Վերագտած հայրենիքի կարոտով


Հայոց եղեռնի անմարդկային սարսափները չխնայեցին Սև ծովի ափին, Ունիայում մանկությունը թաղած ութամյա Զարեհին: Բռնագաղթի ճանապարհին, մինչև Մալաթիա հասնելը կորցրեց բոլոր հարազատներին` արյունալի նախճիրներից մազապուրծ ծվարելով Սամսունի ամերիկյան որբանոցում, ապա տեղափոխվելով Հունաստանի Կորֆու կղզու որբանոցը: Այստեղ էլ նկարչության դասեր է ստանում և սովորում ջութակ նվագել: Մխիթարյան հայրերից քաղում է մայրենիի հիմնավոր դասեր և հստակ ձևավորված նկարչական ձիրքը զարգացնում Միլանի «Բրերա» գեղարվեստի ակադեմիայում: 1933-ին Միլանի նկարիչների տանը բացվում է Զարեհ Մութաֆյանի առաջին անհատական ցուցահանդեսը: Շվեյցարիայում բնակվելու 5 տարիներին 2 անհատական ցուցահանդես է ունենում Ժնևի «Աթենե» պատկերասրահում: 1938-ից հաստատվում է Փարիզում, ընտանիք կազմում և դառնում ֆրանսիական գեղանկարչության ինքնատիպ գույներից մեկը, մասնակցում «Անկախների» և «Աշնան» սալոններին, կազմակերպում տասնյակից ավելի անհատական նոր ցուցադրություններ Փարիզում, Բեյրութում, Միլանում, Նյու Յորքում, Լոս Անջելեսում և այլուր: Եվ, արդեն մեծ ճանաչում գտած օտար ափերում, սփյուռքահայ արվեստագետներից առաջինների թվում 1967-ին այցելում մայր հայրենիք: Փայփայած հանդիպումը հայրենի բնաշխարհի հետ ստեղծագործական անսահման եռանդ է ներշնչում վրձնով ու գրչով իր պատկերավոր մտածողության արտահայտություններով ուշագրավ արվեստագետին: Հրայրքոդ սիրո ջերմ գույներով վրձնում է լեռների գրկում վեր խոյացող վանքեր, ձյունածածկ ու նախշազարդ բնապատկերներ, կապուտակն Սևանի բանաստեղծական պատկերներ… Առավելապես ամայի, բայց կարմիրի, դեղինի ու կանաչի կախարդիչ զուգորդումներով կենսահաստատ, թեպետև մենության ու կարոտի ներքին ալեկոծումներով շաղախված: Այսօր, երբ շրջում ես նկարչի 100-ամյա հոբելյանի առիթով Ազգային պատկերասրահում որդու` ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Արմեն-Կլոդ Մութաֆյանի (Մարսելում այս տարի նրա իրականացրած «Հայոց մոգական գիրը» ցուցահանդեսը ճշմարիտ հայասիրության ակնածելի հավաստիքն է) շնորհիվ հավաքված մոտ երեք տասնյակ կտավների ցուցասրահներում, անկարող ես լինում թաքցնել խանդավառությունդ երփնագիր բանաստեղծություններից քեզանում արթնացած վառվռուն տրամադրության: Հայրենիքի առարկայացած սերն է ամփոփված «Էջմիածին», «Արարատը աշնանը», «Տաթև», «Մաքրավանք. ձմեռ», «Ելք եկեղեցուց» և մի շարք այլ կտավներում: Ուրախ գույներով աչք են շոյում «Ոսկե աշուն», «Անտառում», «Բացատ», «Ճանապարհ անտառում», «Աղբյուրի մոտ» աշխատանքները: Ջրային տարերքի խաղաղ քնարականությամբ են համակում «Երիտասարդները ծովափին», «Լուսնկա գիշեր. Սևան», «Մայրամուտ. ձկնորսներ», «Նավակներ ծովափին», «Ծովային տեսարան», «Մայրամուտ ծովում», «Առագաստանավեր» նկարները: Զարեհ Մութաֆյանի` ուրույն արտահայտչալեզվով մարմնավորված ներքին հարուստ բովանդակությամբ չափածո քերթվածքին համարժեք ստեղծագործության նմուշներին հարկ է անմիջականորեն հաղորդակցվել: Բառերով անկարելի է ճշգրիտ վերարտադրել դրանց արթնացրած բոլոր զգացողությունները:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ