Համարյա` երբ գողը գոռում է` բռնեք գողին…


 

Երևանի Շինարարների փողոցում գտնվող «Անգելինա» հագուստի խանութի տնօրենն օրերս ահազանգել է ոստիկանություն, որ ժամը 17.00-ի սահմաններում մի կին խանութից գողություն է կատարել, ապա ծեծի ենթարկելով գանձապահին` գողոնով հանդերձ դիմել է փախուստի:

Ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 22.00-ին, հանցագործությունը կատարելու կասկածանքով Արզումանյան փողոցի մի բնակարանից բերման է ենթարկվել 30-ամյա Լիանա Սիմոնյանը:

Ոստիկանները չէին սխալվել, իսկ Սիմոնյանն էլ շատ չեմուչում չարեց և օրենքի պահապանների մի քանի անսպասելի հարցերից հետո ստիպված էր խոստովանել հանցանքը:

Պարզվեց, որ նա գնումներ կատարելու պատրվակով մտնելով հիշյալ խանութ` գաղտնի հափշտակել է կանացի սպորտային զգեստ, իսկ երբ գանձապահը կնոջ հեռանալու պահին նկատելով նրա շփոթմունքն ու կասկածելի վարքագիծը խնդրել է ցույց տալ տոպրակի պարունակությունը` անծանոթուհին մեծ աղմուկ է բարձրացրել, ամոթանք տվել իր «անվան հետ խաղալու», իրեն հանիրավի մեղադրելու համար և վիճաբանության ժամանակ ձեռքով մի քանի հարված հասցնելով` արագ հեռացել է:

Լիանան, հավանաբար, դեռ շատ կխորհի իր այս անմիտ ու անհեռանկար քայլի մասին, և համոզված ենք` կգա այն ճշմարիտ համոզման, որ ուրիշ ոչ ոք, այլ հենց ինքը «խաղաց իր անվան հետ»:

Գողոնն առգրավված է:   Կատարվում է նախաքննություն: