկացավ (և ցավոք մինչ այսօր էլ չի հասկանում), որ որքան դժվար էր անկախութ յան ձեռքբերումը, տասնապատիկ դժվար էր լինելու դրա ամրապնդումը, ուժեղ պետականության կերտումը: Եթե դեռ հեռավոր 1991¬ին ընկալվեր այս իրողությունը, մարդիկ պատկերացնեին, թե ինչ փշոտ ճանապարհ են անցնելու, ապա հավատ կոտրող հիասթափությունից կարելի էր զերծ մնալ: Երկրի կտրուկ աղքատացումը, սոցիալական անտանելի պայմանները մեր բնակչության զգալի մասի մեջ արմատավորեցին այն թյուր կարծիքը, թե Հայաստանը քաղաքակիրթ երկիր դառնալ չի կարող, ուրեմն կկորցնի պետականությունը և կդառնա որևէ գերտերության գաղութ: Այս ազգակործան հուսալքությունը «ամբողջացրեցին» բոլոր 20 տարիների ընդդիմությունը, որոնք առաջնորդվելով ոչ թե հայրենիքի, այլ իշխանության գալու սեփական շահերով, է´լ ավելի թեժացրեց բարոյալքության մթնոլորտը: Բնականաբար, հաշվի չէր առնվում համաշխարհային պատմության փորձը: Այն, որ անկախություն ձեռք բերած համարյա բոլոր ժողովուրդներն էլ անցել են բազում խոչընդոտներով լի, փշոտ ճանապարհ: Մարդկության ոչ վաղ անցյալի փորձից հայտնի է, որ գաղութային լծից ազատագրված երկրների մի մասը անկախության առաջին տարիներին մատնվել է քաոսի և խառնաշփոթի, սովի և համաճարակի, հաճախ սկիզբ են առել արյունալի քաղաքացիական պատերազմներ, եղել են հազարավոր-միլիոնավոր անհեթեթ և անիմաստ զոհեր, տնտեսական և քաղաքական ճգնաժամերը հաջորդել են իրար, տեղի է ունեցել հսկայական չափերի հասնող արտագաղթ: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ այդ երկրների ազգաբնակչությունը կամա թե ակամա երազել է գաղութատերերի վերադարձը, որոնց տիրապետության օրոք ապրել է քիչ թե շատ տանելի կյանքով: Սակայն վաղ թե ուշ ծանր փորձությունների շրջանը հաղթահարվել է, և այդ երկրները մտել են բնականոն զարգացման հուն: Այնպես որ, անկախության սկզբնական տառապալից փուլն անցնելը միայն մեր երկրի «մենաշնորհը» չէր: Այլ հարց է, որ այն կարելի էր մեղմել, ավելի կարճ ժամկետում հաղթահարել, եթե հնարավոր լիներ խուսափել ճակատագրական նշանակություն ունեցող որոշ սխալներից: Ինչևէ, մակընթացությունների և տեղատվությունների, հույսերի և հուսալքության, հաղթանակների և պարտությունների 20 տարում հաջողվեց պահպանել ամենակարևորը` անկախությունը, արցախյան փայլուն հաղթանակով ազատագրված Արցախով հանդերձ: Անկախության բուն արժեքը մեր հոգում բարձր պահելու համար անհրաժեշտ է զերծ մնալ բարոյալքությունից և դատապարտվածության զգացումից: Հարկ է անցողիկ դժվարությունները սահմանազատել մնայուն, գերագույն արժեքներից, վստահությամբ, հավատով նայել ապագային, որն անկասկած մերն է լինելու: 20 տարվա փորձառութ յամբ, բայց ինքնահաստատման ճանապարհը լրիվ չհաղթահարած, դեռ բազմաթիվ հիմնախնդիրների առջև, մարտահրավերներին դեմ¬հանդիման, պետք է չմոռանանք, որ ազատության ծանր խաչը մինչև վերջ տանելու առաքելությունը իրագործելով միայն արժանի կլինենք վայելելու դրա պտուղները, հաստատելու արժանապատիվ ապրելու և աշխարհին մեր ամբողջ շուքով ներկայանալու իրավունքը: